Ամփոփելով Մարդամեջ 2022-ը
Հուլիսի 9-ին ավարտվեց հերթական Մարդամեջ սոցիալ-նորարարական հավաքը։ Երրորդ՝ ամենահագեցած օրվա ընթացքում մարդամեջցիները վերջնականացրին իրենց ծրագրերը և ներկայացրին ընտրող հանձնաժողովին։ Ուրախ ենք նշել, որ այս անգամ Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ Մարդամեջի շրջանակներում կիրականացվեն չորս ծրագրեր, որոնք առնչվում են ուսանողներին, համալսարանական կյանքին և ոչ միայն։ Հարկ ենք համարում նշել, որ ներկայացված ծրագրային այլ գաղափարները ևս ունեն իրականացվելու և փոփոխություն բերելու մեծ հավանականություն։
Երեք օր անընդմեջ խմբերում ակտիվ քննարկումների և մտագրոհների արդյունքում ձևավորված գաղափարները փակ քննարկմամբ գնահատեցին և հաղթող ծրագրերը հայտարարեցին ընտրող հանձնաժողովի անդամները՝ Միքայել Հովհաննիսյանը (ԵՊՀ), Գեմաֆին Գասպարյանը (Բուն ԹիՎի), Իրինա Եսայանը (Ազգային ժողովրդավարության ինստիտուտ), Նելլի Փայտյանը (Հայ առաջադեմ երիտարդություն ՀԿ)։ Ծրագրային գաղափարների ներկայացմանը և քննարկմանը որպես դիտորդ մասնակցեցին նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը և ԵՄ ծրագրի համակարգող Տաթևիկ Դավթյանը։
Հաղթող ծրագրերից առաջինը, որն ունի պայմանական «Brain Center» («Ուղեղային կենտրոն») անվանումը, նպատակ ունի նպաստել ուսանողների գիտահետազոտական կարողությունների և հմտությունների ձեռքբերմանը։ Այս նպատակին հասնելով՝ կենտրոնը կաջակցի ուսանողների հետազոտական գործունեությանը։ Մասնակիցներն այս նպատակին հասնելու են՝ իրականացնելով մի շարք գործողություններ, որոնցից են հետազոտական մրցույթի հայտարարությումը, մենթորությունը, դասընթացները և ոչ միայն։
Իսկ «UNIcation» անունը կրող ստեղծվելիք բլոգի հեղինակները նպատակ ունեն առցանց հարթակի միջոցով միմյանց կապել տարբեր համալսարանների ուսանողների։ Այս բլոգում ուսանողները կկարողանան ազատորեն արտահատել իրենց տեսակետները ուսանողական և համալսարանական կյանքին առնչվող տարբեր խնդիրների շուրջ։ Բացի դրանից, բլոգի այցելուները կկարողանան գտնել փոդքասթներ, տարաբնույթ թեմատիկ հոդվածներ, ինչպես նաև ստանալ հոգեբանի, իրավաբանի և կրթության փորձագետի հետ խորհրդատվության հնարավորություն։
Հաղթող ծրագիր է նաև «iMap» նախաձեռնությունը, որը, ըստ գաղափարի հեղինակների, հնարավորություն կտա համալսարաններում տեղադրվելիք տեղադրվելիք էլեկտրոնային քարտեզների միջոցով օգնել ուսանողներին և այցելուներին կողմնորոշվել տեղանքում՝ գտնելու ֆակուլտետներ, լսարաններ և համալսարանական այլ ենթակառուցվածքներ։
Իսկ վերջին՝ «Գորիսում երիտասարդ աշխատուժի կարողությունների զարգացում» նախաձեռնության անդամները թեմատիկ դասընթացների օգնությամբ հետապնդում են Գորիսի պետական համալսարանում սովորող ուսանողների՝ աշխատաշուկայում մրցունակ դարձնելու նպատակը։ Նպատակին հասնելու համար նրանք նախատեսում են անձնային աճի ակումբ ստեղծել և ուսուցանել գրագետ ինքնակենսագրականներ կազմելու և մոտիվացիոն նամակներ գրելու նրբությունները, ինչպես նաև պատմել ներկայացնել սոցիալական ցանցերի նպատակային կիրառմամբ աշխատանք գտնելու հավանականությունը մեծացնելու կարևորության մասին։
***
Մարդամեջ2022-ն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության. Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում։