«100 դոլարի պատճառով տղայիս սպանել են»

12.04.2017

Անահիտ Մկրտչյանը այն որդեկորույս մայրերից մեկն է, ում ամեն բողոքի ակցիային կտեսնես ՀՀ Կառավարության, Աժ-ի, նախագահական նստավայրի դիմաց: Նա ներկա է գրեթե բոլոր դատական նիստերին, որտեղ քննվում են խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը: Անահիտ Մկրտչյանի որդուն՝ Արայիկ Ավետիսյանին, սպանել են 2001 թ հոկտեմբերի 30-ին՝ արձակուրդից վերադարձի 3-րդ օրը:

Անահիտ Մկրտչյանը դառը կսկիծով է պատմում եղելությունը. «Շտաբի պետի սենյակում տղայիս սպանել են: Իմ տղայի գործը բացահայտ է, ունեմ բոլոր ապացույցները, որոնք իրավական գնահատական ստանալով,  դժվար չէր լինի սպանություն  կատարող անձին բացահայտել եւ մեղադրանք առաջադրել, շատ ապացույցներ ունեմ, որին նախաքննական մարմինը էդպես էլ գնահատական չտվեց, ուշադրություն չդարձրեց: Միակ վկան, ով ցուցմունք տվեց Մհեր Ստեփանյանի կողմից սպանություն կատարելու վերաբերյալ, այլևս Հայաստանում չէ, այդ վկային էլ Հայաստանից փախցրեցին: Նախաքննական մարմինը պարզապես ցանկացավ հանցագործությունը թաքցնել, քրեական գործի ամեն մի էջում կան բացթողումներ:Հրամանատարը տղայիս արձակուրդ էր ուղարկել այն պայմանով, որ գնաս՝ 100 ԱՄՆ դոլար կբերես, իսկ գնալուց ես չկարողացա այդ գումարն ամբողջությամբ տալ, իր հետ ուղարկեցի 15 000 դրամ: 15 տարի է անցել, սակայն նախաքննական մարմինը իմ ոչ մի հարցադրմանը պատասխան չի տվել»:Արայիկ Ավետիսյանի սպանության մանրամասների մասին պատմում է տիկին Անահիտը և վերջում հավելում. «Մենք՝ ծնողներս, դանդաղ մահ ենք ապրում»: