Սխեմայի հղումը՝ https://goo.gl/bUp4jQ։
Գևորգ։ Բարև Ձեզ, իմ անունն է Գևորգ Տեր-Գաբրիելյան։ Բարի գալուստ բոլորիդ։ Ոմանք ինձ ճանաչում են, նույնիսկ այստեղ իմ նախկին ուսանողներից մեկը կա։ Մենք ձեզ հետ մի քանի անգամ ենք հանդիպելու։ Դուք արդեն սկսել եք։ Կարելի է ասել, որ մեկնարկը տրվել է։ Հիմա ես ձեզ հետ ուզում եմ խոսել երևի թե ինչ-որ իմաստով բարդ, ինչ-որ իմաստով հեշտ որոշ հարցերի մասին։ Մենք էստեղ կոնֆլիկտների տրանֆորմացիայի մեր դպրոցում փորձում ենք օգնել մարդկանց և ինքներս մեզ կարողանալ քանդել կարծրատիպերը։ Ինչու՞։
Օբյեկտիվորեն ասած՝ կարծրատիպը այդքան էլ վատ բան չի, բայց դա խանգարում է մտածել, իսկ մտածելու պրոցեսը միշտ ուղեկցվում է կարծրատիպի վերագնահատմամբ և այն քանդելով, որը ի վերջո բերում է մեկ այլ կարծրատիպի առաջացման։ Այն կարծրատիպերը, որոնցով մենք այս կյանքում ողողվում ենք, մեզ խանգարում են տալ ճիշտ և իրական հարցեր ու տեսնել, փորձել հասկանալ տեղի ունեցող իրական պրոցեսները։ Դուք մեր հանդիպումների ընթացքում կզգաք, թե այդ պրոցեսը ինչպես է տեղի ունենում։ Ես չեմ ուզում հիմա որևէ բանաձև տալ, քանի որ կլինեն ուրիշ առիթներ։
Մեր դասընթացի այդ հատվածը նվիրված կլինի այն հարցին, թե ինչպես է մարդկությունը քսաներորդ դարի ընթացքում մինչև այսօր փորձում հասկանալ որոշ հարցեր, որոնք կապված են մոտեցումների հետ դեպի խոշոր միավորների հարաբերությունները։ Այդ խոշոր միավորները կարող են լինել պետություններ, ազգեր, այլ խմբավորումներ։ Նրանց հարաբերությունները կարող են հանգեցնել բռնության կամ չհանգեցնել բռնության։ Երբ այդ հարաբերությունները չեն հանգում բռնության, մենք դա անվանում ենք խաղաղություն, սակայն երբ բռնության են հանգում, դա անվանում ենք կոնֆլիկտ, պատերազմ և այլն։ Իհարկե, կարող է կոնֆլիկտ լինել խաղաղ իրադրության մեջ, ասենք հակասության տեսքով։
Խաղաղարարության մասին խոսելիս մենք ուզում ենք ասել, որ մենք ուզում ենք մի աշխարհ, որտեղ տիրում է խաղաղություն, որը հենց այնպես բան չէ։ Մեզ թվում է, որ մենք ապրում ենք կյանքի մեջ, իրականում մենք ապրում ենք մի իրադրության մեջ, որը անընդհատ արտադրում կամ վերարտադրում է խաղաղություն։ Հենց որ այն դադարում է արտադրել կամ վերարտադրել խաղաղություն, սկսվում է բռնությունը։ Մինչև Մարքսի հայտնվելը, ով ասաց, որ կա կապիտալիզմ և կա սոցիալիզմ ու կոմունիզմ, մարդկանց, որոնք կապիտալիզմի մեջ էին ապրում թվում էր, որ դա աշխարհն է՝ կյանքը ինքնին։ Հիմա մեզ էլ թվում է, որ խաղաղությունը աշխարհն ու կյանքն է ինքնին։
Իրականում դա մի պրոցես է, որը մեր կողմից գիտակցաբար կամ ենթագիտակցաբար անընդհատ արվում է։ Դա արվում է մեր մշակույթների շնորհիվ կամ դրանց հակառակ։ Հենց որ դա դադարեց արվել, կսկսվի պատերազմ, և կսկսվի կոնֆլիկտ ու բռնություն։ Հենց դա ենք մենք անվանում խաղաղարարություն, և մարդկանց, անհատների դերը խաղաղություն կերտելու մեջ։
Մարդը կարող է ստեղծել պատերազմ և կարող է ստեղծել խաղաղություն։ Մարդը կարող է ստեղծել կոնֆլիկտ, բռնություն, բայց կարող է նաև կոնֆլիկտը լուծել կամ չստեղծել բռնություն։ Դա պահանջում է աշխատանք։ Ենթագիտակցորեն շատ լավ է, որ դա տեղի է ունենում, բայց ավաղ պարզվում է, որ դա քիչ է, որովհետև դա տեղի է ունենում ենթագիտակցորեն։ Մարդիկ ենթագիտակցորեն էլ հայտնվում են բռնի կոնֆլիկտի մեջ, և սկսվում է պատերազմը։ Նրանք հաճախ չունեն ձևեր, միջոցներ դուրս գալու այդ վիճակից։ Ինչպե՞ս է այդ իրադրությունը նկարագրվել աշխարհում։ Դրան անդրադառնալու համար ես ցանկանում եմ Ձեր ուշադրությունը դարձնել հետևյալին։ Մենք օգտագործում ենք տեսություն և պրակտիկա բառերը։ Մենք այս դասախոսության ընթացքում կխոսենք տեսության մասին, իսկ հետո Իզաբելլան խոսք է տալիս Ձեզ հետ անցկացնել պրակտիկ դասընթաց։
Ո՞վ կարող է ասել, թե ինչն է տեսության և պրակտիկայի միջև տարբերությունը։ Խնդրեմ։
Դահլիճ։ Պրակտիկան կիրառելի է։ Այն կիրառում են։
Գևորգ։ Պրակտիկան պարզապես այն է, ինչ տեղի է ունենում։
Դահլիճ։ Տեսությունը ավելի տեսական գրված բան է և մարդիկ դրանով սովորում են։
Գևորգ։ Տեսե՛ք։ Մենք սկսեցինք քննարկել և կապերը քանդել։ Դրա համար կիրառում ենք տեսությունը։ Պրակտիկան դա այն է, ինչ տեղի է ունենում։ Ուրիշ մոտեցու՞մ։ Խնդրեմ։
Դահլիճ։ Տեսությունը հենց այն է, որը ստեղծվում է պրակտիկայի հիման վրա, կամ հակառակը։ Երկուսն էլ տեղի են ունենում փոխադարձ։ Սա նման է հավի-ձվի պատմությանը, թե որ մեկն է առաջինը։ Մեկը մյուսին փոխլրացնում է այս պարագայում։
Գևորգ։ Շնորհակալություն։ Եկե՛ք հիմա չզբաղվենք դրանց ձևակերպումներով։ Հեշտ հասկանալու համար ասեմ, որ պրակտիկան կոնկրետ գործունեությունն է, իրադրությունն է, որը մենք տեսնում ենք՝ որպես շղթայաձև պրոցես։ Տեսությունը, իր հերթին, փորձ է այդ կոնկրետը հասկանալ ու ձևակերպել։ Աշխարհը տարբերակել է տեսությունների երեք տեսակ։ Պայմանականորեն դրանք անվանում են մեծ, փոքր և միջին։ Սկսենք փոքր տեսություններից։ Կան հիպոթեզ, վարկած և հետազոտություն։
Տեսե՛ք։ Կա աշխարհը։ Մենք ուզում ենք այն հասկանալ։ Մենք կարող ենք տեսնել, որ այնտեղ կան պատճառահետևանքային կապեր։ Տեսությունը այն պահն է, երբ դու որոշում ես հասկանալ: Առաջ ես քաշում ինչ-որ հիպոթեզ, որ հասկանաս, թե ինչ կատարվեց աշխարհում հիմա, որի պատճառով կատարվում է հաջորդ բանը։ Այսինքն դու հետազոտության համար նախապատրաստում ես վարկած՝ հիպոթեզ։ Դա դառնում է տեսություն։ Այն ասում է, որ եթե նրա բաղկացուցիչ մասերը ճիշտ են, ապա կստանանք որոշակի էֆֆեկտ։ Այնուհետև փորձում են ստուգել՝ կստանա՞ն, թե՞ ոչ։ Փոքր տեսության օրինակ կլինի հետևյալը։ Եթե Հայաստանում լինի ժողովրդավարական, արդար իշխանություն, ապա ժողովուրդը ավելի երջանիկ կլինի։ Սա վարկած է և ելնում է այն դրույթից, որ ժողովրդավարությունը կարևոր արժեք է և կապում է դա երջանկություն հասկացության հետ։ Պետք է ստուգել այդ վարկածը։ Պետք է ասեմ, որ այդ վարկածը շատ հաճախ չի հաստատվում, որովհետև երջանկության վերաբերյալ սոցիալական հետազոտություն անելիս, Հայաստանը առաջնային դիրքերում է գտնվում՝ չնայած իր՝ ժողովրդավարության թերություններին։ Ուրիշ երկրներում էլ այդ ֆենոմենը կա։ Ըստ սոցիոլոգների, որոնք ստուգում են երջանկությունը մարդկային հասարակությունների մեջ, դա չի համընկնում ժողովրդավարության մակարդակի հետ։ Եթե խոսքը գնում է ավտորիտար կամ տոտալիտար պետության մասին, դա կարելի է բացատրել վախով. մարդիկ ասում են, որ երջանիկ են, որովհետև վախենում են։ Եթե խոսքը միջին տեսակի պետությունների մասին է, ինչպես Հայաստանն է, ապա հնարավոր չի ոչ մի բանով բացատրել։
Վերջերս Հայաստանում արված մի հետազոտության համաձայն՝ երիտասարդների շրջանում երջանկության զգացումը շատ բարձր է, և գտնվում է աշխարհի երկրների առաջին տասնյակում։ Դա մի տեսություն էր, որը չի հաստատվում, սակայն փոքր տեսության օրինակ է։ Փոքր տեսությունը մի դեպք է, երբ առաջ ես քաշում փոքր հարց՝ որպես վարկած և հետո փորձում ես ստուգել։ Խնդրեմ, կարող եք մեկնաբանություն անել։
Դահլիճ։ Ես կարծում եմ, որ ժողովրդավարությունը բացարձակապես կապ չունի մարդկանց երջանկության մակարդակի հետ։
Գևորգ։ Շատ լավ։ Դա տեսության մի օրինակ էր։ Նույն հաջողությամբ կարելի է տեսություն առաջարկել, որ այն երկրում, որտեղ մարդիկ հարուստ են, այդ երկիրը երջանիկ է։ Այնուհետև կարող ենք սոցիոլոգների ունեցած մեթոդներով ստուգել և տեսնել՝ արդյոք այդպես է, թե՞ ոչ։ Այստեղ ևս պարտադիր չի, որ այդպես լինի։ Օրինակ, Նիդեռլանդները, Սկանդինավիան պետությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Կանադան, որոնք շատ հարուստ պետություններ են, ցույց են տալիս շատ ավելի ցածր երջանկության մակարդակ, քան Հայաստանը, Հնդկաստանը և նմանատիպ այլ պետությունները։
Իմ ասածը ոչ թե բովանդակության մասին է, այլ տեսության օրինակի։ Տեսությունը պետք է ունենա հիպոթեզ՝ վարկած, և դա ստուգվում է հետազոտության միջոցով։ Մտածեք ոչ թե բովանդակության մասին, այլ այն տեսական տերմինների մասին, որոնց մասին ես հիմա խոսում եմ։ Փոքր տեսությունը կարող է ունենալ ցանկացած օրինակ։ Ասենք, թռչող մարդիկ հիմար են։ Կարելի է հետազոտության միջոցոց ստուգել։ Ընդհանրապես պարտադիր չի, որ փոքր տեսությունը ինչ-որ հիմք ունենա կյանքի մեջ, բայց գիտության մեջ արդեն նախօրոք մարդիկ առաջ են քաշում որոշակի հավանականություն ունեցող վարկածներ։ Դրանցից մեկը այն է, որ եթե պետությունը ժողովրդավար է, ապա մարդիկ պետք է որ երջանիկ լինեն։ Մյուսն էլ այն է, որ եթե հարուստ են, պետք է երջանիկ լինեն։ Հետազոտողները հաճախ վարկածներ են առաջ քաշում և դրանք ստուգում։ Հաճախ պարզվում է, որ այդ վարկածները չեն աշխատում։
Անցնենք մեծ տեսություններին։ Ո՞վ կարող է ասել, թե որոնք են դրանք։
Դահլիճ։ Երբ տեսությունը ոչ միայն բացատրում է կամ նկարագրում, այլ նաև կանխատեսում է։
Գևորգ։ Բոլոր տեսությունները՝ անկախ նրանց չափից, փորձում են դա անել։ Այսինքն նրանք ոչ միայն փորձում են բացատրել, այլ նաև կանխատեսել։ Երկրագնդի վրա գործում է գրավիտացիոն դաշտը, և եթե ես ձեռքիս գրիչը բաց թողնեմ, նա կընկնի G արագացմամբ։ Դա կնշանակի, որ այդ գրիչը և՛ երեկ էր ընկնում այդպես, և՛ հիմա է ընկում, և՛ վաղը նույնպես կընկնի։ Այսպիսով ես կանխատեսեցի ապագան։ Ցանկացած տեսություն կանխատեսում է ապագան։ Դա տեսության մեծության հատկանիշը չէ։
Մեծ տեսությունը այն տեսությունն է, որ փորձում է աշխարհի ու մարդկության բոլոր հարցերին տալ ոչ հակասական պատասխաններ։
Օրինակ կրոնը կամ այնպիսի խոշոր ուղղություններ մարդկային մտածողության մեջ, որոնք հիմք են հանդիսացել մեծ տեսությունների ստեղծման համար։ Դրանք փորձում են ամեն ինչ բացատրել։ Դուք արդեն չեք հիշի, բայց երբ ես երիտասարդ էի, մարքսիզմը բաժանված էր երկու մասի՝ դիալեկտիկ մատերիալիզմ և պատմական մատերիալիզմ։ Դիալեկտիկ մատերիալիզմը բացատրում էր բնության օրենքները՝ ըստ մարքսիզմի, իսկ պատմական մատերիալիզմը՝ հասարակության օրենքները։ Այսինքն էնտեղ անցք չէր մնում, որը չփակվի։ Չէր մնում որևէ բան, որը չէր բացատրվում այդ տեսության կողմից։ Դա մեծ տեսության օրինակ է։
Նույնկերպ կարող ենք վերցնել Ադամ Սմիթի տեսությունը շուկայի մասին և դրա հետագա զարգացումները մի շարք հետազոտողների կողմից՝ շուկայի բալանսավորման ֆենոմենը՝ էկվիլիբրիումի էֆֆեկտը, առաջարկի և պահանջարկի՝ իրար բալանսավորելու և ունենալու սկզբունքը։ Շուկայի միջոցով կապիտալիզմի կողմից, «անտեսանելի ձեռքի» միջոցով մարդկությանը պրոգրես բերելու ունակությունը՝ այն, որ բալանսի գալու հնարավորությունը կամ էֆֆեկտը նման է աշխարհում տեղի ունեցող պրոցեսներին, որտեղ նույնպես առաջանում են աստղային մոլորակներ, համակարգեր և այլն, որից հետո տաքությունը իրենց մեջ մարում է և իրենք սկսում են փլվել և վերանալ։
Շուկայական օրենքների նմանությունը բնական օրենքներին ցույց է տալիս, որ կապիտալիզմի տեսությունը նույնպես համաշխարհային, համապարփակ, ամեն ինչ բացատրել փորձող տեսոթյուն է։ Այն, որ մարքսիզմը չի արդարանում պատմական պրոցեսների վերաբերյալ, Խորհրդային միության ժողովուրդները ուշ տեսան ու համոզվեցին։ Նրանք դա արդեն գիտեին, սակայն գաղափարախոսությունը թույլ չէր տալիս նրանց դա բացահայտորեն ընդունել և հայտարարել։ Դա տեղի ունեցավ միայն Խորհրդային միության փլուզման հետ միասին։ Չինաստանում դա դեռ տեղի չի ունեցել, սակայն հսկայական մոդիֆիկացիներ են եղել։ Աշխարհի ամենամեծ երկրներից մեկը մինչև այժմ ապրում է մարքսիստական գաղափարախոսության հիման վրա։ Արևմտյան աշխարհում կամ աշխարհի այլ վայրերում դա վաղուց էր տեղի ունեցել, որովհետև մարքսիզմը, իրոք, շատ մոդայիկ էր 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում, մինչև համաշխարհային պատերազմը։ Դրանից հետո սկսվեցին դրա մոդիֆիկացիները տեսությունների մեջ։
Մարքսիզմը, կրոնի համապարփակությունը և դրա դեմ պայքարը աթեիստների շարժումների և նման մոտեցումների տեսքով մարդկության մի խոշոր մասին բերեցին այն եզրակացության, որ պետք չէ ընկնել մեծ տեսությունների հետևից, այլ պետք է սահմանափակվել միջին տեսություններով։
Պետք է փորձել առաջադրել միջին տեսություններ և դրանցով բացատրել այնքան երևույթներ, որքան նրանք թույլ են տալիս բացատրել, և միաժամանակ խուսափել մեծ հարցերից, օրինակ՝ մարդը անմա՞հ է, թե՞ ոչ, Աստված կա՞, թե՞ ոչ, կապիտալիզմը պրոգրես բերու՞մ է, թե՞ ոչ, կոմունիզմը հասանելի՞ է, թե՞ ոչ։
Դրանք անպատասխանելի հարցեր են ռացիոնալ դիսկուրսի պայմաններում։ Այսինքն հնարավոր չէ այդ հարցերին պատասխանել՝ հաշվարկելով, արգումենտներ բերելով, իրակությունը ցույց տալով։ Այդքանով մենք չենք կարող գուշակել ապագան, ուստի պետք է կանգ առնել միջին տեսությունների վրա։ Ես չեմ ասում՝ վատ է դա, թե լավ։ Ես ուղղակի բացատրում եմ մարդկանց մտածողության սկզբունքները։ Օրինակ, միջին տեսությունը նյուտոնյան ֆիզիկայի մաս է, որը ասում էր, որ կան գրավիտացիոն օրենքներ, երկրագունդը շարժվում է արեգակի շուրջ, և այլն, և այլն։ Նա ֆիզիկայի օրենքները սահմանափակում էր այնպիսի պատկերացումներով, որոնք վերաբերվում էին ոչ թե միկրոֆիզիկային կամ մակրոֆիզիկային, այլ դրանց մեջտեղում կանգնած ֆիզիկային՝ այն համակարգերին, որոնք գոյություն ունեին, եթե մենք հաշվի չենք առնում լույսի արագությունը։
Այնուհետև եկավ Էյնշտեյնը իր հարաբերականության տեսությամբ և ասաց, որ նյուտոնյան ֆիզիկայի օրենքները չեն իրագործվում լույսին մոտ արագությունների ժամանակ։ Արագությունը ազդում է ժամանակի վրա, ազդում է մասսայի վրա և այլն։ Սկսում են քանդվել Նյուտոնյան ֆիզիկայի օրենքները։ Ե՛վ Նյուտոնի, և՛ Էյնշետյնի մոդելները չէին պարփակում ամբողջ աշխարհը։ Էյնշտեյնյան մոտեցումը նույնպես չի պարփակում ամբողջ աշխարհը, որովհետև չի կարողանում ստեղծել համապարփակ տեսությունը, որը կբացատրեր աշխարհի բոլոր տեսությունները։
Շատ հավանական է, որ այդպիսի համապարփակ տեսություն հնարավոր չէ, ինչպես օրինակ կրոնն է։ Կրոնը շատ հետաքրքիր ձևով է բացատրում։ Իմ սիրելի Ստրուգացկի եղբայրները շատ լավ ձևակերպում են տվել։
Նրանք ասում են, որ Աստծուն հավատալը հոյակապ ձև է ամեն ինչ իմանալ առանց ոչ մի բան հասկանալու։
Այսինքն դու ամեն ինչ հասկանում ես, բայց գիտելիք քեզ պետք չէ, որովհետև քեզնից ոչինչ կախված չէ։ Մեկ է, դու ամեն ինչ հասկանում ես։
Դրա համար գիտնականները որոշում են մեծ տեսություններով չզբաղվել։ Իրենք որոշում են զբաղվել միայն այն դեպքերով, որտեղ նրանք կարող են ինչ-որ բան իմանալ և հասկանալ։ Սրա արդյունքում առաջ են գալիս մի շարք միջին տեսություններ։ Ընդ որում պատմականորեն դրանք երկար ձևակերպման պրոցես են անցել և շատ տարբեր կարգավիճակներ ունեն։
Կարելի է դա անվանել միջազգային հարաբերություններ, սակայն այդ տերմինը, ավաղ, չի սազում իմ առաջադրած աղյուսակին։
Եթե մենք խոսում ենք մեծ խմբերի հարաբերությունների մասին, ապա պետք է ասել, որ ձևավորվել են մի շարք միջին տեսություններ, որոնք ամեն ինչ չեն փորձում պարփակել, այլ փորձում են միայն որոշ հարցերի պատասխաններ տալ։ Ես դեռ չեմ սպառել մոտեցումների իմ ցանկը, որը իհարկե իմ ցանկը չէ։
Դուք այս ցանկի մի տարբերակը կարող եք տեսնել միջազգային հարաբերությունների շատ դասագրքերում։ Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր անցել են միջազգային հարաբերությունների կուրսը, ծանոթ կլինեն այս ցանկին։ Սա հանդես է գալիս նաև աղյուսակների ձևով։ Երբ ես մոտ 20 տարի առաջ ոտք դրեցի ամերիկյան համալսարան, դասախոսը սկսեց գրատախտակին նկարել այս սխեմայի մի տարբերակը։ Այն ժամանակ նա սահմանափակվեց ռեալիզմ, լիբերալիզմ կամ իդեալիզմ, և գլոբալիզմ եզրույթներով։ Այստեղ խոսքը այն բանի մասին է, որ կան մոտեցումներ, որոնք բացատրում են մի շարք ֆենոմեններ ազգերի, պետությունների կամ մեծ խմբերի հարաբերություններում։
Դա մենք անվանում ենք միջազգային հարաբերություններ՝ հաշվի առնելով, որ խոսքը այստեղ ոչ այնքան ազգի մասին է, այլ մի ինչ-որ ուրիշ բանի։ Շատ հետաքրքիր է, թե ինչի մասին է խոսքը։ Իմ կարծիքով խոսքը համաշխարհային խաղաղության և պատերազմի մասին է։ Սրա էությունն են փորձում հասցեագրել այս տեսությունները։ Քանի որ ձեզնից ոմանց սա ծանոթ է, ապա դուք կարող եք քիչ թե շատ ավելի հեշտ հասկանալ։
Ռեալիզմը ասում, որ իր հետազոտության թեման պատերազմն է։ Միավորը, որը այն հետազոտում է, պետությունն է։ Հետազոտության խնդիրը այն է, թե ինչպես են պետությունները հասնում ուժերի հավասարակշռության, որ պատերազմ չլինի, որովհետև հավասարակշռության խախտվելու դեպքում ծագում է պատերազմ։ Նրանք ունեն մի հանելուկ։ Ըստ ռեալիզմի տեսության՝ ագրեսիան հատուկ է մարդկանց, որը իր հերթին ապացուցված վարկած չէ։
Կենսաբանները փորձում են հասկանալ, արդյոք ագրեսիան մարդկային բնածին գենետիկական մա՞ս է կազմում, թե՞ ոչ։ Ոմանք ասում են, որ այո, քանզի մարդը գիշատիչի նման կենդանի է։ Մյուսներն ասում են, որ դա պարտադիր չէ։ Եթե լինեն այլ կենսաբանական համակարգեր, մարդը ագրեսիվ չի լինի։
Ռեալպոլիտիկի տեսակետից դա անլուծելի խնդիր է։ Արդյոք դրանից կախված կփոխվի՞ պատերզամի հավանականությունը։ Ռեալիստները համարում են, որ աշխարհը գտնվում է անարխիկ վիճակում, թեպետ կան քաղաքակրթություններ և Միացյալ Ազգերի Կազմակերպությունը։ Այսինքն չկա ոչ մի ուժ, որը միանշանակորեն, անընդհատ իշխի աշխարհի վրա։ Եթե նույնիսկ ինչ-որ մի ուժ հայտնվեց, որը ամբողջ աշխարհի տիրապետությունը վերցնի իր իշխանության տակ կամ հանդգնի այնդպես հայտարարել, ապա դա կլինի միայն ժամանակավոր կամ պարզապես սուտ։ Չկա մի ուժ, որը անընդհատ իշխում է։ Պետության ներսում կա, դա պետությունն է, որը ունի լեգիտիմ իրավունք բռնություն կիրառելու համար։ Աշխարհի մակարդակում նման բան գոյություն չունի։
Նույնիսկ ՄԱԿ-ը կամ նմանատիպ մեկ այլ կառույց չունի նման լիազորություններ։ Ուստի այդ քաոսի պատճառով պատերազմը անընդհատ կարող է վերսկսվել։
Իդեալիզմի դեպքում գլխավոր թեման խաղաղությունն է։ Իմ նախաբանը առ այն, որ խաղաղությունը աշխատանք է, այլ ոչ թե ինքնստինքյան ստեղծվող մի վիճակ, գալիս է հենց իդեալիզմից։ Դրա կարկառուն օրինակներից մեկը Իմանուիլ Կանտն է։ Իդեալիզմի միավորը անհատ մարդն է։ Խնդիրը այն է, թե ինչ տեսք ունի այն համակարգը, որտեղ խաղաղությունը հնարավոր է։ Այսինքն ինչպիսի՞ն է այն արդարությունը մարդկային աշխարհում, որ խաղաղությունը հնարավոր լինի, ասենք ժողովրդավարության տեսքով։ Հանելուկը այստեղ հենց ժողովրդավարությունն է։ Այսինքն ինչպե՞ս է մարդը դա կառուցում։
Նշեմ, որ երբ Կանտը ստեղծում էր իր տեսությունը, նա չգիտեր ժողովրդավարություն բառը։Նա խոսում էր լուսավորչական միապետության մասին։ Բառերը, տերմինները փոփոխական էին։ Նա խոսում էր իր պատկերացմամբ արդար հասարակարգի մասին։ Իդեալիզմի հատկանիշը համագործակցությունն է։ Նրանք ասում են, որ չգիտեն, արդյոք ագրեսիան հատուկ է մարդկանց, թե ոչ, բայց մարդուն հատուկ է համագործակցությունը։ Մարդիկ ունեն շահեր և ունակ են պայմանավորվելու իրենց շահերը համատեղելու սկզբունքով։
Մարքսիզմը ասում էր, որ պայքարը դասակարգային է, այլ ոչ թե մարդկանց, պետությունների կամ ազգերի միջև։ Այստեղ վերլուծության գլխավոր միավորը դասակարգն է, որը որոշվում է նրանով, թե նա ի՛նչ դիրք է գրավում տնտեսության մեջ։ Գլխավոր խնդիրը կայանում էր նրանում, թե արդյոք հնարավո՞ր է հասնել դասակարգերի սոլիդարության պետությունների սահմաններից դուրս։ Պրոլետարնե՛ր բոլոր երկրների, միացե՛ք։
Հանելուկն այն է, թե ինչպես շահագրգռել մարդկանց, եթե չկա նյութական շահագրգռվածություն։ Կոմունիզմ կառուցելու համար հերքում ես մարդկանց շահը։ Հատկանիշն այն է, որ նրանք հավատում էին պրոգրեսին և որ ամեն հաջորդ հասարակարգ ավելի առաջադեմ է, քան նախորդ հասարակարգը, իսկ հասարակարգերի հաջորդականությունը համարում են աշխարհի տեսակը։ Եղել է նախնական հասարակարգ, հետո՝ ստրկատիրական, հետո՝ ֆեոդալական, հետո՝ կապիտալիստական, հետո՝ սոցիալիստական, որից հետո կգա կոմունիստականը։
Գլոբալիզմն ասում է, որ աշխարհը մեկ միավոր է և նրանց հիմնական խնդիրը աշխարհը որպես մեկ միավոր դիտարկելն է։ Այն պիտի կառավարվի, կազմակերպվի ու կարգավորվի միջազգային կազմակերպությունների միջոցով։ Աշխարհը զարգանում է, պրոգրես է ապրում և մենք պետք է ձգտենք, որ այն պրոգրես ապրի։ Մարդիկ պիտի հիվանդություններից բուժվեն, ունենան ուտելիք և քաղցած չլինեն։ Բոլորը պետք է ունենան սովորելու հնարավորություն և զարգանան։ Նրանց հանելուկը կայունությունն ապահովելու հարցն է, թե ինչպես բավարարել մարդկության կարիքները։ Հատկանիշն այն է, որ աշխարհը նրանք համարում են համակարգ։ Այսինքն ամեն վայրում տեղի ունեցող մի բան ազդում է մեկ այլ վայրում տեղի ունեցող մեկ այլ բանի վրա։ Այստեղ շատ բարդ համակարգ ենք տեսնում։
Աշխարհը հասկանալու համար նրանք օգտագործում են մեկ ընդհանուր տուն, մեկ համայնք հասկացությունները։ Եթե մենք նայում ենք այստեղ նշված այլ մոտեցումներին, որոնցից մեկը պոստմոդեռնիզմն է, աչքի է զարնում այն, որ և՛ մարքսիզմը, և՛ պոստմոդեռնիզմը հատուկ չեն ստեղծվել միջազգային հարաբերությունները կամ պատերազմներն ու խաղաղությունը բացատրելու համար, այնինչ ռեալիզը, իդեալիզմը և գլոբալիզմը հենց դա են թիրախավորում։
Պոստմոդեռնիզմը ստեղծվել է իշխանության հարցերը բացահայտելու համար և պրոգրեսի հակված տեսությունների նկատմամբ քննադատական վերաբերմունք ցույց տալու համար։ Եթե մենք վերադառնանք մեծ տեսություններ հասկացությանը, ապա պրոգրեսի հակված տեսությունների շարքին կարելի էր ավելացնել լուսավորչականությունը, որը ձևավորվեց արևմուտքում աստիճանաբար՝ որպես մի պարադիգմ, որը համարում էր, որ լավ սովորելով, իրար հասկանալով՝ մարդկությունը աստիճանաբար գնալու է դեպի պրոգրես։
Լուսավորչականության դեմ ռեակտիվ պատասխանների փորձերը շատ են եղել, ինչպես լուսավորչության սկզբնական շրջանում, այնպես էլ հետագայում։ 19-րդ դարում լուսավորչականության դեմ հանդես են եկել Արթուր Շոպենհաուերը և Նիցշեն։ 20-րդ դարում այդպիսի մոտեցումներից մեկը, որը հանդես է գալիս լուսավորչականության պրիմիտիվ հասկացված պրոգրեսի դեմ, դա պոստմոդեռնիզմն է։ Ընդ որում այն ուներ շատ լավ փաստարկներ, ինչպես օրինակ նացիզմը, ստալինիզմը, ցեղասպանությունները, և այլն։
Պոստմոդեռնիզմը, ի թիվս այլ բաների, ասում է, որ մենք աշխարհը կերտում ենք մեր դիսկուրսներով, մեր խոսքերով, մեր կոմունիկացիայով, մեր հարաբերություններով։ Եթե, օրինակ, մենք գրավիտացան գրավիտացիա չանվանեինք, ապա այդ երևույթը կկոչվեր այլ կերպ։ Դրանից գուցեև փոխվեր դրա էությունը։ Եթե մենք սկսենք փոխել իրերի անունները և վերանվանել աշխարհը, ապա աշխարհը կդառնա այլ։ Շատ հաճախ դա տեղի է ունենում։ Օրուելը իր՝ 1984 գրքում վերանվանումներ է անում՝ պատերազմը անվանում է խաղաղություն, և այլն։
Ես կարծես միավորեցի սոցիալ-կոնստրուկտիվիզմ և պոստմոդեռնիզմ հասկացությունները, թեպետ գուցե իմաստ ունենար դրանք տարբերակել, բայց ժամանակ չկա։ Ուրեմն գլխավորը դիսկուրսն է, շփման պրոցեսը իր նյութով, տեքստերով։ Պոստմոդեռնիզմի հարցն այն է, թե արդյոք կա ճշմարտություն ընդհանրապես, որովհետև եթե միայն խոսքն է՝ դիսկուրսը, ապա այդ շոշափելի ճշմարտությունը սկսում է տարրալուծվել։ Չեն կարողանում այն բռնել։ Այդ պատճառով պոստմոդեռնիզմի գլխավոր հասկացություններից մեկը սիմուլյակր հասկացությունն է, որի արմատը կապ ունի սիմուլյանտ (որպես հիվանդ ձևացնող) բառի հետ։
Սիմուլյակրը հին փիլիսոփայական հասկացություն է, որը նշանակում է մի բան, որը գոյություն չունի, սակայն որի վերաբերյալ կա դիսկուրս, ինչը ստիպում է, որ այդ բանը ստեղծվի։
Այսինքն մի բան, որը չկա, բայց դիսկուրսի միջոցով մարդկանց սկսում են համոզել, որ կա։ Դրանից հետո այդ բանը կարծես առաջանում է և մնում է որպես ուրվական՝ մեկ հայտնվում է, մեկ՝ անհետանում։ Կարո՞ղ եք դուք բերել սիմուլյակրի օրինակ։ Խնդրեմ։
Դահլիճ։ Օրինակ այլմոլորակայինների գոյության փաստը։
Գևորգ։ Դա ավելի շուտ ֆանտազիա է։ Պոստմոդեռնիզմի տեսակետից սիմուլյակրը պետք է ինչ-որ մեկին շահավետ լինի, որ ստեղծվի։ Այսինքն ինչ-որ իշխանական ուժի կամ ուժի, որը ձգտում է իշխանության, պիտի շահավետ լինի ստեղծել սիմուլյակր։ Այլմոլորակայինները հիմնականում մնում են անմեղ ֆանտազիա, որը ուրիշ դեպք է։ Խնդրեմ։
Դահլիճ։ Ինձ համար սիմուլյակր հասկացության հետ է ասոցացվում մեր նախագահի վերջին ելույթը՝ կապված մեր երկրի տեսլականի և սահմանադրական փոփոխությունների հետ։
Գևորգ։ Շատ լավ։ Ես կուզենայի, որ լինեին ավելի խոսուն օրինակներ։ Ասենք, եթե մեկը ասի, որ Հայաստանում բնակվում է 6 միլիոն մարդ և սկսի դա մեդիայով տարածել, տեքստերում սկսեն տպագրել և երեխաներին սովորեցնել, դրա հիման վրա որոշվի պետության բյուջեն, ապա դա կլինի սիմուլյակր։ Խնդրեմ, Դուք։
Դահլիճ։ Եթե վերցնենք Մերձավոր Արևելքում ժողովրդավարություն խթանելու անհրաժեշտությունը, տարբեր աշխարհաքաղաքական միավորներ խոսում էին դրա անհրաժեշտության մասին, թեպետ հարց էր առաջանում, արդյոք դա արվում էր թատերաբեմում որոշակի գործողություններ անելու համար։ Այժմ այն հարցը կարծես թե չի էլ քննարկվում, թե արդյոք դրա կարիքը կար, թե՞ ոչ։ Մեկ այլ օրինակ է այն, ինչ ասում են, որ կատարվում է Ղրիմում։ Խոսքս ռուսական բնակչության դեմ էթնիկ բախումների մասին է։
Գևորգ։ Դրանք օրինակներ էին, որոնցից յուրաքանչյուրը երևի վերլուծության կարիք ունի։ Կուզեմ անդրադառնալ Մերձավոր Արևելքի երկրներում ժողովրդավարության խնդրին։ Մենք վերցրինք ժողովրդավարություն հասկացությունը։ Այն դարձել է կարծրատիպ, ինչը նշանակում է, որ իր առանձնահատկություններից հանված վիճակում հասկացվում է պարզունակ կերպով։ Դա դրվում է ինչ-որ մի տարածքի, այս դեպքում Մերձավոր Արևելքի վրա առանց քննադատաբար մոտենալու, նայելու, թե դա ինչ է նշանակում տվյալ տարածքի համար, և այլն։ Արդյունքը այն է, որ այն դառնում է սիմուլյակր։ Սա, իհարկե, մի քիչ բարդ օրինակ էր։ Խնդրեմ։
Դահլիճ։ Սիմուլյակրի մեկ այլ օրինակ կարող են լինել իլյումինատները և նրանց գործունեությունը։
Գևորգ։ Եթե դուք կարողանաք ցույց տալ, որ դա ինչ-որ իշխանական ուժին օգտավետ է, ապա՝ այո։ Բոլոր էդպիսի խմբակցություններին, որոնք առնչվում են կրոնի հետ, նման զարգացումները առաջին հերթին շահավետ են այդ խմբակցությունների ղեկավարների համար։
Եկեք չմոռանանք, թե ինչով է սիմուլյակրը տարբերվում երևակայության արգասիքից։ Հիմնական տարբերությունն այն է, որ այն շահավետ է ինչ-որ իշխանության։
Դուք էլ ասեք և շարժվենք առաջ։
Դահլիճ։ Օրինակ էի ուզում բերել Միացյալ Նահանգները, որտեղ Իրաք ներխուժելուց առաջ հարցում էր կատարվել այն հարցի մասին, թե արդյոք պետք է, որ ԱՄՆ ներխուժի Իրաք։ Հարցվածների մեծ մասը պատասխանել էին, որ ոչ։ Այնուհետև սկսեց մի դիսկուրս զարգանալ, առ այն, որ ներխուժումը Իրաք բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից։ Որոշ ժամանակ անց կատարվեց երկրորդ հարցումը նույն թեմայով, և այս անգամ հարցվածների մեծամասնությունը կողմ արտահայտվեց ներխուժմանը։
Գևորգ։ Կարելի է էդպես մեկնաբանել։ Էստեղ այդ ազգային շահ հասկացությունն էլ է դառնում լավ սիմուլյակր։ Լինելով շատ լավ կարծրատիպ՝ դառնում է սիմուլյակր ու օգտագործվում մի շարք տարբեր հանգամանքներում։ Էդպիսի օրինակներ շատ կան։ Դուք հիմա ձեր օրինակներով զբաղված էիք դեկոնստրուկցիայով։ Այսինքն պոստմոդեռնիզմի հատկանիշը քանդելն է և տեսնելը, թե ինչպես է սիմուլյակրը կառուցվում։ Այն հետ է խաղացնում իրադրությունը և բացահայտում կարծրատիպերը։ Դա պոստմոդեռնիզմի մոտեցման մեծ օգուտ է, որը մեզ սովորեցնում է քննադատական մտածողություն։
Այստեղ պրոբլեմը այն է, ինչպես ասացի, որ այս մոտեցման դեպքում չկա պրոգրես։ Նրանք չեն խոսում այն մասին, թե մարդու կյանքը իմաստ ունի, թե՞ ոչ։ Անընդհատ ենթարկում ես դեկոնստրուկցիայի, (բայց դա պիտի անես) որպեսզի կարողանաս կողմնորոշվել աշխարհում և հետո թե դեպի ուր է գնում մարդկությունը։ Ես նշել եմ այդ բոլոր մոտեցումների մի քիչ այլ մակարդակները։
Ռեալիզմը նույնպես չի ենթադրում։ Այն ասում է, որ պետությունների հարաբերությունները նման են բիլիարդի գնդիկների՝ մեկ հարվածում են միմյանց, մեկ հետ են գլորվում ու նորից են խփում, և նորից հետ են գլորվում։ Դա տեղի է ունենում անվերջ։ Ինչպես հիմա ասում է Ռուսաստանը, որ 19-րդ դարի համակարգը ավելի գերադասելի էր, քան հիմա, որովհետև այն ժամանակ էլ էին հարվածում միմյանց, և ով ուժեղ էր, ինքն էր հաստատվում։ Իսկ այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է հաստատել միակողմանի մոտեցում։
Ռեալիզմը բացառում է պրոգրեսը, իսկ իդեալիզմը՝ ոչ, բայց իդեալիզմի մոտեցումը լավ արդարացում է էքստրեմալ կապիտալիզմի համար։ Այսինքն իդեալիզմը բացարձակապես դեմ չի նրան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության մի տոկոսը ունենա հարստության 40 տոկոսը։ Բայց իդեալիզմը կամ լիբերալիզմը շատ կարևոր է հայացքի փոփոխության տեսակետից։ Հենց առաջին օրինակը, որ ես բերեցի, այն էր, որ խաղաղությունը սարքում են։ Այն հենց այնպես վիճակ չէ։ Դա օրինակ է հայացքի փոփոխության։
Ռեալիզմը մեծ օգուտ ունի, որովհետև դու անվտանգության տեսակետից միշտ նախապատրաստված ես, եթե այդպես ես նայում կյանքին ու աշխարհին։ Մարքսիզմի օգուտն այն է, որ այն գաղտնազերծում է շահը և հող է նախապատրաստում պոստմոդեռնիզմի համար։ Սիմուլյակր միշտ ստեղծվում է որևէ իշխանության տեսանկյունից և նրա շահի համար։ Առաջինը, որ դա ասեց, մարքսիզմն էր։ Մարքսիզմն ասում էր, որ եթե, ասենք, ինչ-որ գրող ծնվել է կոմս և հանդիսանում է շահագործող, նա միայն իր՝ շահագործողի տեսակետից կարող է այս աշխարհը պատկերել։
Լենինը Տոլստոյի մասին էսսե էր գրել՝ Տոլստոյը որպես ռուսական հեղափոխության հայելի։ Տոլստոյի հանճարը կայանում էր նրանում, որ որոշ քչաքանակ դեպքերում նա կարողացավ դուրս գալ արիստոկրատ շահագործողի տեսակետից և աշխարհը պատկերել շահագործվողի, տուժածի տեսակետից, ինչպես օրինակ ձիու՝ Холстомер-ի դեպքում կամ Հաջի Մուրադի՝ հյուսիսային Կովկասի առաջնորդի տեսակետից, և այլն։ Այսինքն մարքսիզմն էր, որ ասեց, որ աշխարհը միշտ բաժանվում է իշխանության կողմ և իշխանության դեմ եղող մարդկանց։ Նա, ով այսօր մեզ հետ չէ, ապա նա մեզ դեմ է՝ тот, кто сегодня поет не с нами, тот против нас։ Դա նշանակում է, որ դասակարգային առումով մարդը պիտի կա՛մ հարուստների կողմը լինի, կա՛մ աղքատների՝ կա՛մ օլիգարխների, կա՛մ տուժածների, կա՛մ-կա՛մ։ Դու ինքդ կարող է կարծես, որ կամուրջ ես և ապահովում ես երկխոսություն, բայց իրականում դու խաղում ես երկուսից մեկի խաղը։
Դա ասում էր մարքսիզմը, որից հետո պոստմոդեռնիզմը դա վերցրեց՝ որպես զենք։ Ի տարբերություն մարքսիզմի՝ պոստմոդեռնիզմը չի ասում, թե ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ։ Չի ասում, որ շահագործվողն է ճիշտ, իսկ շահագործողը՝ սխալ։ Այն ասում է, որ բոլորն էլ իշխանության դիսկուրսներ են։ Աշխարհում կան երկու տեսակի դիրսկուրսներ՝ կա՛մ իշխանության գլխում գտնվող, կա՛մ իշխանության հավակնող։ Ամենքն էլ ստեղծում են սիմուլյակրներ և փորձում են պարտադրվել աշխարհին։ Գլոբալիզմի դեպքում պրոբլեմները ավելի հեշտ են որոշ իմաստով, որովհետև բյուրոկրատիա է ստեղծում՝ ՄԱԿ-ի համակարգը և այլն։
Մենք դեռ դրա մասին կխոսենք առանձին դասախոսության ընթացքում, որը նվիրված կլինի միջազգային համակարգերին։ Օգուտն այն է, որ մարդկանց են փրկում։ Կրճատվել են շատ հիվանդություններ, օրինակ՝ ծաղիկ հիվանդությունը։ Ձեզնից ոչ բոլորը ունեն ծաղիկի պատվաստում, սակայն մեր ժամանակ դա պարտադիր էր։ Հետո այն դարձավ ոչ պարտադիր, որից հետո՝ ցանկությամբ։ Տուբերկուլյոզը շատ քչացել էր, թեպետ նորից ուզում է բռնկվել, բայց կարողանում են զսպել։ Այսինքն աշխարհով մեկ տեղի են ունեցել մեծ փոփոխություններ։ Գլոբալիզացիայի հստակ պրոբլեմ է շարունակում մնալ տեռորիզմը, իսկ հսկայական օգուտ է մնում ինտերնետը իր դժվարություններով հանդերձ, որոնց մասին մենք դեռ կխոսենք։
Դահլիճ։ Ես խնդիր եմ տեսնում այն բանում, որ դուք մարդու իրավունքները նշել եք որպես լավ, որովհետև էքստրեմալ կապիտալիզմի դեպքում, եթե մի քիչ ավելի խորը դիտարկենք, տեղի է ունենում մարդու իրավունքների խախտում։ Ինչ-որ տեսանկյունից այն դառնում է երկերեսանի համակարգ, որովհետև մի կողմից անընդհատ խոսվում է մարդու իրավունքների մասին, սակայն մյուս կողմից էքստրեմալ կապիտալիզմի դեպքում անհնար է չխախտել մարդու իրավունքները։
Գևորգ։ Լրիվ համաձայն եմ ձեզ հետ։ Մարդու իրավունքները՝ որպես մտածողություն և գաղափարախոսություն ժամանակի ընթացքում ձևավորվել են իդեալիզմին և լիբերալիզմին հարող մարդկանց կողմից և ինչքանով որ հաղթանակել է այդ մոտեցումը աշխարհում՝ այդպիսի մարդկանց շնորհիվ է։ Դա հենց այն դեպքն է, որ չնայած Լև Տոլստոյը շահագործող էր, բայց հանճար էր։ Թեպետ նրանք եղել են կապիտալիստներ, էքստրեմալ կապիտալիստներ, կամ չեն պայքարել կապիտալիզմի դեմ, բայց հենց այդ մարդիկ են, որոնք ստեղծել են կամ տեղ են տվել, որ ստեղծվի այդ գաղափարախոսությունը։ Դա ստեղծվել է իրենց հասարակարգի ժամանակ։ Լրիվ ճիշտ եք երկերեսանիություն առումով։ Ես կմտցնեի դա իր (լիբերալիզմի) հատկանիշների մեջ։ Երբ խոսում էի համագործակցության մասին՝ որպես իդեալիզմի հատկանիշ, ապա կարելի էր ստորակետ դնել և գրել երկերեսանիություն։ Իրոք, լիբերալիզմը հայտնի է, որպես երկերեսանիության մեջ մեղադրվող, բայց դա գուցեև օգտավետ երկերեսանիություն է։
Բերեմ կրկին Կանտի օրինակը։ Նա ասում է. պատկերացրեք մի մարդու, ով հոգու խորքում գող է։ Նա ունի փոքրիկ խանութ մի գյուղում և զբաղվում է առևտրով։ Հոգու խորքում նա գող է ու խարդախ։ Քանի որ նա իր ամբողջ կյանքում այդ խանութում է աշխատում և վաճառում է սնդամթերք, և համայնքը շատ փոքրիկ է և բոլորը միմյանց գիտեն, ամեն անգամ ինչ-որ բան վաճառելիս նա ուզում է խաբած լինել գնորդին և նրանից մի քիչ ավել գումար կորզել։ Նա գիտի, սակայն, որ եթե դա պարզվեց, կդադարեն իր մոտ գնալ և կգնան իր հարևանի խանութ։ Ուստի լինելով գող հոգու խորքում՝ նա երբեք գողություն չի անում։ Կանտը հարցնում է. արդյոք նա գո՞ղ է, թե՞ ազնիվ մարդ։
Լիբերալիզմի քննադատությունը կայանում է նրանում, որ նա հաշվի չի առնում, որ մարդը կարող է գող լինի։ Ուրիշ բան, որ դուք ուզում եք համակարգ ստեղծել, որտեղ գողությունը հնարավոր չի։ Ես էստեղ, որ գրել եմ լավ և վատ, ասեմ, որ վատի մեջ լավը կա, իսկ լավի մեջ՝ վատը շատ դեպքերում։ Դուք փորձեցիք միավորել երկու տարբեր մասեր։ Այսինքն, եթե կապիտալիզմը էքստրեմալ է, մարդու իրավունքները չեն կարող լավ լինել։ Մինչդեռ միջին տեսությունները ստեղծվել են լիբերալ մտածողության կողմից։ Այդ իմաստով նրանք պահում են աշխարհը բացատրելու իրենց տարբեր պահերը առանց միմյանց հետ միավորելու։ Կարողանում են այդպես պահել։ Այսինքն, մարդու իրավունքները լավ է՝ դա մի պատմություն է, իսկ էքստրեմալ կապիտալիզմը լիբերալիզմի էքստրեմալ դրսևորումների վատ հետևանքներից է։ Եկեք դա մեղմենք։
Չեն միավորում և չեն ասում, որ եկեք էդ դեպքում մարդու իրավունքները վերացնենք։ Դրան հակառակ՝ մարքսիզմը կամ այսօրվա Ռուսաստանը կասի, որ մարդու իրավունքները սուտ են, որովհետև դա արևմուտքի համար զենք է, որ շարունակեն շահագործել կամ ճնշել Ռուսաստանին։ Մարքսիզմն ավելի հեռուն էր գնում, ասելով, որ նրանք շահագործողներին, լիբերալներին ոչնչացնելու են բռնի ուժով՝ բռնի հեղափոխության միջոցով։ Ես սկզբում ասեցի, որ ես մարքսիզմն այստեղ մտցրել եմ որպես մեծ տեսության միջին տարբերակ, որովհետև մինչև այսօր էլ կարելի է օգտագործել առանց խորքերը գնալու դասակարգային պայքար և տնտեսական շահ հասկացությունները՝ աշխարհը` պատերազմն ու խաղաղությունը բացատրելու համար։
Մարքսիզմը մեծ տեսություն է։ Նա փորձում է բոլոր կապերն իրար հետ ստեղծել։ Այդ իմաստով բացասական ազդեցություն է ունենում։ Մենք կարող ենք հայտարարել, որ մենք լիբերալ չենք, հատկապես, որ լիբարալիզմը նաև իդեալիզմ է կոչվում։ Սակայն այն հանգամանքը, որ հենց այդ մտածողությունն է շատ բաներ հայտնագործել, անհերքելի է։
Լիբերալիզմը փաստորեն հայտնագործել է, որ այս կյանքում կողմնորոշվելու մարդու լավագույն տարբերակներից մեկն այն է, որ չլինես մինչև վերջ սկզբունքային, որ չփորձես ամեն ինչը մի աշխարհայացքի մեջ ամփոփել։ Պետք է պահել առանձին կղզյակներ, որովհետև հենց ամեն ինչը մի աշխարհայացքի մեջ ես ամփոփում, սկսում ես արտադրել սիմուլյակրեր։
Գրեթե վերջին բանը, որ ես ձեզ ուզում եմ ասել։ Եթե չվերցնենք լուսավորչական տեսությունը, այլ մենք հայտարարենք, որ մենք ասենք թե պոստմոդեռնիստ ենք, մեկ է, լուսավորչականության այս տրամաբանությունն օգնում է մեզ ինչ-որ բաներ հասկանալ։ Օրինակ, եթե ասում ենք, որ մարդն ուզում է հասնել երջանկության։ Ուշադրություն դարձնենք, որ ռեալիզմը և նույնիսկ պոստմոդեռնիզմը բացառում են անհատական երջանկությունը։ Նրանք մաքսիմալ կերպով ուղղված են անվտանգության վրա։ Այսինքն առանց զարգացման պետք է ապահովել այն, ինչը որ կա։ Դրանով նրանք հետադիմական են։
Եթե մենք վերցնում ենք զարգացման պարադիգմը, որտեղ մարդը, աշխարհը ուզում են հասնել երջանկության, դրան հասնում են հաջողության հասնելով։ Եթե դու անընդհատ անհաջողությունների հանդիպես քո բոլոր ծրագրերում, երջանիկ չես լինի։ Հաջողության հասնում ես՝ ճիշտ պլանավորելով։ Ճիշտ պլանավորելու հաջողության գրավականը ճիշտ կանխագուշակելն է։ Օրինակ ես հաստատ գիտեմ, որ վաղը առավոտյան լինելու է լուսաբաց։ Կարող է շատ արևոտ լինի, կամ քիչ արևոտ լինի, բայց հաստատ լինելու է լուսաբաց։ Ես կարող եմ իմ այդ գիտելիքի վրա հենվել և վաղը առավոտյան պլանավորել ինչ-որ բան, որ պետք է արվի լույսի տակ։ Եթե ես դա չիմանայի՝ չէի կարողանա։
Այդպիսի հստակ կանխագուշակում շատ դժվար է անել սոցիալական պրոցեսների մասին։ Գրեթե չկան այդպիսի հնարավորություններ, ուստի սոցիալական պրոցեսները, ինչպես և այլ գիտությունները, փնտրում են օրենք ու օրինաչափություն գիտության միջոցով, իսկ դրան հասնելու համար պետք է ուսուցում։ Այսինքն այս շղթան է, որ պայմանավորում է այս բոլոր տեսությունների ստեղծումը (իսկ սա հարում է հին լուսավորչական պարադիգմին)։
Հիմա, Վերջին բանը , որ մենք էստեղ պիտի հասկանանք, կամ կանգ առնենք, որովհետև ամեն ինչ ես իհարկե չքննարկեցի և հնարավոր էլ չէ։ Սա (աղյուսակը) ձեզ կտրվի, կլինի նաև օնլայն, դուք հետո կնայեք։
Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ կան տեսություններ, որոնք օգնում են որոշ բաներ հասկանալ և հաջորդ քայլին անցնել տարբեր ձևերով։ Օրինակ, հենց այդ օրենքը, օրինաչափությունը գտնելը հասարակական գիտություններում գրեթե հնարավոր չէ, բայց մի տեսություն կա՝ ենթա-ենթա տեսություն, որը ես էստեղ չեմ արտացոլել, որը փորձում է օրենք, օրինաչափություն գտնել, որի մասին ձեզնից շատերը գուցե լսած լինեն՝ ռացիոնալիզմի տեսությունը։
Դրա տարատեսակներից է ռացիոնալ խաղերի տեսությունը, որը հայտնի է իր խաղերից մեկով. բանտարկյալների դիլեմա։ Ուրեմն ինչի՞ց է դա եկել։ Նախ, իհարկե, իդեալիզմից, որովհետև էստեղ մարդկանց մասին է խոսքը՝ երկու անհատների։ Ուշադրությու՛ն դարձրեք, որ իդեալիզմը ռեալիզմի նման պետությունների մասին խոսելիս հակված է ռացիոնալիզմի տեսության մեջ պետությունը դիտարկել որպես մի անհատ։ Ռեալիզմն էլ է շատ օգնել, որովհետև այդ շահերի բախումների, հավասարակշռությունից դուրս ընկնելու տեսությունը հենց արմատներից մեկն է այս խաղերի տեսության։ Մարքսիզմ էլ է շատ օգնել, որովհետև պոստմոդեռնիզմի հետ միասին բացատրել է իշխանության հարցը՝ բացատրելով բախման պատճառները, որ կա իշխանության ինչ-որ ձգտում։ Գիտնականները վիճում են, որ արդյոք դա էլ մարդուն հատուկ ինչ-որ կենսաբանական բա՞ն է, ագրեսիայի նման, թե՞ ոչ։
Հիտլերը իր գոյության պահից մինչև այսօր աշխարհով մեկ շատ ավելի հայտնի է, քան Շեքսպիրը, որն ամենահայտնի անհատ գրողներից մեկն է աշխարհում։ Ինչո՞վ դա բացատրել։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ցանկացած վայրում՝ լինի դա Պերուն, Չինաստանը, և այլն, Հիտլերի անունը ավելի շատ մարդկանց է հայտնի, քան Շեքսպիրի։ Թվում է, թե մարդիկ իշխանության, քաղաքականության հետ կապված հակված են ավելի հետաքրքրություն ցույց տալ, քան այլ բաների՝ գեղեցկության, ստեղծագործության, այլն։ Արդյոք հնարավո՞ր է այդ պարադիգմը փոխել, թե՞ ոչ։
Ռացիոնալիզմի տեսությունը, որը մենք հիմա չենք քննարկի, ստեղծվել է այստեղ եղած մի շարք տեսությունների օգնությամբ։ Ինքն էլ վերջնական պանացեա չէ։ Կան շատ բաներ, որ այն չի բացատրում և ենթարկվում է քննադատության հենց նույն պոստմոդեռնիզմի կողմից։
Ասածս ի՞նչ էր։ Երբ ամերիկյան իմ դասախոսն առաջին անգամ այս սխեման նկարեց, ես շշմեցի։ Ինչու՞, որովհետև մինչ այդ ինձ սովորեցրել էին միայն այն, որ կա մի տեսություն. պետությունները գալիս են և սկսում են միմյանց հետ կռվել, և այլն։ Այդպիսի վիճակ կարող էր լինել այլ ասպարեզներում նույնպես, օրինակ լեզվաբանության կամ կենսաբանության մեջ (մեկ տեսություն և վերջ)։
Իմ դասախոսն առաջինն էր, ով եկավ և ինձ՝ դասարանին ասաց, որ կան մի շարք տեսություններ և ինքը չգիտեր, թե ո՛րն է ճիշտ, իսկ ո՛րը՝ սխալ։ Ոչ մեկը ճիշտ չէ, ոչ մեկը սխալ չէ։ Բոլորն ունեն օգուտներ և պրոբլեմներ։ Նա այդպես դա թողեց և հեռացավ։ Ես դրանից հետո երկար մտածեցի և եկա այն եզրակացության, որ կա ևս մեկ տեսություն, որն էկլեկտիզմն է։ Այսինքն դու կյանքը բացատրելու համար վերցնում ես բոլոր տեսություններից քեզ պետք եկածը, ինչը մենք ձեզ հետ այս քննարկման ժամանակ քիչ թե շատ անում էինք։ Բայց դա էլ է քիչ, քանզի էկլեկտիզմ նշանակում է անոճություն։ Նույնիսկ կարող է նշանակել անճաշակություն։ Էկլեկտիկա նշանակում է ոճերի խայտաբղետություն առանց որևէ սկզբունքի, համակարգման կամ ներդաշնակության բերելու։
Եթե աշխարհը բացատրելիս մենք ասում ենք, որ պատերազմն ամենամեծ պրոբլեմն է, մարդը ՝ ամենամեծ արժեքը, միջազգային կազմակերպությունը՝ լուծման եղանակը և, ասենք, հայացքի փոփոխությունը՝ միակ ձևը, մենք դառնում ենք էկլեկտիկ։ Մենք վերցրեցինք տարբեր բաներ տարբեր տեսություններից, փորձեցինք միավորել։ Կարող է միավորվել և շատ գեղեցիկ թվալ, կարող է և չմիավորվել։ Մեզ ինչ-որ հարց լուծելու համար տվյալ պահին դա հարմար է. կամ՝ առաջ գնանք հարցը չլուծելով. այն մի կողմ դնելով առաջ գնանք։
Դրա մասին մենք այսօր ժամանակ չունենք խոսելու: Բայց սկսելով էկլեկտիկից, երբ մենք բոլորս ընկնում ենք աշխարհ և մեզ ոչ ոք համակարգ չի տալիս՝ նույն կերպ այստեղ, իրական աշխարհում։ Մենք ընկնում ենք տեսությունների գիրկը և ոչ ոք մեզ համակարգ չի տալիս։ Եթե շատ կարդաս, կտեսնես, որ տարբեր տեսություններ կարող են լինել, նույնիսկ խառը տեսություններ՝ էկլեկտիկ։ Հետո դու պիտի դրանից գլուխ հանես։ Այդ ամենից գլուխ հանելու համար ես օգտագործում եմ մտագործունեության մեթոդաբանությունը, որի մասին այսօր շատ ժամանակ չկա խոսելու։ Դուք կարող եք հետո աղյուսակը նայել, որից հետո կարծում եմ առիթ կլինի հարցեր տալու և քննարկելու։ ես վերջացրեցի նյութը, եթե կոմենտարներ կան, խնդրեմ։
Դահլիճ։ Իմ առաջին հարցը վերաբերում է ձեր այն պնդմանը, որ մենք բոլորս պիտի արտադրենք խաղաղություն։ Եթե մենք չենք ծնվում պատերազմի և կոնֆլիկտի մեջ, ապա ինչու պիտի ձգտենք արտադրել խաղաղություն։ Կուզենայի նաև իմանայի խաղաղության սահմանումը։
Գևորգ։ Շնորհակալություն։ Լսենք նաև մյուս կոմենտար-հարցը և անդրադառնամ ձեր հարցին։
Դահլիճ։ Ինձ հետաքրքիր է, թե ինչու եք դուք լիբերալիզմը ներառել մեծ տեսությունների շարքում, իսկ ռեալիզմը՝ միջին։
Գևորգ։ Դա իհարկե պայմանական բաժանում է, բայց պատճառն այն է, որ լիբերալիզմը փորձում է ամեն ինչ բացատրել, իսկ ռեալիզմը՝ ոչ։ Ըստ լիբերալիզմի՝ ազատությունը հատուկ է մարդուն, այն մարդու հիմնարար հատկանիշներից մեկն է։ Դրանով է բացատրվում ամբողջ աշխարհի պատմությունը, կառուցվածքը, և պիտի բացատրվի դրանով։ Այն պահանջատեր է։ Դա իմ ինտերպրետացիան է։ Իրականում էդպիսի տեսություն չկա, որ կարողանա ամեն ինչ փակել։ Լինում են փորձեր, ինչպես, օրինակ, կրոնները կամ մարքսիզմը։
Տեսությունների առումով պետք է հասկանալ մի բան. մեծ տեսությունն ավելի հավակնոտ է, սակայն ինչքան ավելի մեծ, այնքան ավելի ծակոտկեն։ Նրա մի մասը ձեզ հայտնի է, իսկ մեջտեղները անցքեր են։ Այդ պատճառով հաճախ այդ տեսությունները կոչվում են մտքի պարադիգմներ։ Եթե որևէ մեկդ ուսումնասիրել է լեզվաբանություն, ապա, ասենք, հայերենի հոլովների համակարգը կոչվում է պարադիգմ։ Տեսե՛ք, հայերենում կա ընդամենը 7 հոլով։ Կան լեզուներ, որոնք ունեն 30 հոլովներ, սակայն դրանք քիչ են, բայց կան։ Կան լեզուներ, որտեղ ընդհանրապես հոլով չկա, կամ կիսամեռ վիճակում են, և այլն։
Այդ հոլովների մեջտեղը անցքեր են։ Ուրիշ բան չկա։ Օրինակ, ինչու՞ կա, ասենք, բացառական հոլով, բայց չկա տնայնագործական հոլով։ Կամ գործակատարական հոլով, ինչու՞ չկա։ Կարող էր լինել։ Դա պարադիգմ է, բայց մեջտեղը ծակեր են։ Ցանկացած տեսություն այդպիսին է։ Ինչ-որ կարևոր ընդգծված կետեր նրա մեջ կան, բայց ամեն ինչ երբեք չեն պարփակում։
Դահլիճ։ Դուք ասում եք, որ ռեալիզմը սառած է և դարեր շարունակ անփոփոխ, և դրանով իսկ հետադիմական: Բայց չէ որ կա նեոռեալիզմ և նույնիսկ նեոլիբերալիզմ, այսինքն նրանք զարգանում են:
Գևորգ։ Գիտեք, ես չեմ անդրադարձել այստեղ նեոռեալիզմ և նեոլիբերալիզմ բառերին, բայց ես դրանք կընդգրկեի ճյուղավորված հետևանքի մեջ։ Ինչ-որ մի տեղ մեկ այլ առիթով պոստմոդեռնիզմի դեպքում ես նշել եմ ճյուղավորում բառը որպես հետևանք, ընդ որում վատ հետևանք։ Կարող է դա նաև լավ հետևանք է, բայց ինձ թվում է, որ երբ փորձում են ցանկացած միջին տեսություն ինչ-որ մի տեղ մտցնել, ինչը հատուկ է տեսություններին, դա այնքան էլ լավ չէ։
Կան նմանատիպ պարկինսոնյան տեսություններ բյուկրոկրատիայի մասին, ըստ որոնց՝ բյուրոկրատիան պիտի աճի այնքան, ինչքան այն կարող է աճել։ Նույն կերպ էլ մարդու մտածողությունը։ Ցանկացած տեսություն կամ պարադիգմ ազատություն ունենալու դեպքում, հատկապես, երբ գումար են տալիս, որ PHD-ներ արվեն, համալսարաններում սկսում են ուսումնասիրել, գտնում են խարիզմատիկ գիտականներ, որոնք առաջ են տանում այդ տեսությունները, այն սկսում է անվերջորեն զարգանալ, և շատ հավանական է, որ անիմաստ ուղղությամբ սկսի զարգանալ։ Դրա արդյունքում այն կարող է լրիվ կորցնել կապը կյանքի հետ։
Ուստի ինչ-որ պահի արժի կանգ առնել։ Սա բնավ չի նշանակում, որ նեոռեալիզմն իր բնույթով սխալ կամ չափից շատ զարգացած տեսություն է։ Կարող է և ոչ։ Դա առավելապես կախված է հեղինակից։ Այսինքն սկսվում են բազային մոտեցումների ճյուղավորումներ։ Պոստմոդեռնիզմի հետ դա ամբողջովին տեղի ունեցավ։ 20-րդ դարի վերջում արդեն իսկ պոստմոդեռնիզմը հաղթել էր որպես պարադիգմ. դա մոդեռնիզմի պոստն էր։ Ըստ որոշների՝ հիմա էլ պոստ-պոստ մոդեռնիզմ է։ Դա նույն բանն է, ինչ որ նեոռեալիզմը։ Կա ռեալիզմ, ստեղծվեց նեոռեալիզմ, իսկ հետագայում կարող ա ստեղծվի նեո-նեո ռեալիզմ։ Դա են անվանում տեսությունների ճյուղավորում։
Դահլիճ։ Ուզում եմ ասել, որ իրենք մեծացնում են իրենց բացատրելիության ծավալը։
Գևորգ։ Ճիշտ է։ Եթե ռեալիզմին գումարես իդեալիզմի մոտեցումները մարդու էության մասին, մարքսիզմի ուշադրությունը շահագործման հարցին, պոստմոդեռնիզմի ուշադրությունը սիմուլյակրին, ապա դա կդառնա հոյակապ տեսություն, որը ամեն ինչ կբացատրի։ Հենց դրա համար, իմ կարծիքով, պետք է տեսությունների տարաբաշխումը, քան թե փորձել ամեն ինչ մտցնել մի տեսության մեջ։
Այդ տեսությունը կարող է ամեն ինչ բացատրել, սակայն կանխագուշակել, որը օրինաչափության խնդիրն է, գրեթե ոչ ոք չի կարողանում։ Շատ դժվար է կանխագուշակումներ անել սոցիալական հարցերում կամ միջազգային հարաբերություններում, քանի որ մարդն ազատ է։ Մնում են շատ քիչ օրինաչափություններ։ Մեկը կապված է խաղերի տեսության հետ, ըստ որի՝ մարդը սովորում է՝ վստահելով մի քանի անգամ։ Եթե նրա վստահությունն արդարացվում է, ապա նա վստահում է, եթե ոչ, ապա չի վստահում։
Մյուսը Կանտի ձևակերպումն է առ այն, որ երկու արդար հասարակարգերը ավելի քիչ հավանական է, որ պատերազմեն իրար հետ, քան արդարն ու անարդարը, կամ երկու անարդար հասարակարգերը։ Դա էլ պետք է ճիշտ հասկանալ։ Նա դա չէր ասում դեմոկրատիաների մասին։ Հետո դա վերագրեցին դեմոկրատիաներին։ Շատ քիչ օրինաչափություններ կան, որոնք սոցիալական գիտություններում քիչ թե շատ արդարանում են, ոչ թե որպես օրենք, այլ օրինաչափություն։ Այսինքն խախտումներն ավելի քիչ են, քան արդարացման դեպքերը։ Դեռևս մնում է շատ բարդ կանխագուշակել կյանքը։
Անդրադառնամ այստեղ հնչած հարցերից մեկին, ոչ բոլորին, որովհետև այն հարցը, թե ինչ է խաղաղությունը, մենք բոլորս այստեղ դեռ պիտի քննարկենք և գուցե դա անվերջ հարց է։ Ասեմ, որ Արտակ Այունցն էլ է դեռ դրա մասին խոսելու և այլն։
Ձեր հարցի առաջին մասը վերաբերում էր նրան, որ եթե մարդը ծնվել է պատերազմի մեջ և կա կոնֆլիկտ, ապա ինչու պետք է սարդի պես արտադրել խաղաղության սարդոստայն։ Ինչու՞ եմ սա ասում, որովհետև իրոք դուք կոնֆլիկտի մեջ չեք։ Կոնֆլիկտի մեջ ձեզ մտցնում է ինչ-որ մի բան։
Երբեմն կարող է հենց անձամբ դուք լինեք կոնֆլիկտի մեջ և անձամբ հանդես գաք որպես կոնֆլիկտի կողմ, պաշտպանեք մեկին կամ հանդես գաք մյուսի դեմ տարբեր սրությամբ։ Կոնֆլիկտի մեջ ներգրավման տարբեր ձևեր են լինում, բայց եկեք չմոռանանք, որ կոնֆլիկտը աշխարհում շատ ավելի քիչ է, քան խաղաղությունը։ Այսինքն այն, որ խաղաղությունը հաղթում է կոնֆլիկտին, արդարանում է տասնապատիկ տարբեր ձևերով և շատ ռացիոնալ արգումենտներով։
Ամենամեծ փաստարկն այն է, որ թեպետ կարող է թվալ, որ մենք այսօր ողողված ենք բռնության և կոնֆլիկտի մասին հաղորդագրություններով, մինչդեռ 1950-ական թվականներից մինչև այսօր աշխարհում շատ ավելի քիչ մարդ է բռնի ուժով մահացել կոնֆլիկտների արդյունքում, քան մինչ այդ նույն ժամանակահատվածի համար։ Եթե նայում ենք պատմականորոեն, ապա գիտնականները հաշվարկել են, որ մարդկության քանակի համեմատ զոհերը նախկին պատերազմներում կամ այլ ձևի բռնի կոնֆլիկտներում շատ ավելի մեծ են եղել, քան այսօր։ Այսինքն աշխարհով մեկ մենք այսօր ապրում ենք համեմատական խաղաղ վիճակ, թեպետ դա ավելի ճիշտ էր երեք տարի առաջ ասել, քան հիմա, բայց մեկ է, դեռևս այդպես է։
Մեկ այլ օրինակն այն է, որ մենք, դուրս գալով Երևանի փողոցներ, չենք վախենում, որ մեզ կսպանեն փողոցով քայլելիս։ Աղջիկները, սակայն, պետք է նույնիսկ հիմա մի քիչ զգույշ լինեն։ Երբ ես մարդ եմ հանդիպում, ես չեմ վախենում, որ իմ բարևի փոխարեն ատրճանակով կամ դաշույնով ինձ կսպանի։ Իսկ այն քաոսը կամ անարխիան, որը ռելպոլիտիկն ասում է աշխարհի երկրների մակարդակով, կլիներ այդպիսի միջավայր այստեղ՝ երկրի ներսում։ Դա կլիներ մի դեպք, երբ բարևը չի աշխատում, և ավելի հավանական է, որ քեզ կոչնչացնեն, քան չոչնչացնեն։
Ի միջի այլոց մի հարց կա Հայաստանում, որը դրան համապատասխանում է։ Ավելի հավանական է, որ աղջիկը ոչնչանա որպես էմբրիոն, ու չծնվի, քան թե ծնվի այսօրվա Հայաստանում։ Այսինքն կա չհայտարարված պատերազմ էմբրիոն աղջիկների դեմ։ Բայց նրանց հետ, ովքեր ծնվել են, մենք քիչ թե շատ խաղաղ հարաբերությունների մեջ ենք։ Դա պատերազմ չէ բոլորի կողմից բոլորի դեմ։ Դա այն փորձի, գործողության շնորհիվ է, որ ամենքս ամեն պահին անում է։ Եթե մենք դադարեցնենք այդ գործողությունները, ամեն մեկս յուրովի, ապա կյանքը կդառնա քաոս և պատերազմ բոլորը բոլորի դեմ։
Դա մենք ուղղակի չենք գիտակցում, որովհետև մշակույթի միջոցով մեր գեների մեջ ներարկվել է։ Կան, սակայն, երկրներ ու իրադրություններ, օրինակ Սիրիան, ուր սկսում է պատերազմ բոլորի կողմից բոլորի դեմ։ Ուստի պետք է ուշադիր լինել և տեսնել այդ պահի վրա հասնելը։ Նույնիսկ եթե ամեն ինչ խաղաղ է, պետք է աշխատել խաղաղության համար։ Նույնիսկ երբ ամեն ինչ պատերազմի մեջ է, պետք է աշխատել խաղաղության համար։
Դահլիճ։ Խաղաղության կառուցման ձեր հնչեցրած կոնցեպտին ես այլ անկյունից եմ ուզում անդրադառնալ։ Մասնավորապես ուզում եմ բերել 1590-60-ական թվականների Միացյալ Նահանգներում փոքրամասնությունների պայքարի օրինակը, որոնք իրենց բողոքն արտահայտում էին հենց բռնությամբ, և դրա շնորհիվ կարողացան ձեռք բերել այն իրավունքները, որոնք ունեն այսօր։ Օրինակ սևամորթ բնակչությունը։
Գևորգ։ Ի՞նչ բռնություն նրանք արեցին։
Դահլիճ։ Օրինակ ոստիկանության դեմ բախումները կամ ռասիստական արտահայտությունների դեմ ընդվզումները։
Գևորգ։ Շնորհակալություն։ Ինչքան ես գիտեմ Նելսոն Մանդելան հենց բռնության դեմ էր քարոզում, ինչպես Մարտին Լյութեր Կինգը և Մահաթմա Գանդին։ Խնդիրը դա չէ։ Այնտեղ եղել է Մալքոլմ Էքս և այլ գործիչներ, որոնք քարոզել են բռնի դիմադրություն, սակայն պարտադիր չի, որ դիմադրությունը լինի բռնություն։ Ես չեմ ասում, որ բռնությունը վատ բան է։ Դա դուք ինքներդ պիտի որոշեք։ Մարքսիզմն էլ էր ասում, որ հեղափոխությունը միայն բռնի ուժով կարող է տեղի ունենալ՝ արյուն թափելով։ Ամեն մարդ իր համար պետք է որոշի, թե որտեղ են նրա սահմանները։
Եթե խաղաղություն արտադրող միջավայրը փոխարինվի բռնություն բուծող միջավայրով, ապա մարդկությունը կսկսի վերանալ։ Այնտեղ, որտեղ դա տեղի է ունենում, մարդկությունը սկսում է վերանալ։ Ես բնականաբար չեմ ասում, որ կոնֆլիկտը վատ բան է։ Դրա մասին առանձին դուք նույնպես կխոսեք Արտակ Այունցի հետ, և էլի առիթներ կլինեն։ Կան տեսություններ, որոնք համարում են, որ բռնությունը լրիվ արդարացված է։ Իմ ասածն այն է, որ նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ դուք որոշ դեպքերում բռնությունը համարեք արդարացված, որի օրինակներից մեկը պատերազմն է, երբ հարձակվում են քո հայրենիքի վրա, մարդ են սպանում, պետք է կառուցել խաղաղություն։
Ստիպված բռնությունը շատ տհաճ բան է, բայց բռնությունն արդարացնում են ՝ ասելով, որ թշնամուն պետք է սպանել, այլապես նա քեզ կսպանի։ Ուրեմն կան պրակտիկ իրավիճակներ, առանց տեսության մեջ ձևակերպելու, որ բռնությունն արդարացված է, բայց նույնիսկ այդպես համարողները համաձայն են, որ պետք է արտադրել խաղաղություն։ Նույնիսկ ենթագիտակցորեն նրանք զգում են, որ գոնե այլ ասպարեզներում պետք է արտադրել խաղաղություն։ Եթե դու զբաղված ես թշնամու վրա կրակելով, իսկ քո թիկունքից քեզ վրա կրակում է քո իբր թե բարեկամը՝ ապա դա դառնում է համատարած քաոս։
Դահլիճ։ Ես նկատի ունեի այն, որ եթե բռնությունը վերջիվերջո կբերի խաղաղության, ապա այն արդարացված է։
Գևորգ։ Ես չգիտեմ։ Դա այն պահն է, որ բռնություն ու խաղաղություն հասկացությունները դառնում են կարծրատիպ և դեպի սիմուլյակր են տանում։ Խոսքը ոչ թե ձեր ասածի մասին է, այլ այդ պահի։ Ես չգիտեմ, թե ես ինձ ինչպես կպահեի 1917թ. «սոցիալիստական մեծ հեղափոխության» պահերին՝ բոլշևիկների հայտնվելով։ Արդյոք կհամաձայնեի՞, թե՞ ինձ կսպանեին։ Կարծում եմ, որ կսպանեին, բայց հարցը դա չի։ Ես կարծում եմ, որ անհատական մոտեցումը ճիշտ է։ Դու ինքդ կարող ես զգալ, թե ինչ տեղ ես գրավում բռնի իրադրությունների մեջ։ Արդյոք դու Լենինն ես, ով հրաման էր տալիս բոլորին վերացնել, թե դու նա ես, ում առաջին հերթին կվերացնեն։ Դրա արդյունքում արդեն կարող ես որոշել, արդյոք բռնությունը քեզ համար հարցի լուծման արդարացի ճանապա՞րհ է, թե ՞ոչ։
Կարծրատիպը քանդելու համար այնուհետև պետք է հասկանալ, թե բռնությունը որտեղ է սկսվում և որտեղ է վերջանում։ Ձեր խոսքից ինձ թվաց, որ մենք մի քիչ տարբեր ձևի ենք հասկանում բռնությունը։ Այսինքն ոստիկանի դեմ ընդվզումը, որը կարող է բերել ոստիկանի դեմ ֆիզիկական դիմադրության, ես բռնություն հասկացության մեջ չեմ մտցնում, և նույնիսկ իդեալիզմը կամ լիբերալիզմը չեն մտցնում։
Ես բռնություն հասկացության մեջ մտցնում եմ ֆիզիկական կամ հոգեկան ազեեցությունը մի ուժի կողմից մեկ այլ ուժի վրա, որի արդյունքում այդ այլ ուժը աղավաղվում է այն աստիճան, որ կորցնում է իր կենսունակությունը կամ իր բարերար զարգացման հնարավորությունները։
Տվյալ դեպքում ոստիկանության դեմ հաջող ընդվզումը կբերի օգուտ հենց այդ ոստիկանությանը, որովհետև նրանք կդառնան ավելի լավ ոստիկանություն։ Չմոռանանք, որ ձեր բերած օրինակում ընդվզումն ինստիտուցիայի դեմ է, այլ ոչ թե անհատի։ Կարծում եմ այսպես կարելի է մեկնաբանել։ Ես ուզում եմ ավարտեմ, որովհետև դուք դեռ մի հատ էլ ելույթ պիտի դեռ լսեք ընդմիջումից հետո, բայց վերջին երկու կարճ կոմենտարը ես կընդունեմ։ Խնդրեմ։
Դահլիճ։ Ես կուզենայի նշել, որ թեպետ ես բացառում եմ կոնֆլիկտները, սակայն կարծում եմ, որ հենց կոնֆլիկտների գոյությամբ է պայմանավորված խաղաղության անհրաժեշտությունը, քանի որ եթե չլինեին կոնֆլիկտները, մենք չէինք խոսի խաղաղության անհրաժեշտության մասին։ Խաղաղարարության մեծ գաղափարն առաջացել է հենց կոնֆլիկտից հետո։ Իմ կարծիքով այդ երկու հասկացությունները կապված են։
Գևորգ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։
Դահլիճ։ Եթե մարքսիզմի դեպքում կոնֆլիկտի կամ խնդրի լուծումը սոցիալական ուժային հեղափոխությունն էր, ապա ի՞նչ կասեք մյուս տեսությունների դեպքում, որովհետև կարծում եմ՝ սա այն հարցն է, որի լուծման ճանապարհը քիչ թե շատ ակնհայտ է, բայց նաև լատենտ է։
Գևորգ։ Ուրեմն ռեալիզմն ասում է, որ չի լինելու կոնֆլիկտի լուծման ճանապարհը։ Այն միշտ վերարտադրվելու է։ Լիբերալիզմն ասում է, որ փոխհամաձայնությամբ ՝ առևտրի միջոցով, երբ կողմերը գտնում են իրար պետքական բաներ մյուս կողմի մոտ և փոխանակում։ Ըստ գլոբալիզմի՝ պետք է տեղի ունենա էվոլուցիոն զարգացում և պետք է աշխարհը որպես մեկ համայնք դիտարկել, և այլն։ Պոստմոդեռնիզմն ասում է, որ կոնֆլիկտը չի լուծվելու։ Սիմուլյակրները պետք է անընդհատ քանդվեն և դեկոնստրուկցիայի ենթարկվեն։ Պրոգրես այնուամենայնիվ չի լինելու, որովհետև իշխանությունը մարդուն և մարդկային խմբերին բնականաբար հատուկ է։
Դահլիճ։ Ուզում եմ կրկին բերել Միացյալ Նահանագների օրինակը, երբ սևամորթներին չէին թողնում ավտոբուս նստել, որից հետո նրանք ընդվզեցին, և սկսվեց մեծ շարժում։ Որպես էդպիսին նրանք բռնի ուժ չէին կիրառում, և չկար որևէ նեգատիվ կամ վատ կողմ։ Նրանք դրանով ուզում էին ինչ-որ խաղաղության հասնել։
Գևորգ։ Դրանով նրանք ուզում էին հասնել արդարության։ Խոսքն այստեղ արդարության հասնելու մասին է, լինի դա բռնի ուժով, թե առանց բռնի ուժի։ Արդարության հասնելու ձևերից մեկը, որը գովերգում էին Մահաթմա Գանդին, Մարտին Լյութեր Կինգը կամ Նելսոն Մանդելան, խաղաղ անհնազանդությունն է։ Կա նույնիսկ այդպիսի տեսություն և պրակտիկա, որը կարող եք ուսումնասիրել։
Մյուս կողմից հարցն այն է, թե ինչն է բռնությունը։ Բռնությունը շատ հաճախ կարող է լինել ոչ ֆիզիկական։ Հաճախ դա անվանում են կառուցվածքային բռնություն՝ структурный։ Օրինակ, եթե դուք ապրում եք ինչ-որ մի երկրում, որն իր վատ սոցիալ տնտեսական պայմանների պատճառով ազդում է ձեր կյանքի որակի վրա, ապա դուք ենթարկվում եք կառուցվածքային բռնության։ Դա գրեթե երբեք ոչ մի տեղ չի շոշափվում, բայց եթե դուք տեսնեք, թե ինչպես են մեզ մոտ ապրում կամ մահանում տարեցները, թե ով երբ է մահանում, և ոչ միայն մեզ մոտ այլև ամբողջ Ռուսաստանում և մի շարք այլ հետսովետական երկրներում, դուք կտեսնեք, որ այստեղ կա բռնության մի պահ, որը երիտասարդները չեն էլ ընկալում որպես բռնություն։ Մենք ծերանում ենք ոչ այնպես, ինչպես մենք արժանի ենք ծերանալ, և մենք ապրում ենք մեր կյանքի վերջին մասը ոչ այնպես, ինչպես մենք արժանի ենք այն ապրել, եթե մնում ենք այս երկրում։ Դա կառուցվածքային բռնության ամենամեծ և խոշոր օրինակն է, որին բոլորս ենք ենթակա, ու չգիտենք, թե ով է մեղավոր դրանում։ Գուցե հենց ինքներս էլ մեղավոր ենք։
Շնորհակալություն։ Մենք նորից դեռ հանդիպելու ենք, բայց կա իմ մեկ այլ դասախոսություն, որը գուցե ձեր այլ հարցերին էլ պատասխանի։ Այն արդեն դրված է Youtube-ում։ Դա նախկին դպրոցում իմ ունեցած ելույթն է այս կոնտեքստում։ Նույնը չէ, սակայն ունի աղերսներ սրա հետ։
Սղագրությունը կատարեց Ռոբերտ Ղազինյանը
Սղագրության ավարտը՝ 15.07.2016
Տեսանյութը ստեղծվել է 2016թ. փետրվարի 18-ին: