Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն. հաղորդում 6

20.09.2017

Ամիսներ առաջ՝ մայիսի 25-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ից համաներմամդ ազատ արձակվեց 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

Ըստ մեղադրանքի, «Վոլոդյա Ավետիսյանը, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, չարաշահել է իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Մաթոսյանի վստահությունը և վստահեցրել, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել նրա՝ ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված որդուն նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը»։

Ավետիսյանը մեղադրվել և դատապարտվել էր խարդախության և խարդախության փորձի համար, սակայն բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ շտապեցին նրան քաղբանտարկյալ ճանաչել: Վոլոդյա Ավետիսյանը չընդունեց մեղադրանքը, կալանավայրում եղած ժամանակ էլ մի քանի անգամ հանդես եկավ բաց նամակով, նշելով, որ բանտարկված է իր քաղաքական հայացքների համար:

3 ու կես տարի կալանավայրում անցկացնելուց հետո համաներմամբ ազատ արձակված Վոլոդա Ավետիսյանը Լրատվական ռադիոյի տաղավարում պատմում է կալանավայրում կյանքի, քաղաքական հայացքների համար հալածանքի, մարդու իրավունքների ոտնահարման մասին:

- Ողջույն հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ: Դուք լսում եք, իսկ ոմանք դիտում են «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Խոսափողի մոտ  Գարեգին Խումարյանն է, իսկ Լրատվական ռադիոյի այսօրվա հյուրը բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված, արդեն նախկին  քաղբանտարկյալ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն է: Բարեւ Ձեզ պրն, Ավետիսյան:

- Բարեւ Ձեզ:

- Երկար տարիներ լրագրության ոլորտում աշխատելով, երկիրն ուսումնասիրելիս ինձ միշտ թվում էր, թե մարդու իրավունքների թեման այդքան էլ կարեւոր, առանցքային չէ: Բայց վերջին 5-6 տարիների ընթացքում ինձ մոտ այն տպավորությունն է, որ մարդու իրավունքների ոլորտը, կարծես թե, արդեն ազգային անվտանգության տիրույթ է հասնում եւ այդ կարեւորությունն է սկսում ստանալ: Որպես նախկին զինվորական ի՞նչ կասեք այս մասին:

- Մենք ապրել ենք կոմունիստների ժամանակ՝  Խորհրդային Միությունում,  ապա 90-ականներից անկախացել ենք, եվրոպական արժեքներ են ներմուծվել ԽՍՀՄ տարածք, նաեւ՝ Հայաստան, եւ մարդիկ հասկացել են, որ ոչ միայն պարտականություններ ունեն երկրի առաջ, այլ ունեն նաեւ իրավունքներ: Իրենք պարտավոր են ծառայել երկրին, երկիրն էլ պարտավոր է պաշտպանել մարդու իրավունքները,  անվտանգությունը, բարելավել սոցիալական վիճակը, ապահովել բարեկեցիկ կյանք: Հետո արդեն արցախյան պատերազմն էր. փառք ու պատիվ մեր  ազատամարտիկներին, ում շնորհիվ հաղթեցինք պատերազմում: Եկավ ժամանակ, երբ ՀՀ-ում իրոք  ոտնահարվեցին մարդու իրավունքները, բռնի, բռի, հանցագործ տարրեր եկան իշխանության եւ անում են այն, ինչ իրենք են ուզում: Դրա համար այսօր մարդու իրավունքները ազգային անվտանգության հարց է, որովհետեւ բազմաթիվ փաստեր կան, երբ կարող են փողոցում մարդ սպանել եւ  չդատվել: Դրա համար շատ կարեւոր է մարդու արժանապատվությունը, որը կապվում է մարդու իրավունքների հետ եւ որի համար պետք է պայքարել:  Պետք է աշխարհը Հայաստանին ընկալի եւ ընդունի որպես քաղաքակիրթ պետություն եւ մեզ՝ քաղաքակիրթ ժողովուրդ:

- Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Ձեր մասնավոր դեպքը, որը բավականին ուսումնասիրված է, շատ հոդվածներ կան, նույնիսկ ուսանողները կուրսային, դիպլոմային աշխատանքներ են գրել այս մասին, հատկանշական է նրանով, որ մարդու իրավունքների կոմպլեքսի մեջ եղած իրավունքներից խախտվել են գրեթե բոլորը, բացի կյանքի իրավունքից, կամայական դատավարություն է եղել: Մասնագետների գնահատականը դնենք մի կողմ.  Ձեր սուբյեկտիվ գնահատմամբ մարդու իրավունքների խախտումներից  հատկապես ո՞րն է ամենալուրջ խախտումը Ձեր դեպքում:

- Նախ ասեմ, որ երբ սկսեցինք ազատամարտիկների, զոհվածների ընտանիքների սոցիալական հարցերով պայքարը, գլոբալ մոտեցում կար հարցին: Ինձ բազմիցս առաջարկել են դադարեցնել պայքարը, չբարձրաձայնել խնդիրները: Երբ չհամակերպվեցի, չընդունեցի իրենց առաջարկությունները, սկսեցին ինձ սպառնալ՝ ընտանիք ունես, երեխաներ, չե՞ս վախենում: Դրանից հետո շինծու գործ սարքեցին, դատեցին 6 տարի ժամկետով: Բազմիցս բարձրաձայնել եմ, որ կալանավայրերում  նույնպես ոտնահարվում են մարդու իրավունքները՝ թե՛ խցերում մարդկանց պահելու, թե՛ նրանց ապրելակերպի եւ առողջության հետ կապված:

- Ձեր ազատվելու օրը Դուք հայտարարություն արեցիք, որ սկսելու եք զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ, մասնավորապես՝ կալանավայրերում իրավիճակի բարելավմամբ. այս թեմային մի փոքր ուշ կանդրադառնանք: Դուք խոսեցիք շատ կարեւոր բանի մասին՝ եկել են, առաջարկներ արել, ապա սկսել սպառնալ: Մենք գիտենք, որ մեր երկրում միանգամից ոչ մեկի համար խնդիրներ չեն ստեղծում, այսինքն, սկզբում լինում է բանակցությունների, պայմանավորվածությունների փուլ, որոնք երբեմն խախտվում են այս կամ այն կողմից: Շատ հետաքրքիր է՝ ինչպես է դա լինում. ով է գալիս, ինչ է ասում, ինչ է առաջարկում, որովհետեւ սա մի իրավիճակ է, որի առջեւ կարող է կանգնել ցանկացած մարդ, ով կփորձի հասարակական գործունեությամբ զբաղվել: Ե՞րբ մարդը հասկանա, որ հիմա կսկսվեն խնդիրները, ո՞վ է այդ «մահաբեր հրեշտակը»:

- Նախ իրենք նայում են, թե ով է բարձրաձայնում հարցերը, ինչ անցած ուղի ունի, ինչքանով է ճանաչված եւ հարգված հասարակության կողմից, ինչքանով է օրինապահ: Երբ տեսնում են, որ համախոհներն ավելանում են, արձագանք կա, փողոց ես դուրս գալիս,  այդ ժամանակ սկսում են զանգերը, մոտենալը, առաջարկությունները, որպեսզի չմեծանա, չխորանա՝ ձնագնդի պատմությունը չդառնա: Այդպես սկսվում է ամեն ինչ: Իսկ ինչ վերաբերում է մեր հայտարարությանը, ապա՝ այո, մենք պայքարում ենք, պայքարելու ենք, բայց այսօր լուրջ խնդիր ունենք իշխանությունների մոտեցման, երկրի ղեկավարման համակարգի հետ: Եթե այստեղ նստած խոսում ենք՝  նորմալ է, խնդիր չի առաջացնի, բայց երբ դուրս ես գալիս փողոց, համախոհներ ես հավաքում, սկսում ես պայքարել՝ կամաց-կամաց խնդիրներ են առաջանում: Ազգաբնակչությունը պետք է ոտքի կանգնի, պետք է սատարի՝ իրենց իսկ արժանապատվության, իրենց կյանքը լավացնելու, օրինական պետություն կառուցելու համար: Նորից եմ ասում՝ երբ ուզում են՝ ծեծում են, ջարդում, սպանում: Դրա համար պետք է շատ լինենք, պետք է ազգովի ոտքի կանգնենք: Դրա ժամանակն էլ կգա: Հիմա մենք աշխատանքներ են տանում, հանդիպումներ, մարդկանց հետ քննարկում իրավիճակը, որովհետեւ 25 տարի կոտրել են ժողովրդին՝ փողոց հանելով, ծախվելով, մեկ ու կես միլիոն հայ արտագաղթել է Հայաստանից: Այսօր շատ դժվար է այս հարցերը բարձրացնել եւ արդյունքի հասնել, բայց մենք հույսներս չենք կտրում, որովհետեւ հույսը կտրվում է վերջում, երբ արդեն ոչինչ չկա, Հայաստան պետություն չկա:

- Ես կուզեի Ձեր բանտարկությանը նախորդող շրջան վերադառնալ: Իրականում ցանկացած պետության համար, երբ ինչ-որ  մի առանձին վերցրած տարածքում հավաքվում է այսքան հրամանատար՝ հարգված, ճանապարհ անցած, մարտական փորձ ունեցող, մի փոքր վախենալու է: Եթե, ասենք, Վիետնամի վետերանների  միությունը հավաքվեր Վաշինգտոնի հրապարակներում, լուրջ գնդապետները սկսեին քաղաքական պահանջներ ներկայացնել, ես մտածում եմ, որ նույնիսկ Ամերիկայի պես ժողովրդավարական երկիրը հաստատ շատ չոր կարձագանքեր դրան: Ես հետեւյալ տարբերակն եմ լսել Ձեր բանտարկության հետ կապված.  Ձեզ առաջարկ է եղել՝ մնալ եւ շարունակել պահանջել սոցիալական արդարություն, բայց չդնել քաղաքական պահանջներ: Եւ խնդիրներն սկսվեցին այն ժամանակ, երբ Դուք հռչակագիր տարածեցիք, որ պահանջում եք Սերժ Սարգսյանի հրաժարականը. դա էր այն կարմիր գիծը, որից հետո խնդիրները սկսվեցին:

-Նստացույցի 2-րդ կամ 3-րդ օրը եկել են, հրավիրել են Երեւան քաղաքի Ներքին գործերի վարչության պետի մոտ, խոսել ենք, համոզել է դադարեցնել նստացույցը: Համաձայնության չենք եկել, քանի որ լուրջ խնդիր էր, պետք էր հարցերը լուծել: Հաջորդ օրը մարդ եկավ, արդեն կոնկրետ առաջարկություններով՝  գրում  ես գումարը, թիվը (նույնիսկ մոտավոր  ինչ-որ գումար շեշտեց), առաջարկեց պաշտոն, գործող բիզնես՝ Երեւանում կամ Էջմիածնում, որ ընտանիքդ պահես, խնդիր չունենաս: Ասում եմ՝ բա մնացա՞ծը: Պատասխանում է՝ մնացածի հետ գործ չունեք, դո՞ւք եք որոշում, թե ինչ է կատարվելու մնացածի հետ: Ընդամենը սա է եղել:

- Այն խնդիրները, որ Դուք բարձրացնում եք, կալանավայրում անցկացրած այս վեց տարիների ընթացքում ինչ-որ չափով լուծվե՞լ են, թե՞ նույնն են, ինչ 2013թ.:

- Երկու անգամ 10-10 օրով հացադուլ  եմ հայտարարել: Օրենքի 76-րդ հոդվածի ՝ վաղաժամկետ ազատման հետ կապված, հացադուլի հետ մեկտեղ,  մի քանի անգամ նամակ եմ գրել վարչապետին, արդարադատության նախարարին: Եթե դատապարտյալի վարքագիծը դրական է գնահատվում՛, ադմինիստրացիան միջնորդագիր է ներկայացնում վաղաժամկետ ազատման համար: Անկախ հանձնաժողովը, որի անդամները  դատապարտյալներից ոչ մեկին չեն ճանաչում, առանց հիմնավորման նպատակահարմար չի գտնում դատապարտյալի վաղաժամկետ ազատումը: Այնուամենայնիվ հասան նրան, որ անկախ հանձնաժողովի որոշումը բողոքարկման ենթակա չէր: Հետո օրենքը փոխեցին. եթե անկախ հանձնաժողովը մերժում է, ապա դատապարտյալն իրավունք ունի բողոքելու նախ 1-ին ատյանի դատարան, հետո՝ վճռաբեկ, վերաքննիչ, ի վերջո՝ ԵԴ: Բայց տեղեկություններ ունենք (տղաների հետ կապ կա), որ դա էլ չի գործում՝ օրենքն էլ են իրենք, կատարողն էլ, ինչպես ուզում՝ այնպես էլ անում են: Մնում է, որ բարձրաձայնեն, բողոքեն մինչեւ ԵԴ: Մի բան էլ ասեմ. ինչո՞ւ է ՔԿՀ-ներում այդքան շատ մարդ պահվում, երբ նրանց գոնե 30 տոկոսը կարող էր դրսում լինել՝  փող են լվանում: Եթե չեմ սխալվում, հեռուստացույցով եմ դիտել,  ընդհանուր դատապարտյալների վրա  օրական 24 մլն դրամ գումար է ծախսվում: Բանտում անցկացնելով 3 տարի եւ 8 ամիս, ես  կարող եմ ասել, որ այդ գումարի նույնիսկ 30 տոկոսը չեն ծախսել մեզ վրա, տանում են:  Կալանավորների 80 տոկոսին դրսից են սնունդ բերում, որովհետեւ  «բալանդա» կոչվածն ուտելու բան չէ. ով կերավ ՔԿՀ-ի հացը, ճաշը, ուրեմն մի երեք տարի հետո հաստատ այնտեղից դուրս է գալու որպես հաշմանդամ: Դրա համար ընտանիքները ստիպված ամեն ինչ անում են, որ գոնե բանտարկյալն  առողջ դուրս գա:

- Դուք փորձել ե՞ք այդ  «պալաժնյակ» կոչվածը, ընդհանրապես ուտելու չի՞:

- Մեկ ու կես տարի, մինչեւ վճիռը կայացնելը, 1-2 անգամ հատուկ վերցրել եմ փորձելու համար. իրոք մարդու համար չէր: Հետո տեղափոխվեցինք կիսաբաց ռեժիմ, արդեն ինքներս ճաշ պատրաստելու հնարավորություն ունեինք՝ ինչ-որ բան ավելացնել-պակասեցնելով կատարելագործել իրենց տվածը:

- Կալանավոր պահելը շատ թանկ բան է հարազատների համար. միջին կալանավորը որքա՞ն  «արժե»: Ես գիտեմ, որ բազմաթիվ ընտանիքներ սնանկացել են այն պատճառով, որ իրենց հարազատը երկար տարիներ բանտում է եղել:

- Եթե ընտանիքն օգնի, ու նաեւ օգտվի ՔԿՀ-ի տված  սննդից, ապա ամիսը ամենաքիչը  30.000-40.000 դրամ կպահանջվի ընտանիքից:

- Բանտի հետ կապված ամենամեծ շոկը ո՞րն էր: Զինվորական, ամբողջ կյանքը հայրենիքին ծառայած եւ հանկարծ հայտնվում է բանտում. առաջինն ի՞նչն էր, որ ամենաշատը զարմացրեց Ձեզ:

- Անտարբերությունը. աշխատակիցների համար բոլորը մեկ են՝ հանցագործ, ազգային հերոս: Նրանց վրա նայում են որպես իրենց սնող մարդկանց, որոնցից պետք է օգտվեն: Նրանց միայն հետաքրքրում է, որ իրենց գրպանը միշտ լավ լինի: Այս մոտեցումն է, որ ոտնահարում է մարդու իրավունքները, արժանապատվությունը:

- Մարդուն մեկուսացնելը, քաղաքական գործընթացից հանելը Ձեր դեպքում, փաստորեն, չաշխատեց. դուք 3 տարուց ավելի այնտեղ անցկացնելուց հետո դուրս եկաք ու առաջին բանը, որ արեցիք, քաղաքական հայտարարությունն էր: Ձեր կարծիքով՝ սրանից հետո, Ձեր օրինակը հաշվի առնելով, գուցե վերանայե՞ն այդ մոտեցումը հասկանալով, որ դա միշտ չէ, որ աշխատում է:

- Իրենք չեն կարող վերանայել այդ գործընթացը, որովհետեւ իրենք հնարավորինս ճնշում-կոտրում են պայքարողներին, թեկուզ 10-ից՝  5-ին: Այդ հինգը հրաժարվում են, նրանց հետ 500-ն էլ է հրաժարվում: Հասարակությունն էլ ասում է՝ տեսեք, ծախվեցին, հրաժարվեցին, չեն պայքարում. ո՞ւմ համար պայքարենք, ո՞ւմ հետեւից գնանք, ինչի՞ համար: Ամենավատը դա է, որ իրենք աշխատում են մեկին կոտրելով՝ կոտրել շատերին:

- Մի փոքր կխոսե՞ք Ձեր հետագա պլանների, ցանկության մասին՝ վերադառնալով իրավապաշտպան գործունեությամբ զբաղվելու Ձեր հայտարարությանը:

- Հիմա էլ խոսում ենք, հարցազրույցներ ենք տալիս՝  պետք է դուրս գանք փողոց: Բայց պետք է զգանք, արդյոք հասարակությունը պատրա՞ստ է, թե ոչ, ինչպես է հասկանում, ընկալում. փորձեր կանենք, հետախուզական քայլեր: Ժամանակը ցույց կտա: Սա այն հարցը չէ, որ ես հենց հիմա կարող եմ գնալ,  ինչ-որ տեղ նստացույց անել, հայկական եռագույնը. պլակատները կպցնել. հրաժարական Սերժ Սարգսյանի, վարչապետի, մա՛հ ռեժիմին եւ այլն: Դեռ դրա իմաստը չկա:

- Փողոցային պայքարի արդյունավետությանը հավատում եք: Ինձ հետաքրքրում է ձեր կարծիքը՝ որպես զինվորականի, մարդիկ փողոց դուրս գալով ի՞նչ մարտավարական նպատակ են դնում իրենց առաջ. լավ, Բաղրամյան 26-ը վերցրիր, կամ որեւէ այլ շենք՝ փոստ, հեռագրատուն եւ այլն, արդյոք այդտեղ հեռակառավարման վահանա՞կ է դրված, որ նախագահի ձեռքում է,  որ կարող ես ձեռքդ վերցնել, ու երկիրը կսկսի քեզ ենթարկվել: Պարզ չէ՞, որ բոլոր այն մարդիկ, ում դեմ ուղղված են այդ գործողությունները, տեղափոխվելու են Հրազդան, Հրազդանից ներքին զորքերը գան ու ճզմեն բոլորին: Երբ ամեն անգամ մարդիկ դուրս են գալիս փողոց, հասկանալի չէ՞, որ խնդիրն այդպես չի լուծվի: Ես սա եմ ուզում հասկանալ:

- Դա եւս փորձ է, այսօրվա իշխանությունները մենակ փողոց դուրս գալուց են վախենում: Անկախ փողոց դուրս եկած մարդկանց քանակից՝ դա իրենց համար արդեն խնդիր է, որովհետեւ ճնշման չհանդիպելով, մարդկանց քանակը գնալով ավելանում է, եւ դառնում են  «Սասնա ծռեր»: Սա արդեն իրենց համար լուրջ խնդիր է նաեւ աշխարհի մասշտաբով:

- Իսկ իմ կարծիքով հակառակը, իրենք սուտմեռուկ են տվել, իբր փողոց դուրս գալուց վախենում են, մարդիկ էլ փողոց են դուրս գալիս ու չեն զբաղվում ներքեւից վերեւ բուրգը փոխելով, զուգահեռ կառույցներ ստեղծելով. չկա՞ այդ տպավորությունը: Ես իրոք չեմ հասկանում, թե ինչպես կարելի է փողոց դուրս գալով իշխանություն փոխել:

- Այսօր Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության վիճակը շատ վատ է. մարզերում բոլորը պարտքերի, վարկերի, տոկոսների տակ են: Գալու է մի պահ, որ իրենք կորցնելու ոչինչ չեն ունենալու եւ ստիպված դուրս են գալու փողոց. մեկ է՝ մահանալու են, ոչնչանալու: Հույս կա, որ փողոց դուրս գալով կարող են իրենց կյանքը երկարացնել: Դրան էլ ենք հասնելու, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա: Կամ էլ պետք է ոչնչանանք-գնանք, Հայաստան պետություն չլինի, որը ոչ մեկին ձեռք չի տալիս:

- Մեր եթերաժամն ավարտին է մոտենում հարգելի ռադիոլսողներ, ռադիոդիտողներ: Դուք լսեցիք, իսկ ոմանք դիտեցին «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Այսօր մեր հյուրն էր նախկին  քաղբանտարկյալ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Շնորհակալություն, պրն. Ավետիսյան: