Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները 15 և ավելի տարիների ընթացքում միշտ բախվել են մի պատի, որը կոչվում է անարդարություն: Բոլոր պետական գերատեսչություններն այս տարիների ընթացքում հանցավոր անգործություն են ցուցաբերել, ինչն ավելի է բարդացրել վիճակը:
Նախ սպանված զինվորների գործերը կամ որակվում են ինքնասպանություն, կամ դժբախտ պատահար, կամ մեկ այլ որակավորում է տրվում, և կոծկվում է սպանություն իրականացնող անձանց ով լինելը:
Նախաքննական մարմինը գործերում առկա ապացույցները կեղծում է, հետո առաջ քաշում սպանության վարկածներ: Այդ վարկածները ապացուցելու կամ հերքելու նպատակով ծնողներին առաջարկվել է արտաշիրիմում իրականացնել, ինչին ծնողները չեն տվել իրենց համաձայնությունը` համարելով դա սադիզմ: Նրանք գտնում են, որ գործերում առկա հակասություններն այնքան շատ են, որ առանց արտաշիրիմում անելու էլ ակնհայտ է, որ զինվորին խոշտանգել են, դա դժբախտ պատահար չէ, կամ ինքնասպանություն չէր:
Ծնողները գտնում են, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի Բաղրամյան 26, որ այս գործերը չեն բացահայտվի, քանի դեռ Սերժ Սարգսյանը հովանավորում է հանցագործություն իրականացնող պաշտոնյաներին:
Գոհար Սարգսյանը նշում է, որ այս տարիների ընթացքում իրենք չեն թողել գեթ մեկ պետական գերատեսչություն, որի առջև բարձրաձայնած չլինեն ապօրինի սպանությունների կոծկման դեպքերը, նաև զգուշացնում է, որ ինքը չի պատրաստվում հետ կանգնել իր արդար պահանջից, այն է՝ հանցագործություն կատարած անձը պետք է պատժվի:
Տիգրան Օհանջանյանի սպանության դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը դատական փուլում էր, որը կասեցվել է: Ծնողները բողոքարկել են այս որոշումը Արաբկիրի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Մենք պարբերաբար կանդրադառնանք խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների բուն գործերի քննության պատմությանը, ծնողների բողոքի ակցիաներին: