«Եթե երեխայի կյանքին սպառնալիք կա, նոր կարելի է մտածել ընտանիքից հանելու մասին»

30.05.2017

Միայն շատ բացառիկ դեպքերում , եթե, օրինակ,  երեխայի կյանքին, անվտանգությանը, առողջությանը սպառնալիք կա. կարելի է  մտածել երեխային ընտանիքից հանելու մասին:  Մնացած դեպքերում երեխայի  խնամքը հնարավոր է կազմակերպել ընտանիքում։  Ասում է «Ընտանիք եւ համայնք»  ՀԿ նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը՝  «Ա1+» հեռուստաընկերության «Թղթի վրա եւ իրականում» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ։

«Հայաստանում ծնողները երեխաների գիշերօթիկ դպրոցներ են տանում աղքատության, սոցիալական տարբեր խնդիրների պատճառով, սակայն մասնագետները գտնում են, որ երեխան պետք է ապրի ընտանիքում եւ գիշերօթիկ հաստատություններին պետք է  փոխարինեն ցերեկային հոգածության կենտրոնները: Այն ծախսերը, որ պետությունը կատարում է գիշերօթիկում երեխաներին պահելու համար, պետք է ուղղվեն ընտանիքներին»,-  ասում է   Քնարիկ Գարանֆիլյանը։

Նրա խոսքերով՝ պետք է օգնել եւ ուժեղացնել ընտանիքներին, որպեսզի նրանք ի զորու լինեն ինքնուրույն խնամելու երեխաներին:

«Մանկական զարգացման հիմնադրամի» տնօրեն Լուսինե Սիմոնյանի դիտարկմամբ ՝  Հայաստանում երեխաների աղքատության 42 տոկոսանոց ցուցանիշը  մեր երկրում առկա լուրջ խնդիրների ապացույցն է:

Նրա դիտարկմամբ՝ անհրաժեշտ է փոքր տարիքից կրթել երեխաներին որպես ապագա քաղաքացիներ եւ  նրանք  պետության համար կդառնան, ոչ թե նպաստառուներ, այլ հարկատուներ: