Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ. Մուլտիմեդիա ձևաչափով լրագրողական աշխատանքների արտադրություն (փակված է)
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են մուլտիմեդիա ձևաչափով լրագրողական աշխատանքների արտադրությանն աջակցող դրամաշնորհների բաց մրցույթ:
Մրցույթի նպատակն է խրախուսել մուլտիմեդիա ձևաչափերի օգտագործումը հանրության համար կարևոր թեմաները լուսաբանելիս (longread, webdoc, և այլ ֆորմատներ), ինչպես նաև համապատասխան գործիքների տիրապետելը՝ նյութերը վիզուալ, առավել գրավիչ և մատչելի ներկայացելու համար։
Մրցույթին կարող են դիմել ինչպես անհատ լրագրողները, այնպես էլ ստեղծագործական խմբերն ու լրատվամիջոցները։
Դրամաշնորհի չափը կախված կլինի առաջարկի բարդությունից, թեմաների/նյութերի քանակից, աշխատանքի ծավալից։ Ծրագրի բյուջեն չի կարող գերազանցել 2 միլիոն դրամը։ Անկախ լրագրողների դեպքում բյուջեն չի ներառում ՀՀ օրենքով սահմանված հարկերն ու վճարները։
Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար նախատեսված առավելագույն ժամկետը 3 ամիս է։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2019 թ-ի մայիսի 20-ն է։
Համաֆինանսավորման պահանջ
Հայտատու կազմակերպություններից ակնկալվում է առնվազն 15% համաֆինանսավորում ծրագրին` դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով։ Համաֆինանսավորման պահանջը չի տարածվում անհատ հայտատուների վրա։
ԱՄՆ կառավարությունից ստացած այլ դրամաշնորհները կամ միջոցները չեն դիտարկվի իբրև համաֆինանսավորում:
Հայտերի գնահատման չափանիշներ
ԵՀՀ-ին ներկայացված հայտերը ընտրության նախնական փուլ կանցնեն ծրագրային թիմի կողմից՝ մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար։ Այնուհետև հայտերը կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների։
№ |
Չափանիշ |
Միավոր |
1 |
Նշված թեմաներին համապատասխանությունը, ակտուալությունը, կարևորությունը և ազդեցության հավանականությունը |
20 |
2 |
Դիմողի նորարարական մոտեցումը թեմային, լրագրողական մեթոդների համապատասխանությունը ընտրված գործիքներին և ձևաչափին, վիզուալիզացման հնարավորությունը: Խնդրի, իրադարձային սյուժեի և/կամ հերոսի առկայությունը։ |
40 |
3 |
Դիմողի մասնագիտական պատրաստվածությունը ծրագիրն իրականացնելու համար։ |
30 |
4 |
Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը |
10 |
Նախընտրություն կտրվի այն առաջարկներին, որոնք կհամապատասխանեն «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի բովանդակությանը, այն է՝ թափանցիկության և հաշվետվողականության, մարդու իրավունքների, սոցիալական ոլորտի և տեղական ինքնակառավարման թեմաներին։
ՄՆԿ մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն հայտատուներին ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ աշխատանքների ընթացքում։
Հայտերը պետք է ներառեն՝
- Արտադրության համար առաջարկվող թեմաների, գաղափարների շուրջ կառուցված լրագրողական պատմության համառոտ նկարագրություն (սինոփսիս)` առավելագույնը՝ 500 բառ
- Նյութերի պատրաստման, հրապարակման և տարածման գործիքների և հարթակների մասին տեղեկություն (ներառյալ լրատվամիջոցը, որտեղ դրանք հրապարակվելու են, եթե այդպիսին առկա է)
- Վկայություն դիմողի մասնագիտական պատրաստվածության մասին նմանատիպ ծրագիր իրականացնելու համար։ Նախկինում իրականացված նմանատիպ մուլտիմեդիա նախագծերի աշխատանքների օրինակներ (եթե այդպիսիք կան):
- Արտադրողների, հայտ ներկայացնողների կոնտակտային տվյալներ։
Ստորև ներկայացված է թեմաների հնարավոր, սակայն ոչ սպառիչ ցուցակ, որոնք կարող են հիմք դառնալ առաջարկվող գաղափարների համար․
Սոցիալական
- երեխաներին վերաբերող խնդիրներ, ծառայություններ
- մանկատներում և հատուկ հաստատություններում մեծացող երեխաներ
- խնամակալ ընտանիքներ
- կրթությունից դուրս մնացած երեխաներ
- հատուկ կարիքներով երեխաներ
- հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես նրանց զբաղվածությանն առնչվող հարցեր
- խնամքի և սոցիալական օգնության ծառայություններ
- տարեցների խնամք
- սոցիալական ինտեգրված ծառայություններ
- կենսաթոշակային բարեփոխումներ
Կոռուպցիայի դեմ պայքար, հաշվետու և թափանցիկ կառավարում
- կոռուպցիայի դրսևորումներ տարբեր ոլորտներում և կառավարման տարբեր մակարդակներում
- թափանցիկ և պատասխանատու հանքարդյունաբերություն
- բյուջեների, պետական ծախսերի թափանցիկություն
- հակակոռուպցիոն ծրագրեր, նախաձեռնություններ, տեղական և միջազգային մարմիններ, Բաց կառավարման գործընկերության շրջանակներում ստանձնած պարտավորություններ
- այլ
Տեղական ինքնակառավարում
- ՏԻՄ մարմինների աշխատանքին, լիազորություններին վերաբերող խնդիրներ
- տարածքային կառավարման հարցեր
- համայնքների խոշորացման, ապակենտրոնացման գործընթացներ
- տեղական բյուջեների խնդիրներ
- տեղական ընտրությունների հետ կապված հարցեր
- այլ
Մարդու հիմնարար իրավունքներին առնչվող թեմաներ
- դատական համակարգ
- խոսքի և արտահայտման իրավունք, ազատ լրատվամիջոցներ
- փոքրամասնությունների իրավունքներ
- տարբեր սոցիալական խմբերի իրավունքներ
- կանանց իրավունքներ
- այլ հիմնարար իրավունքների խախտման, իրազեկման խնդիրներ։
Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն հետևյալ փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով․
- Հայցադիմումի փաթեթ
- Գանտի աղյուսակ
- Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և բյուջեի նկարագիրը
- Դրամաշնորհների կառավարման հարցաթերթիկ (GMQ form)
Էլեկտրոնային նամակի վերնագրում (subject line) նշել «MICE-MGC-Longread» և ուղարկել [email protected] էլ. փոստին:
Մրցույթի վերաբերյալ հարցերի համար կարող եք դիմել ԵՀՀ ծրագրերի օգնական Լիլիթ Մարտիրոսյանին էլ. փոստ` [email protected], բջջային՝ 095 251564, կամ ՄՆԿ ծրագրի ղեկավար Արեն Մանուկյանին էլ. փոստ` [email protected], բջջային՝ 095 583639:
***
Այս մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ ու վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: