«Աչքերս ֆռռացնում եմ սրա- նրա վրա. հիմա ո՞վ եմ»

14.04.2017

Գնումարի փտրտուքները թալինցիներից  շատերին տանում են բանկ, մյուսներին խոպան։ Թալինում ժպիտը դարձել է  հազվադեպ երեւույթ, ինչպես եւ փողը։

«Մարդիկ տխուր են, դժվար են ապրում, բոլորը  արտագնա աշխատանքի են, մարդ չկա, Թալինում մարդ չկա, դժվար է ապրել, ոչ մի եկամուտ չունեն, ոչ մի բան չունեն: Մարդիկ սենց խեղճ ու կրակ, Ռուսաստանից թե փող ուղարկեն, դրանով յոլա կգան, ով որ չունի Ռուսաստանում մարդ , նա կործանվում է, բոլորն աղքատ են»,- ասում է թալինցի Գոհար  Բաղդասարյանը։

Տիկին Գոհարը Օմարի լեռնանցքում ծառայության մտած որդու ուղարկած գումարներով է գոյատևում։ Խորհրդային տարիներին քաղաքի լավագույն դերձակներից մեկն այսօր աշխատանք չունի։ Միակ եկամուտը պիտի լիներ անասնապահությունը. «Անասուն ա, էն էլ օգուտ չկա»։

Օրվա հացով է ապրում նաև 74-ամյա Անուշավան Ղազարյանը։ Լավ ապրելը մնացել է անցյալում. «Հավ, ապրուստ չունեմ, աչքերս ֆռցնելով սրան- նրան, որ մեկն ու մեկը մի բան կամենա, օգնի ինձ»։

Ամսական 29 000 դրամ թոշակով ապրող Անուշավան պապը մենակ է ապրում, միակ որդին թոռների ու հարսի հետ Ռուսաստանում է։ Այս տարի արդեն հորն էլ չի կարողանում գումար ուղարկել։ Դժվար կյանքով ապրող ծերունին իր կյանքի խորհրդային շրջանի մասին հպարտությամբ է խոսում. «Էն ժամանակ քաղաքը կոչվում էր քաղաք և  մարդկություն, և հարգանք պատիվ, անկախ էն բանից՝ ես ով եմ, դու ով ես, նա ով է»։

Անգործությունն ու աղքատություն անհետևանք չի մնացել նաև այս խանութի շրջանառության վրա։ Ապրանքները գումարով վաճառելու հույսը չի արդարացրել անգամ առաստաղից կապույտ աչքուլունք կախելը։  Վաճառողուհի Նարինե Բոդոյանը պատմում է.  «Պարտքով բաժանում ենք, չենք կարողանում հավաքել, ոչ մենք ենք մեղավոր, ոչ էլ ժողովուրդը։ Փող չունի ժողովուրդը, մի թոշակ նպաստով… Մարդը եթե չունի, ես որտեղից ասեմ բերի տա»։

Հաց ու մակարոնեղեն գնելու համար խանութ եկած տիկին Վարդուհին ևս առանց գումարի է ներկայացել, չնայած որ 4 ամիս է՝  ամուսինն արտագնա աշխատանքի է. «Շատ անհրաժեշտ բաներն եմ վերցնում, նրբերշիկ չեմ վերցնում, ամենակարևորները, ու պարտքը արդեն հասնում 100-200 հազար, էտի միայն էս խանութը»։

Գրպանները դատարկ է խանութ եկել նաև 58-ամյա հաշվապահ Ստելլա Կարապետյանը. «Հացը գնում ենք աշխատավարձով, իսկ մնացած մթերքները գնում ենք պարտքով, որը շատ տհաճ է»։

Վերջին 5 տարիներն իր աշխատանքային գործունեության վատագույն շրջանն է համարում վարսահարդար Տարոն Զատիկյանը։ Եթե առաջ օրական 10 հաճախորդ էր ունենում, հիմա՝ կրկնակի քիչ։

«Մարդը որ փող չունենա, մարդը ոնց գա մազ սարքելու, պարտքով են գալիս ։Ապրում ենք, մենք էլ ենք պարտքով ապրում»,-ասում է վարսավիրը։

2015 թվականի մարդահամարով մոտ 5000 բնակիչ ունեցող Թալինում գործազրկությունը միակ խնդիրը չէ։ Լուծման են սպասում նաև փողոցների լուսավորության, գազաֆիկացման, խմելու և ոռոգման ջրագծերի մաշվածության խնդիրները։