Տեսանյութը ստեղծվել է փետրվարի 22, 2022 թ.
Հիշում եք, որ քիչ թե շատ քննարկեցինք կարծրատիպերը և կլիշեները, համենայն դեպս, նշեցինք, որ դրանցով լի է մեր մտածողությունը, և դրանք քիչ բան են ասում։ Էդ առումով ես ուզում եմ հատկապես մի կարծրատիպի դերը նշել, որովհետև դա շատ կարևոր դեպք է: Կոչվում է անհարկի ընդհանրացումներ՝ «необоснованное обобщение»: Մեր լեզուն, մեր մոտեցումները, մեր քննարկումները լի են անհարկի ընդհանրացումներով։ Օրինակ՝ ես հիմա ասում եմ «մեր»։ Դա ամենամեծ անհարկի ընդհանրացումն է։ Եթե ուշադրություն դարձնեք մեր հանրային տիրույթին՝ ֆեյսբուքյան կամ մեդիաների, կտեսնեք, որ բոլորը «մենք» են ասում։ Ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են «մենք»։
Հիմա ես պիտի իմ «մենքի» օգտագործումը ճշգրտեմ, որովհետև դա անսահման «մենք» է։ Ուրեմն, երբ ես դա ասում եմ, փորձում եմ հետո կամ հենց միանգամից ավելի ճշգրտել՝ ի՛նչ նկատի ունեմ։ Խոսքս հայալեզու տիրույթի մասին է։ Ուրեմն, հայոց լեզվի հանրային տիրույթում այսօրվա օրով չափից դուրս շատ է օգտագործվում «մենք» բառը։ Եվ ի՞նչն է խնդիրը անհարկի ընդհանրացումների․ դուք գիտեք, որ երբ դու ասում ես ինչ-որ այդպիսի ընդհանրական բառ, ասենք՝ «մենք», «ազգ», «հայրենիք», «հայրենասիրություն», դու կարծում ես, որ դիմացինը նույն ձևի հասկացավ, թե դու ի՛նչ նկատի ունեիր։ Բայց դա ստուգված չէ, և, փաստորեն, դառնում է աբստրակցիա։ Էդպիսի դեպքերում ի՞նչ է տեղի ունենում։ Էդ դեպքերը կոչվում են «նիհար աբստրակցիա»։ Այսինքն դու դրա շուրջ կարող ես խոսել անընդհատ, բայց ոչ մի հստակ առաջընթաց էդ խոսակցությունը չի արձանագրում։
***
Տեքստ գրելը լի է ամեն տեսակի կարծրատիպերով, մտածողության բացակայությամբ: Եվ՝ թարգմանությունը: Եթե իմանաք՝ մենք ինչքա՜ն ենք չարչարվում, թվում է՝ լավ թարգմանիչներից ստանալով անգլերենից հայերեն (կամ հակառակը)… Այսինքն, գրավոր թարգմանության որակ Հայաստանում գրեթե բացակայում է։ Էլ չասած ռուսերենից հայերենի դեպքում, կամ հակառակը․ նույնպես շատ քիչ պատահող որակ է։ Հիմա շատ թարգմանիչներ ավելի շատ անգլերենի վրա են սևեռվում, բայց նրանց արած գործը շատ հաճախ շատ խնդրառված է։ Նույնը և խմբագրելու և սրբագրելու հարցերը։ Մեզանում տեքստի խմբագրի որակը, փաստորեն, դուրս է մղվել Խորհրդային Միության քանդվելուց հետո, և որակավորված բուն խմբագիրներ չկան։ Փոխարենը ի՞նչ է տեղի ունեցել՝ սրբագրիչները նաև խմբագրում են տեքստը։ Բայց դա իրականում չպիտի թույլատրելի լինի, որովհետև սրբագրիչը սովորում է ըստ կանոնների ուղղել վրիպակները, քերականական սխալները, անթույլատրելի բառակապակցությունները և նման այլ դեպքեր։ Իսկ խմբագիրը օգնում է, որ տեքստը մտքի տեսակետից, տրամաբանության տեսակետից, հա՞, որակի տեսակետից, բովանդակության տեսակետից ավելի լավը լինի։ Եվ երբ սրբագրիչը սկսում է այդպիսի գործառույթ նույնպես կատարել, նա կենդանի տեքստը, եթե նույնիսկ լավ մաս է տեքստի գրված, առաջարկում է վատացնել։ Որովհետև նրա մոտ կանոնակարգված մոտեցումը գոյություն ունի։ Իսկ չէ՞ որ տեքստը շատ ազատ բան է: