Տեսանյութը նկարահանվել է 22 սեպտեմբերի, 2022 թ․
«Բանն այն է, որ մեր ներսում արդեն պաշարված են, կուտակված են բազում հասկացություններ, ձևեր, սխեմաներ, և երբ դու ազդակն ընկալում ես, զգում ես, առաջին իսկ պահից դու որևէ հասկացության, սխեմայի, ձևի մեջ ես փորձում այն ընդգրկել։ Նույնիսկ եթե դու չես կարողանում քեզ նախօրոք ծանոթ, նախորդ արդեն եղած, արդեն քո մեջ կուտակված հասկացությունների մեջ ընդգրկել, կամ՝ նշանների համակարգի, դու, միևնույն է, այն արդեն ընդգրկել ես որպես անհայտ բան և կարող ես ուղարկել թեկուզ այս երրորդ (մոռացության, անգիտության) տիրույթը։
Այդ ընդգրկման պահը ի՞նչ էր նշանակում։ Այ, այստեղ ես գրել եմ․ «բովանդակություն, ձև»։ Դու ազդակին ձև հաղորդելով, քո ներսից եկած ազդակի միջոցով նաև բովանդակություն ես հաղորդում։ Կարծես ինչ-որ հոսք էր գալիս, դու ունես արդեն պատրաստի ինչ-որ կաղապար, կարծրատիպ, որի մեջ այդ հոսքն ընդգրկում ես, և այդ կարծրատիպի արտաքինը նրա ձևն է, իսկ բովանդակությունն այն է, ինչ մնաց ազդակից, երբ այն ընդգրկվեց այդ ձևի մեջ։
Այսինքն՝ մարդու հոգեբանական գործունեությունը, մարդու ռեակցիան արտաքին աշխարհի ազդակներին երբեք էլ պասիվ չէ, եթե չկա հոգեբանական գործունեություն, դու ազդակին ռեակցիա չես տալիս: Այսինքն՝ ազդակը ամեն դեպքում փոխարկման է ենթարկվում, հենց որ ընդգրկվում է քո մեջ»։