Մարդու իրավունքներ
Տրանսֆորմացիոն փոփոխության պարադիգմը ընկած է ԵՀՀ Մարդու իրավունքների ծրագրի հիմքում՝ ԵՀՀ-ն աշխատում է անհանդուրժողականության, բռնության և խտրականության կառուցվածքային պատճառները, ինչպես նաև դերակատարների մոտեցումներն ու վարքագիծը վերափոխելու ուղղությամբ: Քննադատական մտածողության մեթոդաբանությունը՝ կարծրատիպերի կազմաքանդումը, քննարկման համար փակ թեմաներ բացելը, պարտադրված թեմատիկան և ընկալումները վերափոխելը, «ուրիշը» հասկացությունը վիճարկելը, վճռորոշ նշանակություն ունեն այնպիսի խնդիրներին անդրադառնալիս, ինչպիսիք են փոքրամասնությունների իրավունքները, խտրականության արգելքը և արտահայտվելու ազատությունը՝ ոլորտներ, որոնք ընկած են ԵՀՀ Մարդու իրավունքների ծրագրերի մշակման հիմքում:
ԵՀՀ յուրաքանչյուր ծրագրի խորքում ընկած մտածողության ու ըմբռնման հիմքը ԵՀՀ ունեցած այն համոզմունքն է, որ ամենից առաջ պետք է անդրադառնալ մարդու իրավունքների խախտման համատեքստային, մշակութային և քաղաքական դրդապատճառներին: Հիմնախնդիրների խորամուխ ուսումնասիրությունը, բոլոր գործընկերների և շահառուների հետ սերտ համագործակցությունն ու ոչ ավանդական լուծումների որոնումը այն գործիքակազմի տարրերից են, որը ԵՀՀ-ն կիրառում է իր ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում:
Կրոնի կամ համոզմունքի ազատությունը (ԿՀԱ) և հակախտրականությունը
ԿՀԱ ոլորտում ԵՀՀ-ն, Հայաստանում կրոնական հանդուրժողականությունը խթանելու համար, աշխատում է տարբեր ուղղություններով: Անցած տարիների ընթացքում ԵՀՀ-ն քաղաքականության հաջող ջատագովության շնորհիվ կարողացել է կասեցնել «Կրոնական կազմակերպությունների մասին» նոր խտրական օրենքի նախագծի ընդունումը: ԵՀՀ-ն երկխոսություն է նախաձեռնել կառավարության հետ, մասնակցաբար աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի հետ օրենքի նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ ԺՄԻՀԳ-ին ներկայացվելիք կարծիքի վրա, իր մտահոգություններով կիսվել միջազգային հանրության հետ և ԺՄԻՀԳ-ի կարծիքը կազմվելուց հետո՝ հասել նախագծի կասեցմանը: Իր կարևորագույն միջոցառումների շնորհիվ, ինչպիսիք են լավագույն լրագրողական նյութի մրցանակաբաշխությունները և ԿՀԱ ամենամյա միջազգային կոնֆերանսները (վերջինին մասնակցել է նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանը), ԵՀՀ-ն բարձրաձայնում է ու մեծացնում հանրային իրազեկվածությունը այնպիսի հարցերի մասին, ինչպիսիք են ԿՀԱ-ն և գենդերային հավասարությունը, միջկրոնական երկխոսությունն իբրև կոնֆլիկտների տրանսֆորմացիայի գործիք, կրթական ոլորտի խնդիրներ և այլն: ԵՀՀ աշխատանքը գնահատանքի է արժանացել ավելի փոքր կրոնական դավանանքների կողմից՝ վերջիններիս՝ ինչպես միմյանց, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու հետ հավասարության պայմաններում հարգալից և կառուցողական երկխոսության մեջ ներգրավելու համար: ԵՀՀ-ն Հայաստանի այն առաջատար կառույցն է, որը տարիներ շարունակ նման ռազմավարական և նվիրված աշխատանք է տանում կրոնական հանդուրժողականության հարցերով:
ԵՀՀ-ն քաղաքացիական հասարակության այն կարևոր կազմակերպություններից է, որը ներգրավված է խտրականության դեմ օրենքի («Հավասարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի) նախագծի մշակման աշխատանքներում՝ Արդարադատության նախարարության հետ համատեղ և խթանելով կառավարության հետ օրենքի ընդունման շուրջ քաղաքացիական հասարակության երկխոսությունը: Ներկայումս, ԵՀՀ-ն ջատագովում է օրենքի ընդունման համար, սակայն՝ բացառապես որոշակի փոփոխություններ կատարելու դեպքում: ԵՀՀ-ի հիմնական մտահոգությունն ու ջատագովության ջանքերը տվյալ պահին ուղղված են Հավասարության հարցերի անկախ հանձնաժողովի ստեղծմանը, որը պետք է վերահսկի օրենքի կատարումն ու ապահովի Օրենքի արդյունավետությունը: Այդ իսկ նպատակով, ԵՀՀ-ն ստեղծում է ՔՀԿ-ների և կառավարության միջև երկխոսության հարթակներ, քննարկումներ նախաձեռնում Խորհրդարանի բոլոր խմբակցությունների, ինչպես նաև համապատասխան պետական ինստիտուտների և այլ շահագրգիռ կողմերի հետ:
Այս աշխատանքը շարունակվելու է, իսկ կոնկրետ գործողությունները որոշվելու են ելնելով բարեփոխումների ընթացքից:
Երեխայի իրավունքներ և գենդերային հավասարություն
ԿՀԱ գործողությունների շրջանակներում, երեխայի իրավունքները կազմում են ԵՀՀ մարդու իրավունքների (ՄԻ) ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևոր մասը: Տարբեր կառույցներին հասցեագրված իր առաջարկներում ԵՀՀ-ն աnդրադարձել է այն ընտանիքների և երեխաների հարցերին, որոնք ունեցել են ընտանեկան բռնության, խտրականության և այլ խնդիրներ: Մասնավորապես, հետազոտությունների և ապացուցահեն ջատագովության միջոցով ԵՀՀ-ն ձգտում է լուծել փոքրամասնությունների երեխաների կրթության խնդիրները, բարձրացնել իրազեկվածության մակարդակը գենդերային հավասարության, երեխայի իրավունքների և վնասակար այնպիսի երևույթների մասին, ինչպիսիք են վաղ ամուսնությունները ազգային որոշ փոքրամասնությունների համայնքներում, ինչպես նաև՝ գործողություններ իրականացնել աղջիկների իրավազորման ուղղությամբ՝ իրենց իրավունքներն իրացնելու և կարողություններն ու հմտությունները գործի դնելու համար:
Մարդու իրավունքների ոլորտում ընդհանուր աշխատանքը
Մարդու իրավունքների ոլորտում ԵՀՀ-ն առաջարկներ է ներկայացնում և մասնակցում մարդու իրավունքներին նվիրված կարևոր հանդիպումներին, կոնֆերանսներին և միջոցառումներին, օրինակ՝ Մարդու իրավունքների գործողությունների ծրագրին, Համընդհանուր պարբերական դիտարկմանը և այլ հարցերին նվիրված քննարկումներին: ԵՀՀ-ն այլընտրանքային զեկույցներ է կազմում ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի (ՏՍՄԻԿ) և Երեխայի իրավունքների կոմիտեի (ԵԻԿ) համար՝ մի շարք հարցերով, ներառյալ՝ Ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույնս հասանելի մակարդակից օգտվելու իրավունքը, բավարար կենսամակարդակի իրավունքը, աշխատանքային իրավունքները, ինչպես նաև էթնիկ/կրոնական փոքրամասնությունների երեխաների իրավունքները: ԵՀՀ-ն այլ նախաձեռնությունների միջոցով ևս ակտիվորեն ներգրավված է Հայաստանի մարդու իրավունքների հարցերով քաղաքականությունների ձևավորման գործընթացում:
Մասնավորապես, Եվրոպական հարևանության ծրագրի (ԵՀԾ, ENP) և Արտոնությունների ընդհանրացված համակարգի (ԱԸՀ, GSP+) ներքո համաձայնագրերի շարունակական մշտադիտարկման՝ Հայաստանում ԵՄ Պատվիրակության նախաձեռնության շրջանակներում, ԵՀՀ-ն շարունակաբար իր նպաստն է բերում Մարդու իրավունքների վերաբերյալ բազային զեկույցի կազմմանը՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով կրոնական փոքրամասնությունների և երեխաների իրավունքները, ինչպես նաև հակախտրականության խնդիրները: Երկրում հանդուրժողականության և մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանն ուղղված իր աշխատանքների խթանման նպատակով, ԵՀՀ-ն նախատեսում է խորացնել հետազոտությունները և շարունակել աշխատանքը մարդու իրավունքներ և տեղական կառավարում, մարդու իրավունքներ և գենդերային հավասարություն՝ հայկական մշակույթի համատեքստում, մարդու իրավունքներ և կոնֆլիկտների տրանսֆորմացիա ուղղություններով, ուսումնասիրելով նաև ժողովրդավարության հիմքերը՝ քրիստոնեության համատեքստում և այլ հարցեր:
Աջակցություն Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին
ԵՀՀ-ն նպատակ ունի աջակցել Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների կարողությունների հզորացման միջոցով իրականացնել դատաիրավական բարեփոխումների մշտադիտարկում, ստեղծել համագործակցության հարթակներ։
ԵՀՀ-ն, համագործակցելով «Իրավունքի ուժ» և «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ների հետ իրականացնում է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագիրը։ Ծրագրի արդյունքում նախատեսվում է նպաստել վեճերի լուծման արտադատական մեխանիզմների զարգացմանը, դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը, դատաիրավական բարեփոխումների շրջանակում կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ամրապնդմանը։
Տվյալ ուղղությամբ ԵՀՀ-ի իրականացրած աշխատանքին մանրամասն ծանոթանալու համար սեղմել այստեղ: