Մեդիան տեղեկատվությունը հասցնելու ամենաարագ և արդյունավետ միջոցն է։ Այն բազմաշերտ և բազմաֆունկցիոնալ է․ ձևավորում է երկխոսության դաշտ պետության և հասարակության միջև, համագործակցում է ՔՀԿ-ների հետ, որոնք հասցեագրում են հանրությանը հուզող խնդիրները և նպաստում սոցիալական փոփոխությունների իրագործմանը:
Ժողովրդավարության զարգացմանը զուգահեռ մեծացել է վերջինիս դերը և նշանակությունը հասարակության կյանքում։ Ժամանակակից աշխարհում մեդիայի զարգացումը տեղի է ունենում մի քանի ուղղություններով․ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջխաղացմամբ ընդլայնվել է մեդիայի տարածման աշխարհագրությունը, վերջինիս լսարանը և դարձրել առավել մատչելի և բազմաբովանդակ։ Ընդլայվել է մեդիա դաշտում գործող լրատվամիջոցների տեսակները։ Տպագիր մամուլին, հեռուստատեսության և ռադիոյին զուգահեռ զարգացել է առցանց մեդիան՝ տեղեկատվական դաշտ բերելով անհատ լրագրողների, բլոգերների, քաղաքացի լրագրողների և այլն։ Այս զարգացումներն էլ իրենց հերթին ստեղծել են ապատեղեկատվության տարածման և մեդիա մանիպուլյացիայի ռիսկեր։ Համացանցի և սոցիալական մեդիայի տարածումը խթանել է տեղեկատվական հոսքի ներթափանցումը հասարակություն՝ ստեղծելով լրացուցիչ անհրաժեշտություն վերջինիս կրթելու և տեղեկությունների ստուգման նոր գործիքներ ստեղծելու։
Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս մեդիան զարգանում է՝ ստեղծելով նոր հնարավորություններ, զուգահեռաբար նաև մարտահրավերներ․ համացանցի և սոցիալական մեդիայի զարգացումը հնարավորություն ստեղծեց հակակշռել կողմնակալ և ուղղորդված տեղեկատվությունը այլընտրանքային մեդիա արտադրանքով։ Սակայն այս հնարավորությունները նպաստեցին նաև ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածմանը, ինչին հակազդելու ամենաարդյունավետ մոտեցումներից է մեդիա գրագիտությունը, քննադատական մտածողությունը և որակյալ մեդիա արտադրանքը։ Այդ իսկ պատճառով ԵՀՀ որդեգրել է երկու հիմնական ուղղություն. մեդիա կազմակերպությունների կարողությունների զարգացում որակյալ և անաչառ մեդիա արտադրանք ստեղծելու, ինչպես նաև մեդիա սպառողների կարողությունների բարձրացում՝ ապատեղեկատվությունը վերլուծելու և զատելու նպատակով։ Այս երկու ուղղությունների հիմնական մոտեցումն է աջակցել մեդիա արտադրողին և սպառողին տեղեկատվական մանիպուլյացիաներից խուսափելու համար։
Շուրջ 10 տարի ԵՀՀ-ն աշխատում է Հայաստանի մեդիա դաշտում։ ԵՀՀ-ի տրամադրած դրամաշնորհներով լրատվամիջոցները և անկախ լրագրողները ստեղծում և տարածում են անկողմնակալ և այլընտրանքային մեդիա արտադրանք հանրային հնչեղության և կարևորության հարցերի շուրջ։ Զուգահեռաբար ԵՀՀ ստեղծել է նոր մեթոդներ և գործիքներ՝ մեդիա սպառողների քննադատական մտածողությունը զարգացնելու ուղղությամբ։
ԵՀՀ-ն ավանդաբար 2010-ից ի վեր աշխատում է երեք ուղղությամբ. ա) զարգացնելու քաղաքացիական մեդիա գործունեությունը («ես եմ մեդիան»), բ) աջակցելու մասնագիտական մեդիաների այն ծրագրերին, որոնք այլապես չէին իրագործվի, գ) լինելու մեդիա և հայաստանյան մեդիաներին դարձնել իր պես ամուր և կարող:
Մուլտիմեդիա զարգացող ժանրերը, փաստերի ստուգումը, հետաքննական լրագրությունը, տվյալների հեղափոխությունը բոլոր այն թեմաներն են, որոնց անդրադառնում են ԵՀՀ-ն և գործընկեր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մեդիաներին իրենց աջակցության ծրագրում:
Քաղաքացիական մեդիա գործունեությունը զարգացնելու նպատակով, ԵՀՀ-ն մարզային իր գործընկերների օգնությամբ զարգացրել է ցանց՝ «Ինֆոտների» համակարգը: Այս կառույցներն օգնում են քաղաքացիներին, մանավանդ երիտասարդներին, դառնալ մեդիա. զարգացնել համացանցում, սոցիալական ցանցերում իմաստավոր գործունեություն ծավալելու իրենց հմտությունները. կրթվել մեդիագրագիտության և քննադատական մտածողության ասպարեզներում. իրենց քաղաքացիական մեդիա գործունեությամբ՝ ազդել տեղական ինքնակառավարումն ավելի «ներևից վերև» դարձնելու վրա, հասցեագրել մարդու իրավունքները, թափանցիկությունը և համախմբել քաղաքացիներին՝ կարևոր և դրական ռեֆորմներ իրագործելու նպատակով:
Ինֆոտների համակարգը համալրվում է «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարի ամենամյա միջոցառումներով. այստեղ երիտասարդները սովորում են հատուկ տեխնոլոգիա՝ լինել կրեատիվ և նորարար, և ծնում են իրենց համայնքների կարիքները հասցեագրելու նորարար գաղափարներ, որոնց հետո աջակցություն է ցուցադրվում, և որոնք իրագործվում են:
Այս համակարգն ամրապնդվում է «Քննադատական մտածողության դպրոցի» ամենամյա դպրոցներով: ԵՀՀ-ն Հայաստանում քննադատական մտածողության զարգացման առաջատարներից է. այդ թեմայով նա ստեղծել է մի շարք տեսանյութեր և, առայժմ, մի կարևոր գրքույկ:
Տվյալ ուղղությամբ ԵՀՀ-ի իրականացրած աշխատանքին ծանոթանալու համար սեղմել այստեղ։