ՏԻՄ-երի գնահատման գործիքի պիլոտավորումը Ախթալա համայնքում
Որպես բնակիչներին ծառայություններ մատուցող առաջնային օղակներ՝ ՏԻՄ-երը ունեն իրենց ներքին քաղաքականությունները, ընթացակարգերն ու կարգավորիչները։ Սրանք օգնում են ՏԻՄ աշխատակիցներին կողմնորոշել, թե ինչպես վարվել տարբեր իրավիճակում։ Յուրաքանչյուր ՏԻՄ տեղական ինքնակառավարման մասին օրենքի հիման վրա հանրամատչելի և ավելի կիրառական լեզվով մշակում է սեփական օգտագործման համար անհրաժեշտ ընթացակարգերը․ սրանք ուղեցույցներ են, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է տվյալ գործընթացն իրականացվում կազմակերպության, տվյալ պարագայում՝ ՏԻՄ-ի կողմից։
Այս ընթացակարգերի առկայությունը, ինչպես նաև դրանց իրականացման արդյունավետությունը գործնականում գնահատելու համար «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում ստեղծվել է ՏԻՄ-երի կարողությունների գնահատման գործիք, որը նպատակ ունի գնահատման միջոցով զարգացնել ՏԻՄ-երի կարողությունները ներքին գործընթացները ճիշտ կազմակերպելու համար։ Գործիքն իրենից ներկայացնում է հարցաշար, որն անդրադառնում է հետևյալ ուղղություններին՝ բնակիչների մասնակցության խթանում և հետադարձ կապի ապահովում բնակիչների հետ, ներառականություն և գենդերային հավասարություն, որոշումների կայացման թափանցիկություն, մատուցվող ծառայությունների որակի մշտադիտարկում, համայնքի բյուջեի և հանրային քննարկումների անցկացում բնակիչների հետ, տեսլականի և համայնքի զարգացման ռազմավարության մշակում, ինչպես նաև՝ միջհամայնքային համագործակցություն։
Գործիքը հնարավորություն է տալիս գնահատել ՏԻՄ-երի կառավարման գործընթացները երեք մակարդակներում՝ ընթացակարգերի կամ փաստաթղթերի առկայության, ինստիտուցիոնալ (այսինքն՝գնահատել տվյալ հաստիքի աշխատակցի կամ բաժնի առկայությունը) և ընթացակարգի կիրառման մակարդակում։
Առաջին անգամ գործիքը կիրառվել է Ախթալայի համայնքապետարանում․ հանդիպմանը մասնակցում էին վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ և քաղաքացիներ։ Հաջորդիվ կպատրաստվի գնահատման հաշվետվությունը Ախթալայի համայնքապետարանի համար։