Քննադատական մտածողություն, կառուցողական կոմունիկացիա, հետազոտություն. Գևորգ Տեր-Գաբրիելյան (Jam Session 49)

24.03.2022

Տեսանյութը ստեղծվել է փետրվարի 22, 2022 թ.

Այն, ինչ մեր գլխում է տեղի ունենում, այն, ինչով ուղեղն է զբաղված, դրա մեծ մասը մտածողություն չէ, դա կարելի է անվանել «հոգեբանական գործունեություն»։ Դա զգացմունքներն են, ընկալումներն են, հա՞, բառերը (մտքում ասված կամ բանավոր ասված), այդ ամբողջ խառնուրդը։ Ե՞րբ է, որ այդ խառնուրդից զտվում է մտածողությունը։ Էստեղ մի շարք թռիչքային պահեր կան (իհարկե, ես չեմ կարող ընդգրկվել էդ ամբողջ ուսման բոլոր մանրամասնությունների մեջ), բայց ինձ թվում է՝ դուք բավականին հեշտությամբ կարող եք հասկանալ, համենայն դեպս, ես դա բավականին հեշտությամբ հասկացա, երբ ինձ բացատրեցին, որ մտածողություն է՝ երբ այդ ամբողջ հոսքը, ուղեղի այդ ամբողջ հոգեբանությունը մի մաղով է անցնում։

JS

Էդ մաղը կազված է էն կանոններից, մոտեցումներից, նորմերից, որոնք ընդունվել են աշխարհի կողմից որպես աշխատող բանաձևեր։ Օրինակ՝ (ֆորմալ) տրամաբանության համակարգը։ Ինչքան էլ որ դա սահմանափակ բան է, իրականում դրա կանոնները կարևորագույն մասն են կազմում նրա, որ մեր մտածողությունը ֆիլտրվի, այսինքն՝ որ մեր հոգեբանական գործունեությունը ֆիլտրվի, և եթե անցավ տրամաբանության կանոնների մաղով, դա կարելի է համարել մտածողություն։ Ասենք, գիտեք, տրամաբանությունը, մանավանդ իր արիստոտելյան կանոնները, շատ հեշտ են․ ասում է, որ եթե ամեն ծառ ունի բուն, իսկ այս բանը ծառ է, ուրեմն այն նույնպես ունի բուն, և այլն։ Հիմնականում դա է։ Հիմա, մյուս ի՞նչն է, որ, էլի, աշխարհի կողմից, անկախ նրանից, ի՛նչ մարդ է, ի՛նչ ազգության, որտե՛ղ է գտնվում՝ աշխարհի կողմից ընդունված բանաձևեր են։ Բնականաբար, բոլոր մաթեմատիկական բանաձևերը էդ խմբի մեջ են մտնում, հա՞: Երկու անգամ երկուսը չորս է։

Հետո, տեխնիկական վիրուսների գալով ի՞նչ է տեղի ունենում. սկսում են հակավիրուսները ստեղծել, և սկսվում է այդ պայքարը, էսկալացիա է սկսվում։ Անընդհատ նոր վիրուսներ են արտադրվում, նորանոր հակավիրուսների փորձեր են արվում, որ պաշտպանվեն։ Եվ մինչև հիմա դա շարունակվում է։ Բայց հետո դրան միացավ բովանդակային վիրուսը՝ սխալ և սուտ տեղեկատվությունը։ Հանկարծ մարդիկ հասկացան, որ՝ ախպեր ջան, էս ազատ տարածք ա, ինչ ուզես կարաս ասես հիմա՝ համոզելու վրա ա։ Համոզեցի՞ր՝ ուրեմն էդ ա։ Եվ համացանցը սկսվեց ավելի ու ավելի ահագնացող թափով լցվել սուտ, սխալ, երևակայված, կեղծ և, ուրեմն, հորինված նյութով։ Եվ այդ ժամանակ է, որ հանկարծ շատ ակտուալացավ «մեդիագրագիտություն» հասկացությունը (այսինքն՝ թերթերի ժամանակ էլ կար, բայց այդքան ակտուալ չէր համարվում որոշակի պատճառներով)։ Եվ «մեդիագրագիտություն» հասկացությանը զուգահեռ ստեղծվեց, ակտուալացավ և մոդայիկ դարձավ «քննադատական մտածողություն» հասկացությունը։ Որովհետև կարիքը ստեղծվեց ինչ-որ պաշտպանական միջոցներ տրամադրել մարդկանց, ինչ-որ «հակավիրուսներ» տրամադրել մարդկանց այն ամբողջ տեղեկատվությունը մաղելու համար, որի մեջ մարդը ողողված է, երբ նա ընդգրկվում է համացանցային աշխարհ։