«Մհերի բացահայտումը» կամ «Մի առվակի պատմություն»

Մեդիան մշտապես հանդիսացել է կարևորագույն հարթակ տարատեսակ մասշտաբների խնդիրների բարձրաձայնման և իրազեկման, ճիշտ հասցեատերերին խնդրի լուծման գործընթացին մղելու համար։ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի կարևոր նպատակներից մեկն է աջակցել տեղական մեդիա կազմակերպություններին՝ համայնքային նշանակության խնդիրները վերհանելու և հասցեագրելու համար։

Մեդիայի՝ համայնքային կարևորության խնդրի բարձրաձայնման և հետևողականորեն դրա հետ կապված զարգացումները լուսաբանելու և դրական արդյունք արձանագրելու լավ օրինակ է նաև ՄՔՏՄ ծրագրի շրջանակներում ֆինանսավորում ստացած լրագրող Բորիս Սարգսյանի հետաքննական նախագիծը, որի շրջանակներում լրագրողը փորձում էր բացահայտել, թե Կապանի Սպանդարյան նրբանցքով շուրջ 50 տարի հոսող գետակն ինչու է ժամանակ առ ժամանակ աղտոտվում ու իր հետ բերում ծանր մետաղական նստվածք։ Պաշտոնական հարցումների և ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ մետաղական նստվածքով և աղտոտվածության ամենաբարձր մակարդակում գտնվող ջրերը հոսում են լքված Կավարտ հանքավայրի տարածքից, իսկ Կապան ԼՀԿ-ն իր հերթին է ժամանակ առ ժամանակ ջրեր բաց թողնում առվակի մեջ, որը, հոսելով քաղաքի միջով, խառնվում է Ողջի գետին։ Ծրագրի շրջանակներում մի քանի անգամ տեղական մեդիա հարթակներում հրապարակվել և բարձրաձայնվել են բացահայտված խնդիրները, ինչպես նաև բնակիչների բողոքները։ Այս ամենի արդյունքում, 2019 թ․ ամռան սկզբին եռակողմ հանդիպում տեղի ունեցավ Կապանի համայնքապետի, Կապանի բնակիչների և Կապանի ԼՀԿ ներկայացուցչի միջև, որի արդյունքում կողմերը հարցը լուծելու պատասխանատվություն ստանձնեցին։

Ըստ Կապանի համայնքապետարանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության, սեպտեմբերի 1-ից մարդկանց բնակելի տների կողքով այլևս չեն հոսում արտադրական ջրեր։ Կապանի ԼՀԿ-ը իր հերթին իրենց ավելցուկային ջրերը խողովակաշարով տեղափոխել է իր արտադրական տարածք, իսկ «ԳԵՎԼԵՌ» ՍՊԸ-ն այդ ջրերից մետաղական պարունակությամբ նստվածքները կորզելու համար հարթակ է պատրաստել և իր համար առանձին ժամանակավոր խողովակաշարեր է անցկացրել։

Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ այժմ մարդկանց տների մերձակայքով անցնող ջրատարով այլևս արդյունաբերական ջրեր չեն հոսում և աշխատում է այլընտրանքային տարբերակը։ Ծանր մետաղներով հագեցած ջուրը նախ հասնում է մաքրման կայան, ապա մետաղների կորզումից հետո հասնում Ողջի գետ, իսկ Կապանի ԼՀԿ-ն իր ավելցուկային ջրերն արդեն տեղափոխել է այլ ուղղությամբ՝ ստեղծելով հնարավորություն հարկ եղած դեպքում ջուր թողնել ջրատար (հաղորդում է Kapan.in մեդիան)։

Ի դեպ տեղաբնակները կապ են հաստատել Բորիս Սարգսյանի հետ, իրենց շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են տասնամյակներով այս անլուծելի խնդիրը վերջնականապես լուծելու համար։

Ավելին իմանալու համար հետևեք այս հղումով։

Ավելին