mojcover

«Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի դրամաշնորհառուների նախագծերի ներկայացում

Ապրիլի 19-ին Երևանում տեղի ունեցավ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտական դրամաշնորհային ծրագրերի ներկայացումը։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ԵՀՀ Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը։ Նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ողջունեց նախաձեռնությունը՝ կարևորելով քաղաքացիական հասարակություն-պետություն սերտ համագործակցությանն ուղղված ԵՀՀ ջանքերը։ Իր հերթին, Գևորգ Տեր-Գաբրիելյանը հույս հայտնեց, որ այս հետազոտությունների արդյունքների հիման վրա մշակված առաջարկությունները կնպաստեն օրենքի, ժողովրդավարության մասին հանրային պատկերացման ձևավորմանը, ինչպես նաև կփորձեն բարձրացնել հասարակական վստահության մակարդակը արդարադատություն իրականացնող հաստատությունների նկատմամբ։

Հանդիպման երկրորդ մասում դրամաշնորհառուները ներկայացրեցին իրենց հետազոտությունների արդյունքները, որոնք վերաբերվում էին արդարադատություն իրականացնող հաստատություններում առկա խնդիրներին, իրավունքի խախտումներին և ոչ միայն։ 

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին հետևյալ հետազոտությունների արդյունքները՝

  • «Հաշմանդամություն ունեցող անձանց արդարադատության մատչելիությունը»
  • «ՄԻԵԴ կողմից Հայաստանի կայացված վճիռների (Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրող) վերլուծություն» 
  • Վարչական մարմինների ակտերի վարչական բողոքարկման իրացման վիճակի գնահատում
  • Հետք, Դատարանների ծանրաբեռնվածության մոնիտորինգ
  • Դատապարտյալներն ու ընտանեկան բռնության ենթարկված կանայք դատարաններում
  • «Լոռու և Տավուշի մարզերում դատարանների մոնիտորինգ»
  • «Դատական գործընթացների ուսումնասիրություն Արմավիրում»

Հետազոտությունները շուտով հասանելի կլինեն առցանց, իսկ դրանց մասին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ավելին