Սկսվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքները, գյուղապետին ու գյուղացիներին անհանգստացնում է գյուղտեխնիկայի պակասը

29.03.2017

Տարվա այս սեզոնին գյուղացու և համայնքի ղեկավարի ուշադրությունը բացառապես ուղղվում է գյուղատնտեսական աշխատանքների ճիշտ կազմակերպմանը: Գյուղապետն այս ընթացքում առաջնային է համարում գյուղացիների խնդիրները, որոնք առաջանում են գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում: Առատաշենում օրակարգում է մնում գյուղտեխնիկայի խնդիրը:

Առատաշենում վարուցանք անելու համար գյուղատնտեսական տեխնիկա գրեթե չկա, հնամաշ տեխնիկական միջոցներով գյուղացիները չեն հասցնում կազմակերպել իրենց աշխատանքները, ասում են մի կտոր հող է վարում տրակտորիստը, տեխնիկան անսարք է դառնում, հետո մի քանի օր է անհրաժեշտ լինում տրակտորը վերանորոգելու համար, իսկ այդ ընթացքում ցանքն ուշանում է:

Արմավիրի մարզում, մասնավորապես Էջմիածնի տարածաշրջանում, սկսվել են վաղ գարնանային աշխատանքները: Առատաշեն համայնքում գյուղացիները կատարում են վաղահաս կարտոֆիլի, գազարի ու ելակի ցանքսը: Նշված կուլտուրաների վաղ հասունացման և ավելի թանկ սակագնով շուկա հանելու համար մշակությունը կազմակերպում են ջերմոցային եղանակով: Գյուղացիներն ասում են որքան շուտ բերքը հասունանա, այնքան եկամտաբեր կհամարվի, թանկ գնով կվաճառվի: Արմենը հաշվարկում է՝ եթե մայիսի վերջին կարողանա գազարը շուկա հանել, առնվազն 400-500 դրամով 1 կգ-ը կվաճառի: Այդ դեպքում եկամուտն արդարացված կհամարի ու վարունգի ցանքը կսկսի: Առայժմ միակ խնդիրը գյուղացիների համար մնում է գյուղտեխնիկայի պակասն ու եղածի մաշվածությունը: Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանը ևս մտահոգված է, ասում է նոր տեխնիկա գյուղացիները ձեռք բերել չեն կարողանում, իսկ հինն արդեն օգտագործման համար պիտանի չէ: