Առաջին անգամ քննարկվեցին հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության քաղաքականության հարցերը և ոլորտի բացերը
Հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ չեն ունենում հաշմանդամության քաղաքականության մշակմանը, իրականացմանը և մոնիթորինգին մասնակցելու հնարավորություն տարբեր վերաբերմունքային, ֆիզիկական, իրավական և հաղորդակցական արգելքների պատճառով։ Հատկապես վերջին տարիների ընթացքում խորը ճգնաժամի հետևանքով առաջացել են մի շարք սոցիալ-տնտեսական և հաղորդակցական խոչընդոտներ։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Շվեդիայի կառավարության աջակցությամբ, իրականացնում է «Արդյունավետ և լիարժեք մասնակցություն քաղաքականության մշակմանը և մոնիթորինգին» ծրագիրը, որի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը։
Ծրագրի շրջանակում՝ հունիսի 27-ին, առաջին անգամ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկվեցին հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության քաղաքականության հարցերը և ոլորտի բացերը։ Համապատասխան միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի բացակայությունը և թարգմանիչների խիստ սահմանափակ թիվը հավելյալ խոչընդոտներ է առաջացնում խուլ անցձանց համար, հատկապես, կրթություն ստանալիս, պետական ծառայություններից օգտվելիս և այլն։
Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ։ Նախարարի տեղակալ տիկին Ժաննա Անդրեասյանը և նախարարության աշխատակազմի ներկայացուցիչները լսեցին մասնակիցների առաջարկները և պատրաստակամություն հայտնեցին բոլորի հետ համագործակցությամբ մշակել արդյունավետ լուծումներ։
***
Քննարկումը կազմակերպել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը՝ Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող, «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։
Լուսանկարները «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։