Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա և «Կասկադ» համալիրին հարող տարածքի կառուցապատման ծրագրի իրականացումը սկիզբ դրեց Հայաստանում հասարակության և պետության կարիքների համար իրավունքների զանգվածային և պարբերական խախտումներին, որի արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ զրկվեցին իրենց սեփականությունից։
Հետազոտության մեջ կատարվել է քարտեզագրում, առանձին հավելվածներով ցուցակագրվել են ոլորտի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, պահանջված փոխհատուցման չափը դատարանի կողմից հաստատված չափի հարաբերակցության մեջ։ Չորրորդ հավելվածում նշվել է այն անձանց ցանկը, որոնք կարող են օգտվել իրավունքների պաշտպանության հետազոտությամբ առաջարկվող մոդելից։
Հասարակության և պետության կարիքների հիման վրա սեփականազրկման գործընթացի վերաբերյալ Հայաստանում չեն իրականացվել համապարփակ հետազոտություններ, որոնք միտված կլինեին գնահատական տալ տեղի ունեցած իրադարձություններին, իրավունքների վերականգնման ճանապարհների ուսումնասիրմանը և ներկայացմանը, ինչպես նաև հետևանքների վերացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելուն։ Հիմնական հարցադրումները, որոնց պատասխանները հետազոտությամբ փնտրել և ներկայացրել ենք, հետևյալն են․ արդյո՞ք առկա են իրավունքների վերականգնման հնարավորություններ, եթե ոչ, ինչը՞ պետք է փոխել կամ բարելավել, իսկ եթե այո՝ արդյո՞ք դրանք արդյունավետ միջոցներ են թե ոչ։