Թեմա. Ինչպե՞ս պահել քեզ, եթե տունդ ներխուժման էենթարկվում, իսկ ներխուժողը ոստիկան է
Սա Սիվիլնեթի` 2016 թվականի հուլիսին նկարած հայտնի տեսաշարն է: Մեր ռադիոլսողները միայն ձայնն են լսում, բայց ձայնն էլ, թերևս, հերիք է իրադարձությունները վերհիշելու համար: Պատկերացրեք՝ դուք ոչ մի կապ չունեք ո՛ չ ցուցարարների, ո՛ չ ոսիտականության, ո՛ չ էլ ՊՊԾ գունդը գրաված մարդկանց հետ… պարզապես տանը նստած՝ հեռուստացույցով հետևում եք իրադարձություններին ու հանկարծ ձեր բնակարանն է դառնում այդ իրադարձությունների էպիկենտրոնը: Ի՞նչ անել երբ տունդ ոստիկան է ներխուժում, ինչպե՞ս հասկանալ՝ ներխուժողը ոստիկան է… ինչպե՞ս վարվել նման իրավիճակում: Մեր այսօրվա հյուրը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանն է, ով դեքպերի հաջորդ օրը եղել է Սարի թաղի այդ բնակարաններում և շփվել մարդկանց հետ… Ոստիկանությունը ներխուժումը հիմնավորում է «օպերատիվ անհրաժեշտությամբ», իսկ մենք խոսելու ենք մարդու և իր սեփականության անձեռնմխելության իրավունքի մասին:
Մի փոքր խոսենք այն մասին, որ երկրում արտակարգ դրություն հայտարարված չէր, եւ ոստիկանները մուտք գործեցին այնպիսի մարդկանց տներ, որոնք, կարծես, ցույցի ակտիվ մասնակիցները չէին, այսինքն՝ իրենք իրենց տանը նստած, հանկարծ ոստիկանական գործողությունների, այսպես ասած, զոհ դարձան: Վիրավորներ ունեցանք, ինչպես Սայադ Հարությունյանը, ով աչքը կորցրեց, բայց նա ընդամենը գնացել էր իր բարեկամներին այցելելու: Արդյոք այս միջադեպը կարելի՞ է անձի անձեռնմխելիության խախտման ցայտուն օրինակ համարել, եվ այս պարագայում ի՞նչ պետք է անի ՀՀ քաղաքացին, եւ ինքնապաշտպանության ի՞նչ նորմեր են սահմանված:
– Երբ ինչ-որ մեկը հանկարծ ռմբահարում է իր բնակարանը: Սա շատ դիպուկ էր Սարի թաղի դեպքերի համար: Ես եղել եմ Սարի թաղի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել այդ տխրահռչակ իրադարձությունը, եղել եմ 7-8 բնակարանում, մարդիկ ահաբեկված էին: Մի բնակարանի վրա, որտեղ 2 տարեկան 2 ամսական երեխա կար, ռումբ էր ընկել, եւ երեխան վնասվածքներ էր ստացել: Ես, իհարկե, չեմ տեսել այդ երեխային:
– Եվ ոչ ոք ոչ մի հիվանդանոցում չգտավ այդ օրերին այդ երեխային:
– Տան շուրջ ես տեսել եմ նետված ռումբերից այրվածքները: Կային նաեւ շատ տներ, որտեղ ոստիկաններն ուղղակի ներխուժել եւ որսում էին ցուցարարներ: Օրինակ, Հովսեփ Խուրշուդյանի հայտնի դեպքը, երբ նա չի էլ եղել այդ օրվա հավաքին, ուշացումով է եկել, երբ այդ ամենն արդեն տեղի էր ունենում: Նա ինչ-որ մեկի տանն է եղել, երբ ոստիկանական մի զինված գումարտակ հարձակվել, եւ, որքան տեղյակ եմ, բռնություն են կիրառել: Այսինքն՝ մուտք էին գործել տուն, որտեղ ապրում էին մարդիկ, եւ նրանք պատսպարել էին Հովսեփին, ով կարճ ժամանակով հայտնվել էր այնտեղ: Նաեւ ներխուժում էին տներ, եւ ի՞նչ պետք է անեն մարդիկ այդ զինված ոստիկանական խմբերի դեմ, ի՞նչ կարող էին անել: Սովորաբար ոստիկանությունը պետք է պաշտպանի մարդկանց, մարդիկ պետք է դիմեին ոստիկանություն, բայց հենց ոստիկանության զոհն են իրենք: Հայաստանում քաղաքացին չունի այն գիտակցությունը, պատրաստ չէ նրան, որ ոստիկանը պետք է պաշտպանի իրեն: Որեւէ մեկի մոտ չկա այդպիսի մտածողություն, հետեւաբար մարդիկ իրենք պետք է ինքնապաշտպանվե՞ն, ես չգիտեմ:
– Եթե չեմ սխալվում, Հայաստանում շատ խիստ է դրված ինքնապաշտպանութան օրենքը. եթե քեզ վրա դանակով են հարձակվում, ապա միայն դանակով իրավունք ունես ինքնապաշտպանվել, այսինքն՝ հավասար զինատեսակներով:
– Դու կարող ես պաշտպանվել, բայց Հայաստանում արդարադատություն գոյություն չունի, եւ ընտրովի մոտեցում է՝ թե որ դեպքում ում արարքը կարելի է համարել ինքնապաշտպանություն, որ դեպքում՝ ոչ: Կարծում եմ, որ Սարի թաղի այդ դեպքերի պարագայում բնակիչների գործողությունները չէին ընկալվի որպես ինքնապաշտպանություն: Սա մի ահավոր ագրեսիա էր բնակչության դեմ, եւ այդ ինքնապաշտպանությունը Ձեզ մոտ շատ ճիշտ է ձեւակերպված Սարի թաղի դեպքում, որովհետեւ բնակչությունը 3 օր զրկված էր ջրից, լույսից եւ գազից: Մարդիկ պատմում էին, որ երբ լույսերն անջատված էին, այդ կրակոցները, ռումբերի նետումը այնպես էին ահաբեկել իրենց, որ մտածել էին, թե կարող են գազի խողովակները պայթել, եւ աղետը շատ ավելի մեծ կլիներ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակում են եղել, եւ որեւէ կերպ չեն կարող ինքնապաշտպանվել:
– ՀՀ գործող օրենսդրությունն անձի անձեռնմխելիության համար ի՞նչ է ենթադրում եւ այդ նույն օրենսդրությամբ ի՞նչ կարող էին անել Սարի թաղի կամ այլ համայնքների բնակիչները, ՀՀ քաղաքացիները, ի՞նչ իրավունքներ ունեն օրենքով սահմանված:
– Ես կարծում եմ Սարի թաղի այդ դեպքերի ժամանակ ոչինչ չէին կարող անել, ինչպես հիմա՝ մեկ տարի անց, չեն կարողանում անել, երբ հարուցված են քրեական գործեր, բայց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Նրանք պետք է դիմեին իրավապահ մարմիններին, որ իրենց տուն ռումբ են գցել: Բայց պատկերացնո՞ւմ եք այդ ապօրինի գործողությունների պահը, երբ ոստիկանությունն ամբողջությամբ թողտվության մեջ է, երբ լրագրողներ է հավաքում մի անկյունում, նրանց վրա ռումբեր է նետում, մնացած բնակչությանն է ահաբեկում, քաղաքացիական հագուստով անձինք են կցված ոստիկանությանը, որոնք ծեծում եւ ջարդում են մարդկանց: Կարծում եմ, որ շատ անպաշտպան էր քաղաքացին այդ օրը: Հենց Սարի թաղի բնակչությունը չափազանց անպաշտպան էր այդ օրը եւ օգնություն չէր կարող ստանալ որեւէ մեկից: Պետությունը, որը մտածված եւ դիտավորյալ քաղաքացուն եւ լրատվամիջոցներին բռնության, խոշտանգման էր ենթարկում, չէր օգնի իր քաղաքացուն: Հետո, իհարկե, միջազգային հանրությունը եւ տեղական հասարակական կազմակերպությունները դատապարտող հայտարարություններ եւ քննադատություններ արեցին, գնահատականների հնչեցրին ոստիկանության հասցեին, աղմուկ բարձրացավ, բայց մենք ի՞նչ արդյունք ունեցանք: Եղավ այն, որ Սերժ Սարգսյանը խորհուրդ տվեց լրագրողներին մոռանալ այդ ամենը, փոխանակ կոչ աներ, որ պատժվելու են: Ես այցելել եմ հիվանդանոցներ եւ տեսել եմ, թե առաջին կարգի ինչ այրվածքներ են ստացել լրագրողները եւ քաղաքացիները: Հասկանալի է, որ իշխանությունը բռնության միջոցով է պահում իր իշխանությունը եւ որեւէ մեկին չի պատժում հենց դրա համար:
– Իսկ մենք ունեցա՞նք /չհասկացա՝ հարցական, թե հաստատական նախադասություն է / մի այնպիսի նախադեպ, որ այս տուժած կողմից որեւէ մեկն իր անձի անձեռնմխելիության խախտման հետ կապված շատ հետեւողականորեն եղավ մինչեւ վերջ ու անգամ փորձեց գործը հասցնել Եվրադատարան: Իմ կարծիքով, նաեւ հասարակության իրազեկության ցածր մակարդակը, իրավապահ մարմինների հանդեպ հավատի բացակայությունը, նաե դրա քարոզը ստիպում է, որ հասարակության այս կամ այն անդամը մտածի, որ որեւէ բան չի լինելու, սա իշխանության գործիքն է եւ այլն: Ի՞նչ տեսանք, եւ ի՞նչ անի քաղաքացին այս պարագայում:
– Մենք ունեցել ենք այդպիսի առանձին դեպքեր, բերենք հենց լրագրողների օրինակը, որոնք հետեւողական են կամ հետեւողական չեն: Բայց կոնկրետ հիմա լրագրողական կազմակերպությունները խիստ հետեւողական են բացահայտելու այդ ծանր վնասվածքներ ստացած լրագրողների եւ ոչ միայն լրագրողների գործերը: Բայց գործը տեղից չի շարժվում: Պարզ է, որ երբ գործը հայտարարվի ավարտված, եւ՛ լրագրողները, եւ՛ կազմակերպությունները շարունակելու են պայքարել: Որոշ քաղաքացիներ կդիմեն Եվրադատարան, որովհետեւ Հայաստանում եթե որեւէ գործ դրական արդյունք է ստանում, ապա ՄԻԵԴ-ի շնորհիվ: Հետեւողականությունն այստեղ այս կտրվածքով կարող է լինել, մնացած դեպքերում չի կարող: Այնպես չէ, որ այստեղ քաղաքացու հետեւողականությունն է պակասում: Սա զանգվածային բռնություն է, շատերն են ներգրավված: Նույնը եւ «էլեկտրիկ Երեւանի» դեպքում՝ ոչինչ եւ ոչ մեկին չեն բացահայտում: Ուզում են սա նորմ դարձնել՝ եթե քեզ ոստիկանը ծեծում, բռնության է ենթարկում, դու պետք է ընդունես դա որպես նորմ:
– Օրենսդրությունն ի՞նչ է ասում անձի անձեռնմխելիության հետ կապված, եւ, իմ տպավորությամբ, եթե լինեն շատ բարձր իրավագիտակցություն ունեցող եւ հենց իրենց իրավունքների ոլորտին, օրենսդրությանը տիրապետող քաղաքացիներ, ինչ-որ բան կփոխվի: Խոսենք հասարակության անելիքների մասին, թե ՀՀ քաղաքացիներն ինչ վարքագիծ դրսեւորեն, եթե այդպիսի իրավիճակում հայտնվեն: Մենք տեսնում ենք, որ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ առնչվելիս քաղաքացիների գիտելիքները մի փոքր աճել են, կան բավականին տեսանյութեր, որտեղ ՃՈ աշխատակիցը լռում է եւ բարի ճանապարհ մաղթում, կամ նրան աշխատանքից են հեռացնում: Հիմա եթե ազգովի սկսեն այսպես վարվել, իրենց տուն մտած ոստիկանների հետ ի՞նչ խոսեն, ի՞նչ ասեն:
– Ես կուզեի բերել ՍիվիլՆեթի լրագրող Արփի Մախսուդյանի օրինակը: Գիտեք, որ վաղ առավոտյան ոստիկանները ներխուժել էին նրանց բնակարան, ուզում էին խուզարկություն կատարել, ինչ-որ մեկին էին փնտրում, ընդ որում՝ ապօրինի, առանց օրդերի: Մախսուդյանը բավականին կոպիտ եւ գռեհիկ խոսակցության մասնակից է դարձել, բայց կարողացել էր մի կերպ խուսափել՝ ասելով, որ փաստաբանին կհրավիրի: Շատ լավ էր, որ նա հրապարակային խոսեց այդ մասին: Եթե քաղաքացիները թիրախ են դառնում որեւէ բռնության, անօրինականության, պետք է բարձրաձայնեն, հրապարակային դարձնեն դեպքը եւ դիմեն ոստիկանություն: Երկրի ղեկավարը պետք է սատարի իր քաղաքացուն, երբ բռնություն է կատարվել, բայց Սարի թաղի դեպքերից հետո էլ նա չի ասում, որ պատժվելու են մեղավորները: Քաղաքացուն ի՞նչ է մնում անել, երբ մահակներով, ռումբերով նրա վրա են հարձակվել, եթե նույնիսկ լրագրողը չգիտի՝ ինչ անել, դա փակուղի է, անպաշտպան է մարդն այս ոստիկանության առջեւ, որից միայն բռնություն ենք տեսնում: Օրինակ, «Լրագիր»-ի օպերատորի ոտքերը համարյա ջարդել էին, նույնիսկ գետնին ընկած վիճակում մահակներով շարունակում էին խփել:
– Այսինքն՝ բոլոր գործողությունները հնարավոր է Պոստ ֆակտում՝ ծեծից հետո պահանջել պատասխանատվություն:
– Անգամ այդ ժամանակ չկա պատասխանատվության հարցը: Նաեւ դրսից միջազգային կազմակերպություններն են հորդորում բացահայտել: Չկարծեք, թե ես առավելություն եմ տալիս լրագրողին սովորական քաղաքացիների նկատմամբ, ուղղակի լրագրողն ավելի երեւացող է եւ մարդ է, որը մեզ օբյեկտիվորեն տեղեկացնում է կատարվածի մասին: Մի քանի հեռուստաընկերություններ նույնիսկ ուղիղ հեռարձակում էին ապահովում դեպքի վայրից, եւ ոստիկանությունն այդ բռնությունները կիրառում էր ուղիղ եթերում: Այսինքն՝ նա վստահ էր, որ պիտի կիրառի այդ բռնությունը եւ կիրառում էր, որովհետեւ ոստիկանությունն է պաշտպանված այս երկրում, այլ՝ ոչ թե քաղաքացին: Ամեն դեպքում, քանի որ սա զանգվածային իրադարձություն էր, շատ խոսվեց, գրվեց, հրապարակվեց: Քաղաքացին գոնե հիմա պիտի ստանար այդ պաշտպանությունը, փոխհատուցումը: Կարծում եմ, որ որոշ դեպքերով Եվրադատարանում հաջողություններ կլինեն: Խիստ ցածր է ոստիկանության վարկը, հեղինակազրկված է, երեւի սա էլ է արդյունք:
Սա դեռ ամենը չէ,հարգելի՛ ռադիոլսղոներ: Մենք դեռ մի քանի րոպե էլ ունենք, որոնք կօգտագործենք հետևյալ կերպ. հեռախոսով մեզ է կմիանա փաստաբան Արսեն Մկրչյանը, ով ,աշխատանքի բերումով, տասնյակ անգամներ առընչվել է անձի անձեռնմխելության իրավունքի խախտման դեպքերերի հետ և հիմա կարևոր կիրառական խորհուրդներ կտա, թե ինչպես պահեք ձեզ նման իրավիճակներում, որպեսզի հետագայում, ձեր իրավունքը խախտած անձանց գործողությունները դատարանում բողոքարկելիս, գործը հաղթելու հավանականությունն էականորեն մեծանա:
Ոչ մի իրավունք, որ նախատեսված է Եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, չի կարող սահանափակվել այլ կերպ, քան դա նախատեսված է օրենքով: Ամեն օր Սարի թաղ չի լինում, բայց ցանկացած օր կարող է ոստիկանը թակել ձեր դուռը եւ զենքով կամ առանց զենքի ասել, որ ձեզ ենթարկում է բերման. Դրանք արդեն այդ իրավիճակի ածանցյալներն են: Այստեղ շատ կարեւոր է, որ ցանկացած անձ, որի դուռը ծեծել են կամ ցանկանում են բերման ենթարկել, հստակ պատկերացնի Քրեական դատավարության 153-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, այսինքն՝ բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա: Նորմը նախատեսում է, որ պետք է լինի որոշում, հետեւաբար ցանկացած անձ, որի տուն են մտել կամ փողոցում մոտեցել եւ ասել են, որ պետք է տանեն Ոստիկանություն, պետք է հարցնի, թե կա որոշում կամ այլ հիմքեր բերման ենթարկելու համար: Նա իրավունք ունի տեղեկացված լինելու այդ որոշման մասին, որոշումը կայացնող անձի մասին: Եվ հենց տեղեկացված լինելու առաջին պահից քաղաքացին ստանում է իր իրավունքը պաշտպանելու առաջին գործիքը: Նրա առաջին քայլը պետք է լինի նախ հասկանալ, թե դա որքանով է իրավաչափ, անձամբ իրեն վերաբերող, քանի որ անձի ճշտման հարց է լինելու եւ այլն, ապա որոշումը բողոքարկի: Ամեն դեպքում խորհուրդ չեմ տալիս ոստիկանության աշխատակցին կամ վարույթն իրականացնող մարմնին՝ ցանկացած ուսադիր կրողի, ով իրականացնում է օրենքով իր առջեւ դրված գործառույթները, կոպտել, բշտել, ընդդիմանալ: Այսինքն, եթե անձի նկատմամբ բռնություն է կիրառվում, պետք է օրենքով չարգելված ձեւերով պաշտպանության միջոցներ ձեռնարկել ոչ թե հակազդելու, այլ ուղղակի պետք է անցորդների ուշադրությունը հրավիրել, որպեսզի անհետեւանք չանցնի, մարդիկ հասկանան, դուք հնարավորություն ունենաք կապ հաստատել պաշտպանի, բարեկամների հետ: Ցանկացած բերման ենթարկված անձ ունի զանգի իրավունք՝ կարող է իր ընտանիքի անդամներից, բարեկամներից մեկին տեղեկացնել դեպքի մասին:: Երկրորդ հարցը, որ պետք է պարզեք, թե որ բաժին եք բերման ենթարկվում եւ ով է կոնտակտային անձը, ում հետ կարող է ձեր ընտանիքի անդամը կամ պաշտպանը ճշտել, թե կոնկրետ ուր են տարել: Եթե քաղաքացին վստահ է. որ ինքը ճիշտ է, դա չի նշանակում, որ իր ճիշտ լինելը պետք է արտահայտվի իր կողմից ոչ իրավաչափ գործողություններով: Եթե նույնիսկ տեսնում ես, որ քո նկատմամբ խախտում է կատարվում, դա բնավ չի նշանակում, որ այդ պահից դու իրավունք ստացար ինքդ այդ խախտումը կատարելու:
Հարգելի՛ ռադիոլսողներ, հիշեցնենք,որ դուք լսում կամ դիտում էիք <<Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն>> հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդման առաջին հատվածում մենք հյուրնկալել էինք իրավապաշտպան ժաննա Ալեքսանյանին: Մեր այսօրվա թեման անձի անձեռնմխելիությունն էր: Հաղորդման վերջնամասում մեզ միացավ նաև փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ թեմային առընչվող հարցերի շուրջ կիրառական խորհուրդներով: Հաջողություն: