Այս հետազոտությունը ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոնվենցիայի դիրքերից սոցիալական, ընտանեկան, եկեղեցական և համայնքային կյանքում Հայաստանի ազգային և կրոնական փոքրամասնությունների երեխաների կողմից առերեսվող խտրականության դեպքերի ուսումնասիրման առաջին փորձն է: Հետազոտության հատուկ նպատակն էր հասկանալ, թե երեխաները և երիտասարդներն ինչ են մտածում խտրականության և անհանդուրժողականության մասին, քանի որ մինչ այժմ իրականացված գրեթե բոլոր մյուս հետազոտությունները հիմնված են փորձագետների ուսումնասիրությունների վրա և հազվադեպ են արտահայտում երեխաների տեսակետները: Անհատական փաստերի, դեպքերի ուսումնասիրությունների և մինչ այդ իրականացված հետազոտությունների ուսումնասիրության հիման վրա զեկույցը ներկայացնում է ազգային և կրոնական փոքրամասնությունների երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հանձնարարականներ և Հայաստանում խտրականության ու անհանդուրժողական առկա դեպքերի թվի նվազմանն ուղղված եզրակացություններ:
Հետազոտությունը ներառել է ութ ֆոկուս խմբերի հետ Հայաստանի հինգ տարբեր մարզերի քաղաքային և գյուղական բնակավայրերում իրականացված քննարկումներ: Ֆոկուս խմբերից յուրաքանչյուրը բաղկացած էր 7-10 իգական և արական սեռի միջինը 15 տարեկան երեխաներից: Ազգային և կրոնական փոքրամասնությունների երեխաների ներկայացվածությունն ապահովելու նպատակով նախատեսվել էր ֆոկուս խմբերից վեցում ընդգրկել եզդի և մոլոկան էթնիկ համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև իրենց ավետարանչական, հիսնական, Կյանքի խոսք կրոնական համայնքի հետևորդ կամ Եհովայի վկա համարող անձանց: Քննարկման համար ընտրվել էին սոցիալական, ընտանեկան, եկեղեցական և համայնքային կյանքին առնչվող թեմաներ առօրյա կյանքում երեխաների իրավունքների ամբողջական պատկերը տեսնելու համար: Սակայն, հետազոտությունում նշված դեպքերից շատերը ոչ միշտ են օրինաչափություն հանդիսանում և միայնակ չեն կարող վերագրվել մեծամասնությանը: