Արդյո՞ք Հայաստանից կվերանա ծայրահեղ աղքատությունը, եթե յուրաքանչյուր կարիքավոր ընտանիքի առձեռն գումարներ բաժանվեն։
«Երբևիցե գումար ծախսելով՝ նպաստների տեսքով մենք չենք հասնի դրան։ Միգուցե ծայրահեղ աղքատը դառնա աղքատ, բայց աղքատությունն այդպես շատ դժվար է վերացնել։ Դրա համար այլ երաշխիքներ են պետք»,- «Ա1+»-ի «Թղթի վրա եւ իրականում» հաղորդաշարի հերթական թողարկմանը նշում է Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը։
Ըստ նրա՝ աղքատության դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել կայուն տնտեսական աճ գրանցելով, ինչին կհետևի նոր աշխատատեղերի ստեղծումը։
«Կարևոր է նաև այդ աշխատատեղերի որակը, ինչպես նաև՝ արժանապատիվ աշխատատեղ լինելը։ Եթե մենք այս նպատակներին կարողանանք հասնել, մեծ գործ արած կլինենք: Պետությունն այսօր տալիս է ընտանեկան նպաստներ, սակայն սայլը տեղից չի շարժվում»,- ասում է պարոն Սիմոնյանը։
Աղքատ ընտանիքներին գումարներ բաժանելն իմաստ ունի, սակայն կամաց -կամաց մարդկանց գիտակցության մեջ ինչ-որ բան է փոխվում։
«Նրանք՝ հատկապես այս թեմայով աշխատող գործակալություններն եւ հաստատությունները, գալիս են այն մտքին, որ ձուկը տալու տեղը իրենց պետք է տանք կարթը և սովորեցնենք՝ ինչպես ձուկը բռնել՝ նաև ստեղծելով այն պայմանները, որ մարդիկ կարողանան այդ ձուկը բռնել»,- նկատում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գլխավոր խորհրդական Արտակ Մելքոնյանը։
Արտակ Սիմոնյանն էլ գտնում է՝ պետությունը պետք է ամեն ինչ անի, որ մեծանա ընտանիքներին տրամադրվող նպաստների հասցեականությունը։ Բացի այդ՝ Աշխատանքի եւ սոցիալական նախարարությունը զուգահեռ իրականացնում է այլ միջոցառումներ. «Դրանք զբաղվածության պետական ծրագրերն են, որոնք ուղղված են մարդկանց աշխատանքով ապահովելուն, բազմաթիվ նպատակային ծրագրեր կան հաշմանդամություն ունեցող անձանց, երիտասարդների համար»։
Աղքատությունը հաղթահարելու համար պետությունն աշխատանքներ է տանում 2014 թվականին ընդունված ռազմավարությամբ, ըստ որի՝ բյուջեի գումարներն ուղղվում են հատկապես աղքատությունը հաղթահարելուն միտված ակտիվ ծրագրերին։
Մանրամասները տեսանյութում.