Հայաստանը միջազգային կազմակերպությունների ցանցում. ի՞նչ պետք է իմանա ՀԿ-ն ծրագրեր մշակելիս (Jam Session 10)

28.09.2016

Տեսանյութի սղագրությունը

Շատ հաճելի է, բոլորդ բարով եք եկել և մենք հիմա կխոսենք մի թեմայով, որը ինձ թվում է Հայաստանի քաղաքացիական հասարակության համար բավական կարևոր է։ Կներեք նախօրոք, եթե ինչ-որ բաներ գիտեք կամ շատ բան գիտեք էն բաներից, ինչ ես արդեն ասելու եմ: Նպատակներիցս մեկն այն է, որ հավասարաչափ չէ բաշխված այդ գիտելիքը: Մյուս բանը, որ ուզում եմ ասեմ՝ շատ մեծ ասպարեզի մասին եմ խոսելու ու ամեն հարցում չէ, որ ես մասնագետ եմ: Բնավ, բայց ես ուզում եմ, էսպես, ներածական համայնապատկերը տալ իրադրության: Սկսել, սակայն, ես ուզում եմ մեկ այլ պահից: Գիտեք, շատ արդեն զգացվում է, ինչքան կենտրոնացած լսարան է, նոր է սկսվում մեր այս երկօրյա դպրոցը: Պարզ է դեռ թարմ են մարդիկ և կենտրոնացած, բայց շատ հաճելի է դա ընկալել: Ես ուզում եմ սկսել մի բանից, որը ասել է փիլիսոփա Մերաբ Մամարդաշվիլին և պիտի դա ցույց տամ: Ասում է. «կյանքը մի այնպիսի բան է, որ դու նստած ես աթոռին, հետո ինչ-որ ձայն ես լսում, վեր ես կենում, նայում ես, հետո ուզում ես հետ նստել, նայում ես, տեսնում ես, էնտեղ դու նստած ես:  Ուրեմն գիտեք ինչ, ՀԿ, միջազգային կազմակերպություն, դեպո: Մենք դեպո բառն ենք օգտագործում, հատուկ չէ՝ չնայած դա հապավում է՝ Development Program, բայց նաև նշանակում է լավ իմաստով ինչ-որ փինաչիություն՝ տեխնիկական ինչ-որ բաներ սարքել, բայց իրականում այս ամենը տեխնիկականից ու տնտեսականից շատ դուրս է: Սա ապրելակերպ է և փիլիսոփայություն է և մոտեցում է կյանքին ու աշխարհին՝ անհատական մակարդակից մինչև համաշխարհային մակարդակը: Եվ ինչ որ Մամարդաշվիլին ասել է ուրիշ բառերով, ասել է նաև Սոկրատը, այսինքն դա էդպիսի գիծ է, որ գնում է, և ես չեմ ուզում շատ կենտրոնանալ փիլիսոփայություն բառի վրա, բայց եթե դուք պատկերացնում եք այսօրվա ժամանակակից աշխարհի, միջազգային կազմակերպությունների ոլորտը, ապա անհերքելի է, որ փիլիսոփաները՝ հատկապես նրանցից ոմանք կամ գաղափարներից ոմանք, հսկայական դեր են կատարել այդ ոլորտը կերտելու մեջ: Օրինակ՝ միջազգային համակարգի դրական արժեքների նկատմամբ ուղղվածությունը շատ ուժեղ ազդված է Իմանուիլ Կանտի մտածողությամբ: Այսինքն, այս ամենը մեր համար պիտի լինի մտածելու, ապրելու, վերապրելու, դրսից մեզ նայելու պատճառ, կամ հնարավորություն: Ինչու՞ եմ ես ասում, որովհետև մենք այսօր այդքան էլ մոդայիկ չենք համարում միջազգային կազմակերպությունները ո՛չ հանրային կարծիքի մակարդակով, ո՛չ էլ նույնիսկ մասնագիտական կարծիքի մակարդակով: Մենք շատ ավելի հաճախ տեսնում ենք քննադատական մոտեցումներ, քննադատական վերլուծություններ դեպի միջազգային կազմակերպությունների գործունեությունը և ամբողջ աշխարհում, կարելի է ասել, դա ներկա է: Մինչդեռ, որպեսզի այդ քննադատականի, որը շատ հաճախ արդարացի է, որպեսզի այդ քննադատականը չծածկի ամբողջ էությունը հարցի, որպեսզի դրականը չթվա պրոպագանդա, ես ձեզ էդ օրինակը բերեցի` աթոռից վեր կենալու օրինակը, այսինքն եկեք աշխատենք նայել էդ հարցերին ոչ թե որպես միակողմանի, տափակ ինչ-որ մոտեցում, այլ ամբողջական մոտեցում: Օրինակ, եթե հիշում եք, կային հազարամյակի նպատակներ, մարտահրավերները, չգիտեմ, արդեն  երկրորդական, երրորդական ձևակերպում էր, հայերենով մտավ: Կային հազարամյակի նպատակներ, որոնք բավական հայտնի էին, որովհետև մինչև 2000 թիվը աշխարհը մտածում էր՝ դա խորհրդանշական թիվ էր լինելու. 2000 թիվն է գալու՝ ի՞նչ է կատարվելու դրանից հետո, և եթե գիտեք, և որքանով գիտեք, և որքանով չգիտեք։ Ես, օրինակ, այդքան էլ լավ չգիտեմ դրա մասին, բայց դրանք ավարտվեցին 2015 թվականին: Ընդամենը տասնհինգ տարվա մեջ, հազարամյակի մարտահրավերների այն չափանիշները, որոնք նշանակված էին, արդեն արդյունքի բերեցին և կարիք եղավ նոր մոտեցումներ ստեղծելու և ստեղծվեց նպատակների հաջորդ փուլը, որը կոչվում է կայուն զարգացման նպատակներ: Բայց մենք դրա մասին, Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցավ այդ հավաքը, մենք դրա մասին առանձնապես շատ չգիտենք ու դա այդքան մոդայիկ չէ, էն՝ հազարամյակինը, ավելի հաճախ էր հնչում, էս մեկը բավական քիչ է հանդիպում: Այսինքն մենք տեսնում ենք, ինչպես աշխարհում մի կողմից այդ միջազգային կազմակերպությունների մոտեցումները ու գործունեությունները ամենօրյա են դառնում, մյուս կողմից, ինչպես ասացի արդեն, մոդայից ընկնում են:

Կարելի է ասել՝ նոր մարտահրավերները ինտերնետի ու մեդիայի միջոցով մեր ուշադրությունն ավելի են գրավում, ասենք՝ տեռորիզմը: Բայց սկսենք մի քիչ սկզբից, ամենասկզբից, իհարկե, հնարավոր չի սկսել, բայց գոնե մի քիչ սկզբից: Ինչպե՞ս ստեղծվեց Միացյալ ազգերի կազմակերպությունը: Շատ հետաքրքիր պատմություն է, ես չեմ պատրաստվում ձեզ ասել այն ինֆորմացիան, որը կարող եք դուք ինտերնետից ստանալ, բայց շատ էսպես հպանցիկ։ Կարևոր հանգամանքներից մեկը ինձ համար ո՞րն է, որ Միացյալ ազգեր հասկացությունը, ընդ որում անգլերեն տարբերակով՝ United Nations, որտեղ ազգ նշանակում է պետություն, չսխալվենք, հա՞: Այսինքն մեզ մոտ բառացի է թարգմանվել, և դա սխալ է ինչ-որ իմաստով: Ուրեմն, Միացյալ ազգեր հասկացությունը առանց կազմակերպություններ վերջին բառի ստեղծվեց 39 թվականին, երբ Բրիտանիան և ԱՄՆ-ն, և կարծեմ մեկ-երկու երկիր էլ պայմանավորվեցին պայքարել նացիզմի դեմ: Այսինքն դա, «անտանտ» էր, ինչպես և առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ միավորում, միություն ստեղծվեց՝ պատերազմելու, այդպես էլ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այն ժամանակ կոչվում էր Անտանտ, այս անգամ կոչվեց Միացյալ ազգեր: Հետո միայն արդեն պատերազմի սկսվելուց հետո՝ 41 թվականին, նոր դեկլարացիա ընդունեց այդ խումբը և դրան միացավ արդեն Խորհրդային Միությունը, երբ միայն Խորհրդային Միության դեմ պատերազմը սկսվեց՝ միայն դրանից հետո, մինչև էդ որովհետև նացիզմի հետ, եթե գիտեք, 39 թվականին Խորհրդային Միությունը միություն էր կազմել: Ուրեմն, դա եղել է արդեն պատերազմի ժամանակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ստեղծված կոնցեպտ, և նշանակել է ռազմական ալիանս, միավորում: Հետո, երբ պատերազմը դադարի էր գալիս, ստեղծվեց այդ ալիանսի, միավորման կազմակերպությունը: Մինչև հիմա, եթե նկատել եք, անգլերենով՝ «անգլոամերիկերենով», մենք ասում ենք United Nations, շատ քիչ էր լինում, որ  United Nations Organization, բայց մնացած գրեթե բոլոր լեզուներում ասում են կազմակերպությունը: Մի բան էլ ասեմ: Եթե գիտեք ՄԱԿ-ը ֆինանսավորվում է երկրների բյուջեներից, բոլոր պետությունների, ովքեր իր անդամներն են, և հիմա կարծեմ 190-ից ավել անդամներ ունի, այսինքն գրեթե որքան պետություն կա, բոլորը անդամ են, ճանաչված: Երբեմն կարող է ոչ բոլորի կողմից ճանաչված, չգիտեմ, օրինակ Կոսովոն անդամ է, թե ոչ, բայց այդ փողը բնականաբար հավասարաչափ չի գալիս, չէ՞: Կարո՞ղ ենք գուշակել, ո՞վ է ամենաշատ փողը տալիս: ԱՄՆ-ն իհարկե: Իսկ երկրորդը՞: Ճապոնիան և Գերմանիան, իրոք, ամենաշատ փող տվողներից են: Այսինքն նախկին թշնամիները, որովհետև իրենք շատ հպարտ են և փոխել են իրենց մոտեցումը հարցերի նկատմամբ և միավորված են այդ համակարգի մեջ և ուզում են այդ համակարգի մեջ մասնակցել:

Ուրեմն, մենք ՀԿ ենք: ՀԿ-ն քաղաքացիական հասարակության ինստիտուտների ինստիտուցիոնալիզացված տարբերակն է: Այն նաև անվանվում է ոչ կառավարական կազմակերպություն, և ՀԿ-ների պատմությունը մի քիչ ուրիշ է: Իհարկե, միջազգային կազմակերպությունների պատմությունն էլ չի սկսվում 45 թվին: Մինչ այդ կային և՛ Ազգերի լիգան, և՛, մինչ այդ կային, ասենք, Վեսթֆալյան համակարգը, և այլն: Այսինքն միշտ կային ինչ-որ համաձայնություններ: Բայց եթե մենք ասում ենք կարճ քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական սեկտորի պատմությունը, մենք սկսում ենք հայոց ցեղասպանությունից: Մի քիչ ավելի շուտ սկսում ենք Կարմիր խաչից՝ 1860-ականներին ստեղծվեց առաջին ոչ կառավարականը, հա՞, իսկ արդեն Նանսենի ստեղծած Նորվեգիայի փախստականների խորհուրդը ստեղծվեց հայոց ցեղասպանության հետ կապված, և այդ պահերից, առաջին համաշխարհային պատերազմից սկսեցին ստեղծվել ոչ կառավարական կազմակերպությունները, և դրանց խոսքը ահագնացավ արդեն միայն 50-60-ական թվականներից: Ուրեմն դա մի պատմություն է, զուգահեռաբար, ասենք, միջազգային կազմակերպության պատմությունը, և եթե, օրինակ, նայում եք, թե ինչպես է հումանիտար օգնությունը բաշխվում մեծ վթարներից հետո, կարող եք տեսնել, որ միջազգային կառավարական կազմակերպությունները, ասենք հենց ՄԱԿ-ը, մրցակցում են Կարմիր խաչի հետ՝ էն իմաստով, որ կարող է Կարմիր խաչը ավելի շատ հումանիտար գործունեություն ծավալի ֆինանսական գործունեության առումով տվյալ տարածքում, քան ՄԱԿ-ը: Եվ իհարկե այսօր արդեն անհերքելի փաստ է, որ ոչ կառավարական կազմակերպությունները դարձել են աշխարհի մի մասը, էսպես ասենք՝ կազմակերպման մի մաս: Այսինքն անհնարին է պատկերացնել այսօրվա աշխարհը առանց ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես և ասենք առանց ինտերնետի, բայց դա նորույթ է, համեմատաբար, համեմատաբար նորույթ է: Դա լրիվ չի ընկալվել։ Եթե մենք նայում ենք աշխարհի համակարգերին կամ մեր մտածողությանը հենց Հայաստանի ներսում, մենք կխոսենք կրթության մասին և կհասկանանք կրթական գոյություն ունեցող համակարգը՝ մանկապարպեզ, դպրոց, ինստիտուտ, համալսարան, ասպիրանտուրա: Մենք կխոսենք բիզնեսի մասին, կխոսենք կառավարական համակարգի մասին, բայց այն, որ դրանց կողքին գոյություն ունի, այդ բոլոր ինստիտուցիաների կողքին գոյություն ունի ոչ կառավարական, հասարակական սեկտորը, ավելի շատ մոդա է արտասահմանյան, եվրոպական, միջազգային և արևմտյան համակարգերի հետ զրուցելիս կամ նրանց մասին մտածելիս: Մի խոսքով նրանց հետ է կախված: Բայց այն փաստը, որ մեզ մոտ նույնպես արդեն դա ինստիտուցիոնալիզացված վիճակ է, մենք դեռ լավ չենք հասկանում, թե դա ինչ է նշանակում: Տեսնենք Ռուսաստանը. էնտեղ կռվում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դեմ, որոնք ֆինանսավորում են ստանում Արևմուտքից, բայց արդյոք անհետանում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, բնավ: Ոչ կառավարական կազմակերպությունները Ռուսաստանում՝ ձևեր գտնելով, նորերը առաջանալով շարունակում են գոյություն ունենալ: Իհարկե Խորհրդային Միությունը այնպիսի իրադրություն էր, որտեղ գրեթե չկար ոչ կառավարական կազմակերպություն, սակայն անունով նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ կային հասարակական կազմակերպություններ, ինչպես բոլորդ գիտակցում եք, և ես շատ հաճախ սիրում եմ նշել, որ ի վերջո այնպիսի կազմակերպություն, ինչպիսին գրողների միությունն է կամ նկարիչների միությունը, դրանք Խորհրդային Միությունից ժառանգած հզոր հասարակական կազմակերպություններ են, որոնք, ավաղ աշխատում են հին ձևով, մեծ մասամբ, դրա համար չեն դառնում, ոչ ոք չի ֆինանսավորում: Հենց դա է աշխատելը հին ձևով: Եթե սպասում ես, որ ինչ-որ մեկը քեզ կֆինանսավորի, դա նշանակում է՝ աշխատում ես հին ձևով: Ոչ մեկին աշխարհում ոչ մեկը չի ֆինանսավորում, այդպիսի համակարգ չկա: Ուրեմն մյուս խումբը կազմակերպությունների, որոնք նույնպես գոյություն ունեին մի պահ, հայրենակցական միություններն էին, օրինակ Խորհրդային Միությունում, հիմա էլ գոյություն ունեն, բայց մենք դրանք էլ բաց ենք թողնում, երբ մենք մտածում ենք Հայաստանի ՀԿ-ների դաշտի մասին: Բայց սա ես ձեզ ուղղակի ուզում էի ասեի, որ զուգահեռ քաղաքացիական հասարակության սեկտորը և միջազգային կազմակերպությունները զարգանում են, և աշխարհում ավելի ու ավելի մեծ տեղ գրավում իրենց գործունեության մեջ և մեր ամեն մեկի կյանքում: Ինչու՞ իմ ներկայացման այս թեման, չասեմ դասախոսության, չնայած մեծ մասամբ մոնոլոգ է լինելու, ինչու՞ է կոչվում «Հայաստանը միջազգային կազմակերպությունների ցանցում», որովհետև եթե մենք նայենք Հայաստանի այսօրվա ներգրավվածությանը, ընդգրկմանը, մենք կտեսնենք, որ նա բազում միջազգային կազմակերպությունների մեջ է ներգրավված և նույնիսկ կարող է ներգրավված լինել միջազգային կազմակերպությունների մեջ, որոնց անդամը չէ, գործ ունենալ նրանց հետ, և՛ Հայաստանը, և՛ հայությունը, և՛ հայերը: Եվ էլի, ես իհարկե միշտ կենտրոնականը սկսում եմ ՄԱԿ-ից, բայց երևի կան ուրիշներն էլ: Եկեք մի քանի միջազգային կազմակերպություններ ասենք, գրենք էստեղ: Խնդրեմ, միկրոֆոնով, ո՞վ է ուզում ասել: ՄԱԿ-ը գրեմ, մնացածը դուք ասեք:

16:41- Եվրամիություն։

16:42- Եղավ

16:43- Եվրոպայի Խորհուրդ, ՀԱՊԿ, Սևծովյան տնտեսական համագործակցություն միությունը։

16:55- Շատ լավ, մեկը ասեց Համաշխարհային բանկ, ՆԱՏՕ, ՕՊԵԿ, շատ լավ, ԵԱՀԿ և ասվեց ԱՄՆ ՄԶԳ և դա շատ կարևոր է, հենց էստեղ կանգ առնենք, որովհետև սա միջազգային չէ, սա մեկ պետության կազմակերպություն է, բայց շատ կարևոր է դա նշել: Շնորհակալություն։ Իհարկե, իրենք բազում են, և էլի եմ ասում՝ ոմանց անդամ կարող է Հայաստանը լինել, ոմանց չլինել, հա՞: Ասենք ՆԱՏՕ-ի հետ թեև անդամ չէ, էլի ունի հարաբերություններ, իսկ ասենք ամերիկյան կազմակերպությունների միություն կա այդպիսի, նրանց հետ չունի ոչ մի ձևի էդպիսի պայմանագրային հարաբերություն, բայց էլի առնչվում է: Ուրեմն, հիմա եթե մենք նայենք, այ տեսեք ասվեց ՄԱԿ, հետո առանձին ասվեց Համաշխարհային բանկ: Համաշխարհային բանկը մի քանի ինստիտուցիա է իրականում, չէ՞: Առնվազն հինգ, եթե չեմ սխալվում և համարվում է ՄԱԿ-ի ընտանիքի անդամ: Այսինքն ՄԱԿ-ը ավելի վերադիր կազմակերպություն է, քան Համաշխարհային բանկը: Այդպես չէ այլ կազմակերպությունների դեպքում: Օրինակ՝ Եվրամիությունը իրեն չի համարում ՄԱԿ-ի ինչ-որ փիլիսոփայության շարունակություն, հա՞, ՆԱՏՕ-ն չի համարում, ՕՊԵԿ-ը չի համարում, Եվրոպայի խորհուրդը չի համարում: Իհարկե նրանք մեծ կապեր ունեն: ԵԱՀԿ-ն չի համարում: Շատ ուժեղ կապեր ունեն, բայց տարբեր են: Հիմա եթե խոշորացույցով պատկերացնենք, որ նայում ենք սրանցից որևէ մեկին: Սկսենք ՄԱԿ-ից, որը էլի ամենակարևորներից մեկն է: ՄԱԿ-ի ընտանիքի մեկ անդամ գտանք: Դա Համաշխարհային բանկն էր: Կա՞ն արդյոք այլ ՄԱԿ-ի ընտանիքի անդամներ: Ո՞վ կարող է ասել: Լսում եմ:

19:04 Կա, Պարենի և գյուղատնտեսության միջազգային կազմակերպություն։

19:06 UNESCO, UNDP, UNICEF, UNFPA և այլն, և այլն և այլն: Սկսեց ձևավորվել ՄԱԿ-ի ընտանիքը: Խոսենք գուցե Եվրոպական միության մասին: Ի՞նչ մասնաբաժիններից է բաղկացած: Հայ ժողովուրդը, երբ հարցումներ են անում հաճախ ասում է, մենք Եվրոպական միության անդամ ենք, որովհետև խառնում են Եվրոպայի խորհրդի հետ: Եվ իրոք խառնաշփոթային է, որովհետև նաև Եվրոպական միության խորհուրդ գոյություն ունի, կա Եվրոպական հանձնաժողով, չէ՞, կա առանձին Եվրոպական դատարան և պառլամենտը: Առնվազն այսքանը: Սրանք կառուցվածքային մասեր են: Սրանք, ՄԱԿ-ին եթե նայենք, ոչ թե ընտանիքի անդամներ են, այլ կառուցվածքի մասեր են: ՄԱԿ-ի կառուցվածքային մասերը էդ դեպքում կլինեին Ավտանգության խորհուրդը և Գլխավոր ասամբլեան, և էլի մի երկու օրգան կա այստեղ՝ ավելի քիչ հայտնի, որոնք կառուցվածքային մասով ՄԱԿ-ին են պատկանում: Հիմա ես ինչու՞ եմ էս ամեն ինչը ասում, որը թվում է, թե բոլորս էլ քիչ, թե շատ գիտենք, որովհետև և՛ ամենաբարձր մակարդակի վրա, և՛ իրենց յուրաքանչյուր ինստիտուցիայի մակարդակի վրա, այս կազմակերպությունները զբաղված են ինչո՞վ, անընդհատ գաղափարներ, ծրագրեր և քաղաքականություններ արտադրելով: Երբ ասում են բյուրոկրատ, դրա մեջ և՛ լավ իմաստ կա, և՛ վատ իմաստ կա: Եթե մենք մի պահ վատ իմաստից դուրս գանք, հա՞, օրինակ սոցիոլոգիայում,  սոցիալական տեսություններում բյուրոկրատ հասկացությունը կարևորագույն, մեխային հասկացություններից մեկն է, նշանակում է, որ ժամանակակից պետությունները իրենց հաջողության հասնելու համար պետք է ստեղծեին հզոր բյուրոկրատիա: Նույն կերպ մենք խոսում ենք ՄԱԿ-ի,  Եվրամիության և այլ կազմակերպությունների բյուրոկրատիաների մասին: Դրանք հզոր օֆիսներ են, շատ զարգացած, շատ կարող անձնավորություններով համալրված, հզոր անձնավորություններ են, որոնք անընդհատ որոշումներ են ընդունում, քաղաքականություններ են ստեղծում և ազդում են աշխարհի վրա, և մենք կարող ենք տեսնել, զգալ մեր վրա այդ ազդեցությունը: Երբ ՄԱԿ-ը ստեղծվեց, առաջին փուլում նա մոտավորապես յոթը հիմնական ուղղություն ստեղծեց: Այսինքն տարբերությունն ի՞նչն էր ՄԱԿ-ի ստեղծման 45 թվի և նախորդ բոլոր, ավելի թույլ այդպիսի փորձերի: Տարբերությունն այն է, որ ի տարբերություն ռազմական միություն ստեղծելուց և անվտանգության հարցերի վրա կենտրոնանալուց, ՄԱԿ-ը և՛ դա արեց, և՛ անվտանգության հարցերի վրա կենտրոնացավ և նաև կենտրոնացավ միջազգային զարգացման հարցերի վրա: Նույնը՝ ՄԱԿ-ի շնորհիվ ի վերջո և ամերիկյան ազդեցությամբ ստեղծված և այդ պահերին, այդ թվերին արդեն սկսում էին մտածել, բյուրեղացնել այդ գաղափարը՝ Եվրամիության գաղափարը, Եվրոպական միության: Խոսքը ոչ միայն անվտանգության համակարգի մասին է, այլև զարգացման, իսկ դրանք սկզբունքորեն տարբեր բաներ են, որովհետև գործնականում անվտանգությունը նշանակում է ներփակվել, անընդհատ մտածելով է վտանգը, այսինքն դա ինչ-որ իմաստով բացասական տարր ունի մարդկային զարգացման տեսակետից, իսկ զարգացումը ընդհակառակը՝ բաց, դեպի առաջ գնալ և ահա ՄԱԿ-ը խնդիր է դնում ամբողջ աշխարհով մեկ զարգացում ստեղծել: Այսինքն, որ մարդիկ ավելի քիչ մեռնեն, ավելի ուշ մեռնեն, ավելի լավ պայմաններում ապրեն և այլն: Եվ դա հետո սկսում է դառնալ սկզբունքներ: Ես ինչու՞ եմ, էլի եմ ասում, այս անգամ սրանից սկսում, ինչու՞ ենք մենք այս դպրոցը սրանից սկսում, որովհետև եթե ՀԿ-ն չի պատկերացնում, որ ինքը այս մեծ ընտանիքի մասերից մեկն է, եթե ինքը չի պատկերացնում, թե աշխարհի գաղափարները հիմնականում միջազգային զարգացման, աշխարհի զարգացման որտեղ են ծնում, որտեղ են ձևավորվում, ապա նա չի կարողանա ճիշտ կողմնորոշվել՝ և՛ հայտերին դիմելու, և՛ իր գործունեության մեջ: Այսինքն ես Ձեզ խորհուրդ եմ տալիս, կամ մասնագետ դառնալ այս որևէ միջազգային կազմակերպության գործունեության մեջ, իսկ դա հեշտ է, որովհետև ինտերնետում հսկայական քանակությամբ կա ինֆորմացիա, կամ ունենալ մասնագետ մոտիկից, և այդ մասնագետը չպիտի լինի միայն տնտեսագետ, և դա չպիտի լինի միայն իրավագետ: Դա պիտի լինի ավելի հումանիտար մասնագետ, որը նաև Կանտի գաղափարներից է հասկանում և կարող է հասկանալ թե Եվրամիությունը ինչպես է աշխատում, ինչու՞ է աշխատում, ներքինից զգալ, երևակայել: Իհարկե, իմ այս ասածները քարի վրա փորագրված բաներ չեն, բայց ինձ դա է օգնում այս կյանքում շփվել աշխարհի հետ՝ և՛ իմ կազմակերպության ներսում, և՛ հանդիպումների ժամանակ բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, և՛ իմ գործունեության մեջ, և՛ անձնական, և՛ կազմակերպության հետ կապված: Ես ներսից մի քիչ զգում եմ, շատ քիչ գիտեմ, որովհետև սրանք շատ բարդ, ինչպես ասացի, կառույցներ են, բայց ներսից զգում եմ, թե ինչպես են իրենք աշխատում, մի քիչ հասկացել եմ, ունեմ շրջապատ այդ կառույցների ներսում և այդ կառույցների, եթե հնարավոր է լինում նաև, քիչ թե շատ գլխավոր, բարձրաստիճան դերակատարներին աշխատում եմ ճանաչել, եթե ոչ անձամբ, ապա գոնե նրանց պրոֆիլը՝ ներքին, որովհետև մենք գիտենք, որ անձը կարևոր պաշտոնի վրա, քաղաքականության վրա ուժեղ ազդում է, նույնիսկ եթե դա պետական եռանկյունի, բուրգային համակարգ չէ, որտեղ ավտորիտար լիդերն է վերևում նստած, բայց նույնիսկ Մոգերինին ազդում է, բնականաբար, Եվրամիության արտաքին քաղաքականության վրա: Նույնիսկ, բնականաբար, Պան Գի Մունը ազդում է ՄԱԿ-ի ամբողջ գործունեության վրա: Ուրեմն պետք է ճանաչել, իմանալ, թե դու որ ընտանիքին ես պատկանում, որտեղից ես գալիս: Այսինքն, բացի հայկական ՀԿ-ներից, բացի աշխարհի քաղաքացիական հասարակությունից, մենք՝ որպես քաղաքացիական հասարակության մասնիկ, այս ընտանիքի մաս ենք: Ընդ որում մեկը՝ շատ, մյուսինը՝ քիչ: Այսինքն պարզ է, եթե դու ռազմական հարցերով չես զբաղվում, կարող է ՆԱՏՕ-ի հետ ոչ մի հարցում, երբևէ ոչ մի առնչության չմտնես:

Ուրեմն ասացի, որ սկսվեց յոթը բավական լայն ուղղություններից. ջուր և սանիտարական վիճակ, իրար հետ փոխկապակցված, տեսեք ինչ հետաքրքիր է: Այսինքն մի բան է, որ դու ծարավում ես, գիտեք ջրի պակաս կա աշխարհով մեկ շատ տարածքներում, մի բան է, որ դա կապվում է սանիտարական իրավիճակի հետ: Հետո նաև առողջապահություն որպես առանձին գիծ, ուսում, ուսուցում, տանիք, մարդու իրավունքներ, կյանքի հնարավորություն, այն որ կոչվում է Livelihood, չգիտեմ ինչպես թարգմանել, և ֆինանսներ: Հետո քսան-երեսուն տարի այդ ուղղություններով աշխատելով, ընդ որում հասկանալի է չէ՞, դա ուղղություն է, հետո ճյուղավորվում է, հետո հանդիպում է ամեն երկրում իր պարագաներին, ըստ այդ երկրի ստեղծվում են հատուկ քաղաքականություններ: Այսինքն եթե պատկերացնենք ցանկացած այդպիսի ուղղություններ, ասենք յոթ ուղղություններ, այ սա սրանցից մեկն է, սրանցից սկսվում են այլ ուղղություններ բաժանվել, այստեղից այլ ուղղություններ, ու սա դառնում է քաղաքականություն: Հետո եկան «Millenium»-ի նպատակները՝ Հազարամյակի նպատակները: Հազարամյակի նպատակներից էին աղքատությունը հաղթել, ամենասոսկալի աղքատությունը, ստեղծել այնպիսի իրադրություն, որ մարդիկ, երեխաները տարրական կրթություն են ստանում աշխարհով մեկ՝ բոլորը, գենդերային հավասարությունը և կանանց իրավունքները: Իջեցնել, նվազեցնել մանկական մահացության դեպքերը աշխարհով մեկ, կանանց առողջությունը, ՄԻԱՎ-ը, ՁԻԱՀ-ը, մալարիան և այլ նման հիվանդությունները, շրջակա միջավայրը և ստեղծել զարգացման համար համաշխարհային, գլոբալ համագործակցություն, որը ամենատեսական գիծն է: Հիմա նախորդ յոթը ասպարեզներում պատկերացրեք, որ տասնհինգ տարվա ընթացքում հաջողության հասցվեց աշխարհով մեկ: Մենք հիմա հաճախ ենք վատ նորությունների ազդեցության տակ մտածում՝ էս ու՞ր է գլորվում աշխարհը, բայց սառնասիրտ գիտնականները և սոցիոլոգները և միջազգային կազմակերպությունների ջատագովները մեզ ասում են, որ մինչ այժմ դեռևս դրական տենդենցներն են շարունակվում, որ այս տասնհինգ տարվա ընթացքում, եթե մենք նայենք այդ յոթ ուղղությունների զարգացման իրադրության վրա, ես չեմ ուզում գրաֆիկը ցույց տալ, բայց շատ կարճ էստեղ ցույց տամ: Ուրեմն էսպիսի վիճակ է լինելու, ինչ-որ հարցերում զարգացումը շատ ուժեղ է գնացել, որոշ հարցերում գրեթե նույնն է մնացել, իսկ այն հարցերում, որտեղ ընդհակառակը, պետք էր կասեցնել ինչ-որ բան, օրինակ աղքատությունը քչացնել՝ քչացել է: Սա՝ այս մեջտեղի գծերից մեկը, որտեղ քիչ զարգացում է եղել, դա մարդու կյանքի տևողությունն է, բայց էլի կա վերելք: Եվ խոսքը 70 կամ 80 թվականների, մինչև 15 թիվը իրադրություն է և հիմա էլ այդ տենդենցը բնականաբար շարունակվում է: Եվ երբ ասում են պատերազմներ, օրինակ պատերազմները շատ ուժեղ են իջել, բայց իհարկե ի նկատի ունեն միջպետական պատերազմները, իհարկե ներպետական պատերազմների քանակը շատ է ավելացել, սակայն դեռ այնտեղի զոհերի քանակը այնպիսի մեծ թիվ չի կազմում, որպեսզի ազդի նախկին միջպետական պատերազմների զոհերի քանակի վրա, որպեսզի համեմատելի լինի: Այսինքն մենք դեռևս ապրում ենք, և Աստված տա, որ այդպես էլ շարունակվի, հաջողությամբ զարգացող աշխարհում՝ աշխարհում, որը նպատակներ է դնում իր առջև և այդ նպատակներին հասնում է: Իհարկե, կարող ենք չհամաձայնել այդ թեզի հետ: Երեկ մենք կարդացինք, որ Հայաստանում կա 15% երեխաներ՝ հինգից ցածր տարիքի, որոնք սոված են մնում և 15%, որոնք չափից դուրս գեր են, ինչը նշանակում է, որ էլի սխալ են սնվում: Մենք անընդհատ հանդիպում ենք այդ վիճակին: Եթե իրադրությունը դնես մեր վրա ի՞նչ է ստացվում և ինչու՞մն է մեր դժվարությունը հաճախ և՛ որ ասում են փողը քիչ է, և՛ որ ասում են դոնորները գնում են, որովհետև Հայաստանը մի կողմից չի կարողանում իր պրոբլեմները հաղթահարել մեկընդմիշտ, մյուս կողմից այդքան վատ վիճակում չի գտնվում, ինչպես մի շարք այլ երկրներ աշխարհի, որոնց համար էլ նախևառաջ ստեղծվում են այս ուղղությունները: Բայց նշենք նաև կայուն զարգացման ուղղությունները, արդեն հաջորդ փուլի՝ 2015-ից հետո: Սովը վերացնել իսպառ, շարունակել զարգացնել մարդկանց առողջությունը, որակական ուսուցում, գենդերային հավասարությունը մնում է, ջուրը և սանիտարական վիճակը մնում է, մաքուր էներգիա, տնտեսական զարգացում և արժանապատիվ աշխատանք: Ես ուզում եմ այս արժանապատիվ բառը, որ աշխատանքի հետ է կապված, ուզում եմ առանձին գրել, որովհետև այս ամբողջ փիլիսոփայությունը՝ սկսած Կանտից և նրանից էլ շուտ, որ մարդկությունը պետք է ունենա արժանապատիվ կյանք, այս արժեքի  նկատմամբ է, և այս արժեքը մարդու իրավունքների դեկլարացիայում առաջին տողում է նշված, 48 թվականի: Անհավասարության քչացում, չեն ասում վերացում՝ նվազեցում: «Ինդուստրիաներ»–ի, ինֆրաստրուկտուրաների զարգացում և իննովացիաների զարգացում, կայուն քաղաքներ և համայնքներ, պատասխանատու սպառում, կլիմայի հարցը, գիտեք,  որ այսօր ամենաշատ շոշափվող հարցերից է, կյանքը ջրի տակ: Խոսքը ստորջրյա, ստործովյա կենդանական և բուսական աշխարհի մասին է, կյանքը երկրի երեսին, խաղաղություն և արդարություն և կրկին համագործակցություն այդ նպատակներին հասնելու համար: Հիմա, էդ համագործակցություն բառը շատ կարևոր է, դուք լսել եք PPP, Public Private Partnerships, այսինքն հասարակական և մասնավոր համագործակցություն: Այստեղ էլ համագործակցությունը նրա մասին է, որ այս քաղաքականությունները ձևավորվում են, սակայն պետությունները հետո, եթե իրենք նույնիսկ համաձայնվում են, որ թող սա լինի քաղաքականությունը, հետո առանձնապես գործ չեն անում դա իրագործելու համար: Մանավանդ տեսնում եք, որ ՄԱԿ-ին փողը անհավասար են տալիս՝ ըստ իրենց բյուջեի, շատերը պարտքը չեն կատարում նույնիսկ էն փոքր մասով, որ պիտի տան փողը ՄԱԿ-ին: Այսինքն դա կոչվում է նապաստակի էֆեկտ՝ փողը ՄԱԿ-ից կգա ինչ-որ չափով, բայց պետությունը առանձնապես գործ չի անում, որպեսզի այդ նպատակներին իրոք հասնի կայուն կերպով: Բայց այս առաջին ցանցն է նպատակների, որի մեջ Հայաստանը այսօր գոյություն ունի: Առաջին մակարդակի, համաշխարհային մակարդակի: Կան հարցեր, որոնք մեզ այդքան չեն վերաբերվում, սակայն նույնիսկ ամենա, թվում է, թե հեռու հարցը՝ կյանքը ջրի տակ, սարսափելի շատ է մեզ վերաբերվում, որովհետև մենք ունենք և՛ Սևան, և՛ ունենք հատուկ գետերի այդ համակարգը, որպիսին աշխարհում այլևս ոչ մի տեղ չկա և մենք ունենք բնություն, վայրի բնություն, որը օրինակ Եվրոպայում չկա, որը սարսափելի մեծ արժեք է այսօր աշխարհում, եթե այդ բնությանը ճիշտ նայեն: Ու մենք դա չենք գիտակցում: Այսինքն բոլոր այս հարցերը ռելեվանտ են Հայաստանի համար, բայց սրանցից ընտրվում է մի մասը և մի մասը ավելի է դետալիզացվում, մանրամասնվում և ըստ դրա ստեղծվում է քաղաքականության մեկ այլ մակարդակ, օրինակ Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում այն բանակցությունները, որոնք հիմա տեղի են ունենում ինչպես գիտեք, քանի որ Հայաստանը գնաց Եվրասիական տնտեսական միության հետ, այդ բանակցություններում տնտեսականը արդեն այդքան էլ մեծ դեր չի կատարում, բայց կառավարման հարցերը, մարդու իրավունքների ռեֆորմի հարցերը, նման հարցերը շատ մեծ դեր են սկսել կատարել, չնայած տնտեսականն էլ մնում է, բայց էլի Հայաստանի շահերից ելնելով, ինչպես ցույց է տալիս օրինակ գյուղատնտեսության զարգացումը: Ուրեմն, եթե պատկերացնենք այս քաղաքականությունների խոշոր մասը, որը ես նոր թվարկեցի և եթե պատկերացնենք, որ այս պահին խաղի մեջ է մտնում Եվրամիությունը, և  նա սկսում է Հայաստանի հետ բանակցել: Այդ բանակցության կետերը անպայման այս կամ այն կերպ առնչվում են այնտեղ: Եվ էլի հարց է առաջանում՝ վաղը ի՞նչ կետ է լինելու: Ո՞վ է ստեղծում այդ կետերը: Գիտնականները, այն մարդիկ և ինստիտուցիաները, որոնք ապագայի մասին են մտածում: Ինչու՞, օրինակ, գենդերը: Որտեղի՞ց առաջացավ: Առաջ ֆեմինիզմ էր, չէ՞: Ինչու՞ է համարվում որ դա սկզբունքային հարց է աշխարհի զարգացման համար: Ո՞վ է դա հորինել: Եվ գիտեք, թե ինչքան բացասական վերաբերմունք է հաճախ առաջացնում տարբեր խմբերի մոտ, բայց դա դարձել է խոշորագույն և կարևորագույն սկզբունքներից մեկը աշխարհի զարգացման: Եվ այն փաստը, որ այստեղ կանանց թիվը ավելի մեծ է, քան տղամարդկանց, ցույց է տալիս, որ դա իմաստ ունի: Ուրեմն, մյուսը՝ ի՞նչ է լինելու, հա՞, օրինակ կայուն զարգացում ձևակերպումը որտեղի՞ց է եկավ: Սկզբում դա եկավ էկոլոգիայից, հիմա դա արդեն փիլիսոփայական կոնցեպցիա է, այսինքն կայուն շրջակա շրջապատ ստեղծել, այսինքն վարի չտալ շրջակա շրջապատը: Հիմա դա մի կատեգորիա է, որը քաղաքականացված է և խոսքը գնում է կայուն զարգացման մասին: Այսինքն, եթե մենք ծրագիր ենք մտածում, այնտեղ կա անպայման մաս՝ կայունությունը: Այսինքն, երբ փողը տրվեց, գործը արվեց, ի՞նչ է դրանից մնալու: Ինչպե՞ս ստեղծել մի բան, որ եթե երբևէ ոչ ոք նույն հարցի համար փող չտա, հարցը լուծված լինի, կամ ինքն իրեն սկսի լուծվել: Կարևորագույն մի սկզբունք, որը շատ դժվար է իրագործել, եթե քեզ տալիս են 10,000 դոլար և ասում են Հայաստանում լուծի, ասենք թե սոված երեխաների հարցը: Բայց մտածել, թե ինչպես ստեղծել կայունության սկզբունք ծրագրի մեջ շատ կարևոր է, և կարևոր է ոչ միայն դոնորի համար և կարևոր է ոչ այնքան: Մեզ համար է կարևոր, որովհետև մյուս անգամ այդ 10,000 դոլարը կարող է չգալ ու մենք էս երկու օրը դրա մասին ենք մտածելու: Այլ կոնցեպտներ, կոնցեպտներ, որոնք առայժմս գուցե և չեն մտել քաղաքականության այս մակարդակի վրա, սակայն դրանք անընդհատ մտածվում են և վաղ, թե ուշ գուցե և մտնեն: Օրինակ գլոկալիզացիա՝ գլոբալիզացիայի և լոկալիզացիայի համարդրություն: Ես չեմ էլ ուզում հիմա սկսել քննարկել ձեզ հետ, թե դա ինչ է նշանակում, դուք կարող եք տարբեր պատկերացումներ ունենալ և ամեն ինչն էլ ճիշտ կլինի: Բայց սկզբունքներից մեկը ստեղծեց ինչ որ մի գիտնական և հիմա շրջանառվում է: Կամ սկզբունք, որը ինտերնետի  մասնագետների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների աշխատանքից ծնվեց և նրանք որոշեցին մոնոպոլիաների դեմ դուրս գալ, թանկանոց ծրագրերի դեմ`crowd-funding: Սկզբում կոչվում էր crowd-sourcing: Այսինքն ժողովուրդը իրար գլխի էր գալիս և միասին ստեղծում էին ինչ որ մի բան ձրի տեղը և ով երբ է աշխատում, ոնց է աշխատում, ով երբ կարող է, ինչպես է այդ կամավոր աշխատանքը դառնում կազմակերպված և արդյունքի բերում, ինչ-որ չափով մնում է գաղտնի: Գալիս է մարդկանց էնտուզիազմից: Ես ձեզ պիտի ասեմ, որ սոցիալական շարժումները, սոցիալական շարժում հասկացությունը նույնպես միջազգային քաղաքականությունների մեջ, համաշխարհային, գլոբալ քաղաքականությունների մեջ կարևորագույն հասկացություններից մեկն, որը նախ մենք մեր աչքով էինք տեսնում, որ սկսեցին զարգանալ ու ստեղծվել, հա՞, երկրորդը՝ հասկանալի է, որ միջազգային զարգացման համար հսկայական նշանակություն ունեն: Երբեմն կարող է և բացասական նշանակություն ունենան: Հաճախ, եթե քաղաքականի են վերածում և հեղափոխականի, արյան և զոհերի հետ են առնչվում: Բայց սոցիալական շարժումները՝ որպես մի փաստ աշխարհի, երևույթ, համեմատաբար ասած, որը միջազգային զարգացմանն է առնչվում, արդեն ճանաչված փաստ է: Վաղը կարող է լինել ևս մեկ հասկացություն: Մենք կարող ենք հասկացություն հորինել և այնքան հաջող լինի, որ աշխարհով սկսի ընկալվել: Մի հասկացություն, որը այս վերջերս Նոբելյան մրցանակի արժանացավ, եթե հիշում եք, սոցիալական ձեռնարկատիրության հետ կապված, որը նույնպես այս ընտանիքի հասկացություններից է, հնդիկ մի մարդու ձևն էր, փոքր կանանց, փոքր վարկեր տրամադրելու համակարգը, որի շնորհիվ նա քանի միլիոն հոգու համար ստեղծեց, ոչ թե նա ստեղծեց, այլ այդ կանայք իրենք իրենց համար ստեղծեցին կայուն հնարավորություններ:

Ես գրեթե վերջացրի, մի բան էլ եմ ուզում ավելացնել, որ եթե իմանայինք, օրինակ, Եվրամիություն և Հայաստան պայմանագրերի այդ զարգացմանը կամ մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ մի փաթեթ, որը Հայաստանը հանձն է առել ինքն իր նպատակներից ելնելով իրագործել: Ձեզնից ոմանք երևի գիտեն, դա բաց տեղեկատվություն է, և այդ փաթեթում կա ասենք մի այսպիսի դետալ, որ հարցաքննությունների տեղը երեխաների դեպքում, պիտի հատուկ ձևի կահավորված լինի և պետք է ներկա լինի քննիչ, որը անցել է հատուկ մասնագիտական պատրաստություն: Ես ինչի՞ եմ էդ օրինակ բերում: Դուք տեսեք՝ ինչ մանրամասն փոքրիկ դետալ, այսինքն դա արդեն այս մի դետալի ինչ որ մի դետալն է, և այդպիսի դետալներ, մի տարվա, երկու տարվա մեջ, որ Հայաստանը հանձն է առել, որ պիտի իրագործի կամ գոնե առաջընթաց արձանագրի, գրեթե երկու հարյուր են, եթե չեմ սխալվում: Այսինքն մենք ապրում ենք այդ իրադրության մեջ, այդ ցանցի մեջ: Մենք վաղը զգալու ենք մեր մաշկի վրա այդ բոլոր պայմանագրերը, այդ բոլոր հանձնառությունները, այդ բոլոր քաղաքականությունները, որոնց մեջ Հայաստանը ընդգրկված է՝ իրագործվում են, թե՝ ոչ, որքանով են իրագործում, արդյոք կա տեղաշարժ, արդյոք ինչ-որ բան փոխվում է, թե ոչ: Եվ մենք մասնակցում ենք արդ փոփոխության մեջ: Եթե մենք լավ ենք պատկերացնում այս քաղաքականությունները, մենք կարող ենք ավելի լավ պատկերացնել դետալայինը և մեր անելիքները և կարող ենք նաև ազդել նրանց վրա, որովհետև ասել կարող են, որ գիտեք ինչ, Հայաստանին այս իրադրությունը չի համապատասխանում։ Որովհետև ինչպես գիտեք, քննադատությունը միջազգային կազմակերպությունների, հատկապես, ասենք համաշխարհային բանկի, բայց նաև ՄԱԿ-ի, հաճախ գալիս է, բացի կոռուպցիայից նաև այն մասին, որ իրենք առանց խորանալու տեղանքի էության մեջ, քանդում են, փոխանակ կայուն իրադրություն ստեղծեն։ Գալիս են և իրենց ռեֆորմներով քանդում են ինստիտուցիաները և անկարող են լինում նոր ինստիտուցիաները այնպես հիմնադրել, որ նրանք լավ աշխատեն, կամ տեղակալներն են անկարող լինում դա անել: Լսում են՝ վարկը վերցնում են, ռեֆորմը անում են, հետո ընկնում են կրակը: Եվ Հայաստանի ռեֆորմիստների առաջին սերնդին նույնպես մեղադրում են հաճախ դրա մեջ, չէ՞, որ լսում էր Արժույթի միջազգային հիմնադրամին կամ Համաշխարհային բանկին և այլն, և այլն: Բայց մենք կարող ենք ազդել, և էստեղ մի բան էլ ասեմ և լրիվ վերջացնեմ արդեն: Ուրեմն տեսեք, Բարաք Օբաման վերջերս տվեց մի հարցազրույց, որը շատերի կողմից համարվում է իր հրաժեշտի ռազմավարական հարցազրույցը, որտեղ նա արտահայտեց հետևյալ մոտեցումը, ես բառացի չեմ կարող կրկնել, բայց այն մոտեցումը, որ մարդիկ իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը: Մեզ մոտ կա նաև սխալանքի այդ կողմը, մի կողմից մենք ասում ենք՝ սխալ են էս միջազգային կազմակերպությունները, որ գալիս են Հայաստան առանց մեզ լսելու, հասկանալու մեզ հետ գործ են բռնում ու մենք քանդում ենք շատ բաներ, որ պետք չէր: Մյուս կողմից մենք լսում ենք հակառակ թեզը, հատկապես ՀԿ-ների, դեռ երիտասարդ, նոր ստեղծված սերունդների կողմից, որ փող չեն տալիս, փող չկա, չեն ուզում մեզ աջակցել և այլն: Հիմա աշխարհը գնում է դեպի նրան, որ հենց այդ առաջին հարցը, որ ես ասացի, դրա վերաբերյալ քննադատությունից խուսափելու համար և՛ միջազգային կազմակերպությունները, և՛ միջազգային այնպիսի խաղացողները, ինչպես արևմտյան երկրներն են, ասում են՝ ձեր վրա է, սուվերենը դուք եք՝ ժողովուրդն է սուվերենը, ձեր երկրի վրա է, դուք պիտի հարցը լուծեք: Շատ նման է այն լոզունգին, որ մենք ենք սիրում ասել, որ «Հայաստանը ես եմ», «ես եմ տերը այս քաղաքի» և այլն, և այլն: Իրենք էլ նույն բանն են ասում: Այսինքն մեր փոխարեն դա ոչ-ոք չի անելու և դա համաշխարհային տենդենց է, և՛ հաջողությունը, և՛ անհաջողությունը ռեֆորմների որոշվում է ոչ թե նրանով արդյոք նա է մեղավոր, թե նա է մեղավոր: Որոշվում է նրանով, թե մենք այստեղ ինչ արեցինք: Եվ եթե մենք ունենք կոռուպցիա և ունենք վատ հասարակարգ և ունենք դատական համակարգը վատ վիճակում և գործազուրկների հսկայական բանակ և այլն, և այլն, մեր մեղքն է, մի քիչ ավելի ավագ սերնդի մեղքը ավելի շատ, իսկ ավելի երիտասարդ սերնդի մեղքը նույնպես հասունանում ու գալիս է և վաղը, մյուս օրը դուք էլ ինձ պես, ավելի երիտասարդ սերնդին կասեք. «գիտեք ինչ, չկարողացանք»: Այ ինչքանով որ կարողացանք, դա է տարբերությունը: Բայց մի բան էլ: Մենք պիտի հասկանանք, որ մենք այս ընտանիքների անդամ ենք: Մենք պիտի հասկանանք, որ մենք կարողանում ենք օգուտ բերել, եթե մենք դառնում ենք լավ մասնագետ ռեֆորմների, հանրային գործունեության ասպարեզում: Մենք կարող ենք օգուտ բերել ոչ միայն մեր հասարակարգին, ոչ միայն մեր երկրին, ոչ միայն մեր համայնքին, այլև մեր համայնքի հարևան համայնքին և մեր երկրից դուրս: Մենք կարող ենք դառնալ միջազգային զարգացման մասնագետ: Եվ դուք գիտեք, շատերի մոտ այդպիսի զարգացում է լինում: Օրինակ հենց մեր օֆիսից, մենք հիմնադրամ ենք, բայց, փաստորեն տեղական հիմնադրամ ենք, աշխատակիցները գնում են աշխատելու ՄԱԿ-ում և այլն, և այլն: Ու հարց է առաջանալու: Եթե դու աշխատում ես ՄԱԿ-ում Ինդոնեզիային օգուտ տալու համար, բայց դու հայ ես, հայաստանցի կամ նույնիսկ ոչ հայաստանցի, սփյուռքահայ: Դու ինչպես ես հարմարվում քո գործունեությանը և քո ինքնությանը: Այդ հարցը ինչպե՞ս ես լուծում քեզ մոտ: Եվ քանի որ տարիներ շարունակ աշխատել եմ արտասահմանում, ես այդ հարցը միայն մի ձևով էի ինձ համար լուծում, որ ես ամեն ինչ անում եմ, որ օգուտ լինի Հայաստանին ու հայությանը: Դա մի քիչ, էսպես, ուղղակի ասված բան է, հա՞, իմ պես մարդկանց, իմ տեսակին: Ես էդպես լուծեցի այդ հարցը: Մարդ կա, որ երևի լուծում է ճիշտ հակառակ ձևով, ասում է. «կապ չունի ես ով եմ, ես ունեմ սկզբունքներ, ես ունեմ աշխատանքային սկզբունքներ, որտեղ հանձնարարել են, ես այնտեղ էլ աշխատում եմ»: Նույնպես լեգիտիմ ընտրություն է: Բայց ես ուղղակի ուզում էի ձեզ ցույց տայի, որ այդ ինքնության և գործունեության խաչմերուկը մեզ շատերիս սպասելու է: Եվ հատկապես եթե Հայաստանում ենք գտնվում և եթե մեզ մոտ գալիս է միջազգային կազմակերպություն, որ ինքը ուզում է տասնհինգերորդ անգամ, վերջին տասը տարվա ընթացքում անել այն նույն բանը, որը վերջին տասնչորս անգամ էլ, դու որպես մասնագետ գիտես, որ ոչ մի հետևանք չի թողել, ոչ մի օգուտ չի բերել, Աստված տա, որ վնաս չի բերել: Դու ինչպես ես այդ նոր, երիտասարդ, ուրախ գործչին համոզում, որ գիտեք ինչ՝ եկեք դուք էլ ազդեք ձեր ղեկավարության վրա և փոխենք էս քաղաքականությունը, որովհետև էլի օգուտ չի բերելու, ափսոս ա էդ ներդրումը, հա՞: Էդ հարցը մենք շատ հաճախ ենք հանդիպում ու շատ դժվար ենք լուծում, հիմնականում ստատիստիկորեն մենք ասում ենք՝ շատ լավ, մի անգամ էլ կանենք, կաշխատենք ավելի լավը անել: Հա՞: Կոմենտարներ եթե կան, խնդրեմ:

50:30 Վերադառնանք այդ աթոռին նստած փիլիսոփային, որի անունը ես չհիշեցի:

50:47 Մերաբ Մամարդաշվիլի, վրացի է ծագումով, բայց Խորհրդային Միության վերջին փիլիսոփաներից է:

51:02 Շատ լավ, այդ գաղափարը վեր կենալու և տեղում մնալու, շատ խորը իմաստ ունի, ինչպես ես եմ հասկանում, որովհետև նա նստած էր իր տեղում, բայց դա նրա հոգու թռիչքն էր, նրա արձագանքն էր, նրա այդ չարձագանքելու ցավն է, որ կա մեր հասարակության մեջ, և ես շատ ուրախ եմ այստեղ էս քանակությամբ երիտասարդներ և մի քանի անգամ էս քանակությամբ, որոնք կան և իրենց երկրի ցավերով են մտահոգված և սա է էն հոգու թռիչքը, որ ես ուզում էի ողջունել: Եվ ես երևի ճիշտ հասկացա՝ էդպես մեկնաբանելով: Քսանհինգ տարի ես Սպիտակ եմ գնացել, միայն նրա համար, որ չկարողացա անտարբեր մնալ իմ երկրի ցավին և մտածեցի, որ ամեն մեկս պետք արձագանքենք և ոչ միայն պետք է զարմանանք, ուղղակի ցավենք ու էլի գնանք հանգիստ մնանք: Պիտի գնաս էդ ճանապարհով ու քեզ փոխես:

53:42 Շնորհակալություն: Գիտեք ինչ, դուք շատ ճիշտ նշեցիք, որը ցավը, օգնելու կարիքը իրականում հանդիսացել է պատճառներից մեկը հենց առաջին քաղաքականությունների ստեղծման: Առաջին պահին, երբ որ նացիզմի դեմ պատերազմը տեղի ունեցավ Համաշխարհային և պետք էր հսկայական քանակությամբ հարցեր լուծել՝ հումանիտար և այլն, և այլն: Բայց դրանից հետո այս մտածողությունը շատ ու շատ առաջ է անցել, և հաճախ նաև, ասենք ամերիկյան մշակույթի ազդեցության տակ: Ես ձեզ կարող եմ հետո որոշ գրականություն ուղարկել, որ դուք տեսնեք, ես մի քիչ գրած ունեմ այդ բաների մասին: Տեսեք, օրինակ ամերիկացիները երեխայի ոտքերը չեն բարուրում, միշտ բաց են թողնում, սառն են միշտ ոտքերը, հա՞: Մեզ մոտ միշտ բարուրում էին: Եթե հիվանդանում են սառույց են ուտում, եթե մրսում են: Երևի ով, որ եղել է ԱՄՆ-ում կամ շփվել է ամերիկացիների հետ, նկատած կլինի: Եվ ոչ միայն ամերիկացիները, դա կարող են անել և՛ անգլիացիները, և՛ սկանդինավյան ժողովուրդները: Նրանք շուռ են տալիս արժեքները: Մեկ այլ օրինակ. CV-ն գիտեք ինչ է: CV-ն ամերիկյան տարբերակով գրվում է վերջին պահից մինչև առաջին պահը: Եթե հիշում եք ոնց էր գրվում մեզ մոտ ավանդաբար՝ ծնվեցի այս թվին և էդպես: Իրենց մոտ վերջինից՝ առաջինը, ապագայից դեպի անցյալը: Ինչու՞ է դա: Դա մտածողության փոփոխություն է: Այսինքն ոչ թե պրոբլեմից գնալ, այլ մտածել՝ ինչ ես ուզում փոխել, ինչ ես ուզում ստեղծել, դրականը դեպի: Ոչ թե ցավից, օգնելու կարիքից, դա միայն հումանիտար, կարճաժամկետ, կատաստրոֆիկ իրավիճակներում, այլ մտածել, թե ինչ ես ուզում կայուն ստեղծել, որ լավ աշխատի և երբևէ այլևս այդ հարցը չառաջնա, հումանիտար: Եվ ես ասեմ՝ մենք քննադատում ենք Ադրբեջանին, որ ասում ենք ՝ քսանհինգ տարի, ի՞նչ փախստական: Քսանհինգ տարի, որերորդ սերունդն է արդեն ծնվել: Այդ փախստականների քանակը ավելանում է, ասում ենք մենք: Դուք մինչև հիմա ասում եք՝ նրանք պիտի հետ դառնան, իսկ նրանց թոռներն են, ինչպե՞ս կարելի է ասել՝ փախստական են: Իսկ մենք, ինքներս, անամոթաբար, ասում ենք, մեր աղետի գոտին, մինչև հիմա անտուններ, փող ենք հավաքում էլի: Անհարմար է: Պետք է փոխել պարադիգմը: Պետք է նայել, թե ինչ ես ուզում ստեղծել, և դեպի դա աշխատել: Ուրիշ կոմենտարներ կան՞, կարճ։ Խնդրեմ, Սաշիկ:

56:27 Շնորհակալություն բավական հետաքրքիր ներկայացման համար: Այստեղ շատ հետաքրքիր գաղափար հնչեց, որ մարդկությունը կարող է իր առջև նպատակներ դնել ու հասնել այդ խնդիրների լուծմանը և դրանք լուծեն հանրային օրակարգ ձևավորելով: Այսինքն, մի սովորական քաղաքացի, մի քանի այլ քաղաքացիների հետ ասոցիացիա ստեղծելով՝ կարող է փոքր, բայց օրակարգ ձևավորել: Բայց չե՞ք կարծում, որ կան խնդիրներ, որոնք կարող են արգելք հանդիսանալ, որ էդ օրակարգը իրականացվի, օրինակ, տեռորիզմը, հա՞: Ի՞նչ եք կարծում այդ հարցի շուրջ: Ի՞նչպես կարող է հասարակ քաղաքացին ստեղծել այնպիսի մի իրավիճակ, որը կպայքարի տեռորիզմի դեմ:

57:13 Սաշիկ ջան, իհարկե, ես հարցի համապարփակ պատասխանը չունեմ, կիսվեմ մեկ-երկու իմ մտքին եղածով, բայց դա իմ ասելիքը չի իրականում: Նախ տեռորիզմը: Ես հենց երեկ տեսա հերթական այս գրաֆը, որը գնում է հակընդդեմ մեր պատկերացումներին: Վերջին երեսուն տարիներին տեռորիստական հարձակումների պատճառով շատ ավելի քիչ մարդ է մահացել, քան նախորդ վաթսուն տարում՝ տեռորիստական հարձակումների պատճառով: Այսինքն մենք էլի տեսնում ենք ինտերնետի գալը, լուրերի արագ գալը, որը մեզ թվում է, որ շատացել է քանակը: Չնայած պիտի ասեմ, որ այդ տեղեկությունը, չնայած վստահելի աղբյուրից է էդ գրաֆը գալիս, բայց գուցե և նա էլ է ոչ հարյուր տոկոսանոց: Պետք է ստուգել և ստուգել: Բայց դա առաջինը: Երկրորդը. ինձ թվում է, ես հիմա մի հատ շատ անբնական բան պիտի ասեմ, ես միշտ համարել եմ, որ մարդը ինքը սուվերեն է: Անհատը, անհատը ինքը սուվերեն է: Այսինքն, ինքն է իր կյանքի տերը, իր որոշման տերը, ինքն իր պետությունն է, ինքն իր ազգն է: Էդ տեսակետից, ինձ թվում է՝ տեռորիստը նույն կերպ է վարվում: Այսինքն նա այլանդակված տարբերակն է այդ նույն մտքի: Այսինքն, երբ ես եմ իմ կյանքի սուվերենը և ես ձեզ եմ դարձնում ձեր կյանքի սուվերենը վատ նպատակներով: Բայց այս նույն գաղափարի տարատեսակն է, իմ կարծիքով: Համենայնդեպս տեռորիստների մի տարատեսակը: Կարող եք ասել, մյուսը՝ ոչ, որովհետև նրանք ուզում են գնալ Ալլահի մոտ և այլն, բայց ինձ թվում է՝ դա կա։ Ու դա ցույց է տալիս պետության քչությունը այսօրվա աշխարհում, որը նույնն է, ինչ որ ցույց է տրվում ՄԱԿ-ի կողմից, ինչը ցույց է տրվում միջազգային կազմակերպությունների կողմից, որ այլևս պետությունը քիչ է, սահմանները սպունգի պես թափանցելի են, պետության անվտանգության համակարգերը այլևս քիչ են լինելու: Ամբողջ աշխարհում եթե թերզարգացած, քիչ զարգացած պետություններ առանց էդ էլ քիչ էին, հա՞, իսկ հիմա էլ ավելի քիչ են դառնալու նաև զարգացած պետությունների: Այսինքն պիտի օգնության գան մյուս ինստիտուցիաները՝ միջազգային համակարգը, և՛ քաղաքացիական հասարակությունը, և՛ բիզնեսը, որովհետև պետությունը այլևս չի կարողանում այդ պաշտպանությունը, անվտանգությունը մինչև վերջ իրագործել: Որովհետև ամեն մարդ ռումբ է, եթե ուզեց մարդը, ինքը կարող է ռումբ դառնալ: Դա իր որոշումն է, հա՞: Էդքան բան ասեմ դրա մասին: Ես ուզում մեկ այլ բան իմ բաց թողածներից ասել, որովհետև ես նշեցի տարբերությունը սրա և մյուսների և չասացի: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել, նույնպես մասնագիտորեն, որ բնականաբար կան մի շարք ՄԶԳ-ներ, հա՞: Կա երկու SIDA՝ մեկը կանադական, մեկը՝ շվեդական: Իսկ գիտեք, որ, օրինակ, շվեդականը դուրս եկավ Հայաստանից մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ը, բայց հետ չվերադարձավ դրա պատճառով, որովհետև նրանք, լինելով Արևելյան գործընկերության գաղափարի ստեղծողներից, հեղինակներից մեկը, շատ տխրեցին, որ Հայաստանը դուրս եկավ և իրենց առաջնահերթություններից Հայաստանը դուրս եկավ: Բայց մյուս կողմից նրանք այստեղ ստեղծել են դեսպանություն, որը առաջ չկար և կա Chargé d’affaires մշտական: Վերադարձնել շվեդական SIDA-ն, դա մեր հասարակության, քաղաքացիական հասարակության նպատակներից մեկն է, իսկ կանադական SIDA-ն դուրս եկավ տասնյակ տարիներ առաջ՝ տասից ավել երևի և եթե չեմ սխավում ինչ-որ անհաջող ծրագրի պատճառով, ինչ-որ անհաջող ծրագրի հետ կապված: Եվ դա շատ վատ է, որ նա չկա: Ուրեմն կան մի շարք ՄԶԳ-ներ: Անգլիական ՄԶԳ-ն էլ դուրս եկել՝ բրիտանական, եթե գիտեք DIFID-ը, որոնք պետական մակարդակով փաստորեն համալրում են այս քաղաքականությունները և հավելյալ փող տրամադրում: Մի մասը ՄԱԿ-ի միջոցով է գալիս, մի մասը Եվրամիության, մյուս մասը՝ ուղղակիորեն, իրենց ծրագրերը էլի աշխարհի զարգացումը իրագործելու համար: Եվ իրենք հաճախ մեղադրվում են նրա մեջ, որ իրենք պետության քաղաքականությունն են առաջ տանում, բայց այս պետության քաղաքականությունը տվյալ որևէ տարածքի նկատմամբ, 70-80 տոկոսով նույնն է, ինչ որ միջազգային զարգացման այն քաղաքականությունները, որոնք ես թելադրեցի, հա՞: Ուրեմն կա նաև այս տեղում, որտեղ գաղափարները ստեղծվում են, թե ինչ է արվելու, ինչ պիտի արվի, որտեղ կուտակվում են իննովացիաները, որտեղից դուրս են գալիս իննովացիաները ինստրումենտալիզացված, տեխնոլոգիզացված ձևով: Դա էլ պետք է հաշվի առնել: Ուրիշ կոմենտար եթե կա, կարճ, և արդեն ավարտենք, որովհետև մի ժամ էր մեզ տրված ժամանակը:

1:02:24 Շնորհակալություն ելույթի համար: Փոքրիկ հարց ունեի: Երբ միջազգային կազմակերպությունները մշակում են քաղաքականությունը, արդյոք իրագործման փուլում, օրինակ Հայաստանի մակարդակով, երբ տարբեր ծրագրեր են իրականացվում տարբեր կազմակերպությունների կողմից: Կուզենայի իմանայի կազմակերպությունների համագործակցությունը տեղական մակարդակում ոնց է իրականացվում: Էդ կետերը իրանք իրանց հետ նստում, բանակցում են, թե՞ արդեն բանակցությունները իրականացվում է ավելի ցածր մակարդակով, երբ որ ծրագիրը արդեն հայտարարում են ու սկսում հարմարացնել մյուս կազմակերպության առաջնահերթություններին:

1:03:09 Նկատի ունեք ո՞ր կազմակերպությունները՝ ՄԱԿ-ը ՞ և ԵՄ-ն՞:

1:03:13 Ենթադրենք ՄԱԿ-ը և ԵՄ-ն ունեն ծրագրեր, որոնք զուգահեռ բնապահպանության ոլորտում գնում են: Ուզում էի հասկանայի, թե համագործակցությունը որտեղ է:

1:03:18 Շատ կարևոր հարց եք տալիս: Ես 2007-ին վերադարձա Հայաստան, մինչ այդ 14 տարի Հայաստանում չէի և երբ վերադարձա, ինձ սկսեցին հրավիրել դոնորների նիստերին, որոնք գոյություն ունեին, հենց միջազգային կազմակերպությունների, որոնք Հայաստանում կան: Եվ պետք է ասեմ, որ տարիների ընթացքում այդ նիստերի որակը ու մակարդակը սկզբունքորեն փոխվել է, լավացել է, զարգացել է: Այն ժամանակ, սկզբնական շրջանում, երբ ես սկսեցի տեսնել, թե դա ինչպես է լինում՝ զուտ ինֆորմացիայի փոխանակում էր լինում կլոր սեղանի շուրջ: Ընդ որում, ասենք, ղեկավարները այս կամ այն օրգանի, հա՞, նստած են, իրենք առանց այն էլ շփվում են այս համակարգից դուրս, իրենք չէին էլ ասում, գլխավորները գիտեին, մյուսներին չէին էլ հաղորդում, թե ինչ է կատարվում իրականում: Ժամանակի ընթացքում այդ համակարգը լավացել է: Չեմ կարող ասել, որ արդեն շատ լավն է, էլի լիքը տեղ կա գնալու, բայց շատ է զարգացել՝ շնորհիվ մեր միջազգային կազմակերպությունների և գլխավոր դեսպանությունների ակտիվ գործունեության և դեսպանների, իրենց շահախնդրառության, որովհետև դեսպանները հատուկ դրա վրա աշխատում են, որ այդ կոմունիկացիան ավելի լավանա: Էլի չեմ կարող ասել, որ դա հարյուր տոկոսանոց լավ արդյունք է տալիս, որովհետև մենք հաճախ քննադատություն ենք լսում, որ երբ ասենք, օրինակ, մենք թերթերում կարդում ենք քննադատություն, որ երբ «Millenium»-ը դադարեցրեց տրանշը Հայաստանին, որովհետև 2008 թվի մարտի մեկի պատմության պատճառով, համաշխարհային բանկը վարկ տվեց միաժամանակ: Այսնինքն այնպես ստացվեց, որ մեր ժողովրդի պարտքը ավելացավ: «Millenium»-ինը գրանտ էր լինելու: Ջրվեց ուրեմն այդ պատիժը, որ կրում էր Հայաստանը այդ դեպքերի համար և միևնույն ժամանակ մեր պարտքն էլ ավելացավ: Այդպիսի քննադատություն հնչում է, բայց համենայնդեպս այդ կոմունիկացիան է, որ քիչ է իհարկե: Իհարկե ինձ թվում է՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ի դեմս Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի, կարողացա ճիշտ ասել, օրինակ պիտի հարց դնի, և դնում է, ոչ ֆորմալ ձևով, որ այդ դոնորների հանդիպումներին ներկա լինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Այդ հանդիպումները ինչպե՞ս են լինում: Լինում են դոնորներ, պետական աշխատողներ որոշակի հիմնարկների և վերջ: Իսկ էստեղ պետք է նաև ավելացնել քաղաքացիական հասարակությունը և միասին անցկացնել և այդ դեպքում շատ կուժեղանա համագործակցությունը, որովհետև բավական է դեմքի արտահայտությանը նայես ՀԿ-ի և կարող ես հասկանալ՝ ճիշտ ծրագիր ես գծագրում, թե ոչ, հա՞: Եթե նույնիսկ խոսք չհասնի ամեն մեկին: Էնպես, որ ավելի էսպես էվոլուցիոն ճանապարհով։ Եվ էս վերջերս մենք մի հոյակապ միջոցառում ունեցանք, իմ կարծիքով հոյակապ, երբ հենց ՄԱԿ-ի գրասենյակը Եվրամիության հետ էր կազմակերպել՝ մարդու իրավունքների ծրագրի քննարկումը, որտեղ ներկա էին բոլոր գերատեսչություններից, մի շարք ՀԿ-ներ մարդու իրավունքների հարցերով զբաղվող և միջազգային հանրությունը: Եվ էլի ՀԿ-ները դժգոհ էին, ասում էին, որ բացի արդարադատության նախարարությունից, մնացած նախարարություններից ցածրաստիճան պաշտոնյաներ էին՝ չնայած շատ լավ մասնագետներ էին ներկա, բայց նույնիսկ այն փաստը, որ բոլոր ռելեվանտ, կարևոր այդ գործընթացում ներգրավված նախարարություններից մարդ կար և արդարադատության փոխնախարարը ամբողջ երկու օր շարունակ այդ միջազգայինների հետ միասին կառավարում էր, վարում էր այդ հանդիպումը և երկու օր քննարկում էր գնում: Այդքան խորությամբ քննարկում ես երբևէ չէի տեսել, ներկա չէի եղել: Ինձ թվում է՝ դա արդեն դրական քայլ էր այդ ուղղությամբ:

Ինձ թվում է՝ սրանով ավարտենք, շնորհակալություն: Եթե հարցեր լինեն, ինձ հեշտ է գտնելը Facebook-ում և դուք կունենաք նաև իմ էլեկտրոնային հասցեն: Էնպես որ միասին կշփվենք: Հետո վաղը նույնպես շփվելու ենք, առանձին ելույթի առիթով: Շնորհակալություն:

 

Սույն դասախոսությունը իրականացվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն մասնակիցներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Տեսանյութը ստեղծվել է 2016թ. մարտի 24-ին: