Պատմություն․ Գևորգ Տեր-Գաբրիելյան (Jam Session 53)

30.11.2022

Տեսանյութը նկարահանվել է 28 սեպտեմբերի, 2022 թ․

«Իրականում ցանկացած պատմություն, որն ինքնամփոփ է, դառնում է հիմնազուրկ։ Որպեսզի լավ հասկանաս այս կամ այն պատմական իրադարձության նշանակությունը, պիտի բացի հազար ու մի հարց տալուց (երբ դու երևակայությունդ, տրամաբանությունդ օգտագործելով սկսում ես հարցեր տալ տեքստը ստեղծողին, որ հասկանաս իրադարձությունն ավելի խորքից), պիտի նաև տեղեկություններ ունենաս, այսպես՝ աղյուսակային տեսքով։ Այստեղ Հայաստանն է, այսինչ թվականին, ասենք 1654 թվականին, այստեղ՝ որևէ եվրոպական պետությունն է այդ նույն թվականին, այստեղ մեկ այլ պետություն է, մշակույթ է, և այլն ։ Եվ երբ դու նայում ես համեմատականով, թե այդ պահին ի՛նչ էր տեղի ունենում այստեղ և այնտեղ, շատ լավ հասկանում ես, թե քո պատմության մեջ ինչու՛ դա տեղի ունեցավ և ի՛նչ էր դա նշանակում։ Համեմատական մոտեցումը լավագույն ձևերից մեկն է պատմության այդ պարադոքսից և ծուղակներից դուրս գալու համար։ Այստեղ նաև հիշեցնեմ, թե իսկ ինչու՞ է դա հատկապես կարևոր դարձել վերջին հիսուն-վաթսուն տարում։ Որովհետև պատմությունը սկսեց վերաիմաստավորվել։ Եթե մեր դասագրքերի համաձայն չկար ինչ-որ բախում այս կամ այն ինտերպրետացիայի միջև, հիմնականում դա միօրինակ, միատարր նաղլ էր, նարրատիվ էր, ապա գնալով բախումները շատացան։ Խոսելիս հայոց պատմության վերաբերյալ, ես հիշում եմ միայն մի բախում, որ վաթսունականներին սկսեց ձևավորվել, յոթանասունականներին։ Բախումը հետևյալն էր. մի շարք՝ Խորհրդային Միության մեջ գտնվող և, բնականաբար, ցենզուրայի պայմաններում աշխատող գիտնականներ, ասում էին, որ Ուրարտուն հայ ժողովրդի հետ կապ չի ունեցել։ Այսինքն նույն տեղում է եղել, որտեղ հետո հայոց մշակույթը, էթնոսն ու թագավորություններն են առաջացել, սակայն ուրարտացիք էթնիկապես այլ ժողովուրդ են եղել։ Մյուս կողմն ասում էր՝ չէ, սա հայոց պատմության մաս է»։