Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն. հաղորդում 10

18.10.2017

Իր ընտանիքին և անձնական կյանքին վերաբերող տվյալների արտահոսքի կապակցությամբ Դանիել Իոննեսյանի՝ իրավապահ մարմիններին տված հաղորդումն ու հետաքննության պահանջը, կարծես, ընթացքի մեջ են: Նման դեպքերում ոստիկանություն դիմել, իհարկե, պետք է, բայց Դանիելի պարագայում, հիշեցնենք, արտահոսքը այլ տեղից լինել չէր կարող, քան հենց ոստիկանությունից կամ քննչական կոմիտեից: Հիշեցնենք՝ արտահոսքը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին նախորդող շրջանում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակեց դպրոցների տնօրենների հետ հեռախոսազրույցների աղմկահարույց ձայնագրությունները: Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն հաղորդաշարի այս թողարկումը անձի ընտանիքին և անձնական կյանքին վերաբերող տվյալների գաղտնիության մասին է:

 

- Վստահ եմ՝ իրավական ոլորտն ուսումնասիրել եք: Ձեր կարծիքով, ուսուցիչների անձի անձեռնմխելիության առումով Դուք նրանց իրավունքը չե՞ք ոտնահարել. այսինքն, այդ մարդը որոշակի ծառայություն է մատուցում մյուս մարդուն: Եթե մենք զանգում ենք ՎիվաՍել կամ ինչ-որ ընկերություն, որտեղ մեզ պետք է ձայնագրեն, նախապես զգուշացնում են, ասում են՝ ձեր հեռախոսազանգը ձայնագրվելու է: Ռադիոյում աշխատելով՝ ես գիտեմ, որ որեւէ մեկին՝ առանց իր թույլտվության, իրավունք չունեմ ձայնագրելու, քանի որ ինձ կարող են դատի տալ:

- ՀՀ օրենսդրությամբ հարցը հետեւյալ կերպ է կարգավորված. մի քիչ ավելի խիստ է տեսանկարահանման պարագայում, աուդիոձայնագրման հետ կապված օրենսդրությունը հստակ սահմանափակումներ չունի: Հետագայում այդ ձայնագրությունները դատարանում անձի դեմ օգտագործելու հետ կապված խնդիրներ կարող էին առաջանալ, բայց նման հարց չառաջացավ, տնօրենների նկատմամբ ո՛չ քրեական, ո՛չ վարչական հետապնդում չեղավ, գործը դրան չհասավ,  որպեսզի գնահատվի, թե այդ ձայնագրությունները որքանով են պիտանի ապացույց: Ինչ վերաբերում է էթիկային, իհարկե, հակասում է լրագրողական դասական էթիկային: Բնականաբար, լրագրողը չի կարող առանց թույլտվության կամ, գոնե, առանց զգուշացնելու ձայնագրել, դա էթիկայի կանոններին հակասում է: Բայց մենք կանգնած էինք մի իրավիճակի առջեւ, երբ ամբողջ հանրապետությունը գիտեր, թե ինչ է տեղի ունենում դպրոցներում եւ մանկապարտեզներում, բայց լրագրողները դասական գործիքներով չէին կարողանում դա իմանալ, որպես ապացույց ցույց տալ լայն հանրությանը: Խոսքը ոչ թե դատական պրոցեսում ապացույցի մասին է, այլ այնպիսի փաստ ներկայացնելու, որ հանրությունը կասկածներ չունենա: Եվ մենք ստիպված գնացինք այդ քայլին, որովհետեւ այլ տարբերակ չկար: Մենք 136 դպրոց եւ մանկապարտեզ էինք զանգել, եւ միայն 114-ն ասացին, որ իրենք ցուցակագրում են ՀՀԿ-ի համար, մնացած 20-22-ի ձայնագրությունը չենք հրապարկել, որովհետեւ այդ մարդիկ անմեղ են, եւ նրանց ձայնագրությունը հրապարակելը կոռեկտ չէ:  Բայց այն 136-ը կոնկրետ դատապարտելի արարք էին կատարել, եւ  դա ցույց տալու այլ ճանապարհ մենք ուղղակի չունեինք, որովհետեւ ակնհայտ է, եթե մենք զանգեինք-ասեինք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի SUT.am լրատվական կայքից են Ձեզ զանգում, եւ մենք հետաքննություն ենք անում, պարզելու՝ դուք վարչական ռեսուրս չարաշահո՞ւմ եք, թե՝ ոչ, պատասխանը բոլորովին այլ կլիներ, քան մեր ստացածը՝  ներկայանալով ՀՀԿ-ից: Ռադիոլսողների համար պետք է հիշեցնեմ, որ մենք ստիպված ներկայանում էինք ՀՀԿ-ից եւ ցուցակների հետ կապված հարցեր տալիս, «խոսք քաշում»: Դա ստիպված քայլ էր, այլ ճանապարհ չկար, եւ դրա համար մենք շրջանցեցինք լրագրողական էթիկայի այդ կանոնը: Օրենսդրական տեսանկյունից այստեղ օրենքի խախտում, որպես այդպիսին, մենք թույլ չենք տվել, եւ դա է պատճառը, որ տնօրենների հայցադիմումում այս մասով առանձնապես հարց բարձրացված չէր:

- Սակայն ի՞նչ հարց դուք լուծեցիք, քանի որ սա ինքնանպատակ չէր՝ իքս մարդկանց անել խայտառակ: Արդյոք հնարավոր չէ՞ր դատական ճանապարհով ինչ-որ բանի հասնել: Իրենք իրենց հայտերը հետ կանչեցին, իսկ դուք ինքներդ փորձեցի՞ք դատական ճանապարհով հարցը լուծել:

- Խնդիրն այն է, որ իրենց արարքի՝ ցուցակների հավաքագրման արդյունքում, մենք, որպես Դանիել Իոաննիսյան կամ «Իրազեկ քաղաքացիների միավորում», չենք տուժել: Մենք տուժել ենք որպես հանրություն, որպես ՀՀ քաղաքացիներ: Նման դեպքերում տուժողը բոլոր քաղաքացիներն են, այլ կերպ ասած՝ ՀՀ-ն է:

- Իրենց արարքը քրեորեն հետապնդելի՞ է:

-Իրենց արարքի գնահատականը՝ քրեորե՞ն, թե՞ վարչական իրավախախտում է, պետք է տան իրավապահ մարմինները, որոնք քննում են այն դեպքերը, երբ տուժողը ՀՀ-ն է, որովհետեւ իրենց արարքից տուժել է Հայաստանի Հանրապետությունը, տուժել են Հայաստանի ընտրությունները: Քանի որ մենք այստեղ որպես տուժող չենք կարող ներգրավվել, մենք չենք կարող բողոքարկել  նաեւ դատախազության գործողությունները: Դատախազությունն ասաց, որ 114 դեպքից 113-ում առերեւույթ հանցակազմ չկա, մի դեպքն ուղարկեց լրացուցիչ քննության. դա Գյումրիի այն  դպրոցն էր, որի տնօրենը խոսակցության մեջ ասել էր, որ իրենք, մեջբերում էր, «վերջին ձեւերով վախեցնում են» ընտրողներին: Այդ դեպքի հետ կապված լրացուցիչ քննություն արվեց, ասացին, որ «վախեցնել» ասելով նկատի է ունեցել ոչ թե վախեցնել, այլ նեղանալ, ու այդտեղ հանցակազմ չկա: Մենք իրավական լծակ չունեինք բողոքարկելու այդ որոշումները: Հետաքննությունն արվեց զուտ հանրությանը ցույց տալու համար: Բոլորը դրա մասին խոսում էին, իշխանություններն ասում էին՝ չկա նման բան, եւ դա շատ մարդկանց օբյեկտիվորեն նյարդայնացնում էր. բոլորս գիտենք, որ նման բան կա, ինչպե՞ս եք ասում, որ չկա: Ու մենք բերեցինք ապացույց, որ սա է իրականությունը, կարող ենք դրան հազար ու մի իրավական գնահատական տալ, բայց սա է իրականությունը, որպեսզի հավաստի ապացույցներով մեկընդմիշտ փակենք այն թեման, թե ինչ է տեղի ունենում ընտրությունների ժամանակ դպրոցներում ու մանկապարտեզներում:

- Այսօրվա հիմնական թեման է անձի անձեռնմխելիությունը. այս դեպքերից անմիջապես հետո կայքում հրապարակվեցին Ձեր ընտանեկան կյանքին վերաբերող գաղտնի տեղեկություններ:  Միավորվեցին տարբեր հասարակական կազմակերպություններ, միավորումներ եւ փորձում էին այս հարցն առաջ տանել: Ի՞նչ ճակատագրի արժանացավ այս գործընթացը:

- Կարծեմ հրապարակման հենց հաջորդ օրը՝ երեկոյան, տեղական թերթերից մեկում, որը փոխկապակցված է իշխող կուսակցության պատգամավորներից մեկի հետ, հրապարակվեց իմ անձնական, ընտանեկան կյանքին վերաբերող որոշ տեղեկություններ, որն ինձ համար տհաճ էր: Ամեն դեպքում հատկանշական է, որ այդ տեղեկությունները կային ոստիկանության արխիվում. սա նշանակում էր, որ ոստիկանությունն է այդ տեղեկությունները փոխանցել: Գուցե առաջին պահին ոստիկանությունը մտածեց, որ ինչ-որ կերպ պետք է արձագանքել,  ինձ պատժել, բայց հետո շատ արագ  հասկացան, որ վատ գաղափար էր, որովհետեւ բարձրացված աղմուկը ոչ միայն տեղական, այլ նաեւ միջազգային հանրությանը ցույց տվեց, որ Հայաստանում լրագրողական հետաքննությանն ի պատասխան ոստիկանությունը կարող է իր արխիվներից այդ հետաքննությունը համակարգող անձի մասին ինչ-որ տեղեկություններ գտնել ու փոխանցել ինչ-որ լրագրողների, որպեսզի իրենք դա հրապարակեն: Չեմ ասի, թե դա ինձ այդքան էլ հաճելի էր, բայց ավելի շատ խայտառակություն էր Հայաստանի համար, որովհետեւ ոստիկանությունը գործում է Հայաստանի անունից:

- Արդյոք այդ մեծ թիմում ոստիկանությունը միայն Ձե՞ր հանդեպ կատարեց այդ քայլը եւ ինչո՞ւ Ձեզ ընտրեցին:

- Որովհետեւ ես էի համակարգում այդ հետաքննությունը, իմ բերանով հանրությանը ներկայացվեց այդ հետաքննության արդյունքները, եւ, ի վերջո, գուցե ուրիշների «վրա» ոչինչ չունեին: Ամեն դեպքում ես ինչ-որ տեղ ուրախ եմ, որ իմ «վրա» այլեւս ոչինչ չունեն, ինչ ունեին՝ հրապարակել են:

- Դուք մեծ պլաններ ունեք:

- Այո եւ հիմա ավելի անկաշկանդ կլինեմ: Բայց կրկնում եմ՝ սա խայտառակություն էր ոստիկանության համար, առհասարակ՝  Հայաստանի համար: Բոլորս, որպես ՀՀ քաղաքացի, կարող ենք ամաչել, որ Հայաստանում ոստիկանությունը նման ոչ հարիր քայլերի է դիմում:

- Վստահ եմ՝ Դուք ուսումնասիրել եք օրենսդրությունը, նաեւ այդքան իրավապաշտպան  կազմակերպություններ  միավորվեցին.  ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում, ինչպե՞ս պիտի Ձեր խախտված իրավունքը վերականգնվի կամ ի՞նչ եք պահանջելու պետությունից:

- Այն ժամանակ հաղորդում  ներկայացրեցինք հանցագործության մասին, որովհետեւ անձնական, ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելը քրեորեն հետապնդելի արարք է: Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց, որի վարույթը որոշ ժամանակ անց կասեցվեց. մենք դա բողոքարկել ենք դատախազությունում: Չեմ ուզում շատ խորանալ մանրամասների մեջ. նախ արդյունավետ պաշտպանության հետ կապված ինչ-որ մարտավարական գաղտնիքներ կան, որ դեռեւս չենք բացահայտում, գուցե նաեւ նախաքննության գաղտնիք կա: Ամեն դեպքում այդ քրգործով դեռեւս չկա մեղադրյալ, թեւ կա անձ, ով ընդունել է, որ ինքն է եղել հրապարակողը, եւ հայտնի է, թե այդ անձն ով է: Հայտնի չէ, թե ով է ոստիկանությունից փոխանցել այդ տեղեկությունները, բայց պատշաճ գործողություններ չի էլ կատարվել դա քննությամբ պարզելու համար: Մենք բողոքարկել ենք եւ կարծում ենք, որ քննությունը վերսկսվելու դեպքում այդ ամենը կպարզվի:

- Իսկ նախադեպ կա՞, թե Դուք առաջին «զոհն» էիք, որի դեմ պետական համակարգը նման կերպ վարվեց: Դուք նշում եք, որ բացառապես ոստիկանությունն էր տիրապետում այս ինֆորմացիային, եւ նման ճշգրտությամբ այլ կառույց չէր կարող տիրապետել: Ուսումնասիրե՞լ եք, նախկինում նման դեպքեր եղե՞լ են, թե՞ սա առաջին փորձարկումն էր:

- Հենց ոստիկանության մասով ես չգիտեմ, բայց կարող եմ ասել, որ նախկինում եղել են դեպքեր, երբ ի պատասխան լրագրողական հետաքննությունների, անձանց ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ են հրապարակվել: Հիշում եմ՝ 10, գուցե եւ ավելի տարիներ առաջ հրապարակվեց «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանի վերաբերյալ ինչ-որ տեղեկություններ:

- Նախորդ մեր հաղորդումներում խոսում էինք, օրինակ, որ հիմնականում քաղբանտարկյալները  բանտ են նստում «գործ սարքելու», «գլխին սարքելու» հոդվածով: Հիմնականում լսում էինք լրագրողներին, իրավապաշտպաններին սպառնալու,  փողոցում ծեծելու, ունեզրկման փորձերի մասին, բայց որ անձնական տվյալները հրապարակեն, վերջին տարիներին, համենայն դեպս, չեմ հիշում:

- Տարբեր իրավիճակներ են լինում: Գուցե մեր հրապարակումից հետո տաք գլխով հրապարակեցին իմ անձնական տվյալները, հետո դատի տվեցին, բայց շատ արագ հասկացան, որ դա վատ գաղափար էր, եւ ես ուրախ եմ դրա համար, որովհետեւ մտավախություն կար, որ դա կարող էր նախադեպ դառնալ:

- Իսկ ինչի՞ց ենթադրեցիք, որ նրանք զղջացին իրենց արարքների համար:

- Մենք շատ էինք վախենում, որ այդ դատերը նախադեպ դառնային, որովհետեւ 30 տնօրեն մեզնից՝ ինձնից եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ից դատարանով պահանջում էին 60 մլն դրամ, եւ մոտ 5 մլն էլ՝ որպես դատական ծախսերի հատուցում, այսինքն՝ 65 մլն դրամ: Մենք վստահ էինք, որ այդ գումարը չենք տալու, բայց վախենում էինք, որ այլ մարդիկ, թիմեր, որոնք կուզենային խիզախ հետաքննություններ անել, արդեն կվախենան: Վատ նախադեպ չդարձավ, որովհետեւ իշխանություններն արագ հասկացան, որ նման կերպ վարվելը շատ վատ գաղափար է, որ իշխանությունների համար նման դատավարությունն ինքնին մեծ գլխացավանք է: Իհարկե, իշխանությունները կարող են զանգել, դատարաններին հրահանգներ տալ, սա բոլորիս հայտնի է, բայց այս գործերով եթե նման կերպ վարվեին, ու դատարանները, օրինակ, բավարարեին վճիռներն ու ասեին՝ մենք զրպարտել ենք ու բարեխիղճ տնօրենների բարի համբավն արատավորել, սա մեծ խայտառակություն կլիներ Հայաստանի իշխանությունների համար, մեծ խնդիրների կհանգեցներ: Մենք ամեն ինչ կանեինք, կբողոքարկեինք տարբեր ատյաններում, ի վերջո կդիմեինք ՄԻԵԴ եւ կհաղթեինք: Բայց իշխանությունների համար այդ ամբողջ գործընթացն ու նրա գոյությունը բավականին խնդրահարույց կլինեին, մեզ համար՝ ոչ. փաստաբանները կզբաղվեին այդ գործով, կբողոքարկեին, շուտ, թե ուշ կհաղթեին: Դրա համար իշխանությունները հետ կանգնեցին: Ինչո՞վ են տարբերվում քաղաքական դատավարությունները սրանից. այնտեղ մարդը նստած է ճաղերի հետեւում սպասում է, որ բողոքարկի, բողոքարկի… 10 տարի հետո հասնի ՄԻԵԴ: Մենք ժամանակի խնդիր չունեինք, մենք բանտում չէինք, կարող էինք թեկուզ 10 տարի դատվել տնօրենների հետ: Սա հասկանալով՝ իշխանությունները գիտակցեցին, որ դա վատ գաղափար է, եւ պետք է հետ կանգնել: Նաեւ անձնական տվյալների հրապարակման հետ կապված քրեական գործ հարուցեցին. ճիշտ է, գործի վարույթը նորմալ չիրականացվեց, բայց գոնե հասկացան, որ այդ հետապնդման, «աչք վախեցնելու» մոտեցումը վատ գաղափար էր եւ առաջին հերթին՝ իշխանությունների համար:

- Փաստորեն Ձեր գործի հանգուցալուծումը տեսնում եք ՄԻԵԴ-ում: Արդարադատության հաստատումը ինչպե՞ս եք տեսնում, ո՞ր դեպքում պետք է ասեք՝ ամեն ինչ նորմալ է, ի՞նչ եք ուզում դատարանից:

- Ինչ էլ որ լինի, նույն իմ անձնական տվյալների հրապարակման հետ կապված, փաստ է, որ սկզբունքորեն ոչինչ չի փոխվել կրթության համակարգում: Ես գիտնականների ընտանիքից եմ, նախկինում մի քանի տարի գիտությամբ եմ զբաղվել, ինձ համար այս ամբողջ պատմության մեջ ամենացավալին ոչ թե այն է, որ ընտրություններ էին կեղծում, այլ որ դա տեղի է ունենում կրթության համակարգում: Հետեւաբար ես չեմ կարող ասել՝ ամեն ինչ նորմալ է, քանի դեռ կրթության համակարգում ոչինչ չի փոխվել:  Իմ անձնական տվյալների հետ կապված կասեմ, որ ամեն ինչ նորմալ է, եւ ինձ համար ցանկալի հանգուցալուծումն այն կլինի, երբ պատասխանատվության կկանչեն թե ՛ տեղեկություններն ապօրինի հավաքագրած, թե ՛ փոխանցած եւ թե ՛ ապօրինի հրապարակած անձինք:

- Շնորհակալ եմ շատ: Հարգելի ունկնդիրներ, լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Մեր այսօրվա հյուրը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն  էր: Շնորհակալություն: