Սույն այլընտրանքային զեկույցը պատրաստվել է Եվրասիա համագործակցություն հիմանդրամի (ԵՀՀ), Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի, «Սինջար» Եզդիների ազգային միավորման և Արմավիրի զարգացման կենտրոնի համատեղ ջանքերով՝ «GSP+-ի միջոցով մարդու և աշխատանքային իրավունքների խթանումը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և իրականացվում Եվրասիա համագործակցություն հիմանդրամի (ԵՀՀ) կողմից՝ «Democracy Reporting International»-ի աջակցությամբ:
Զեկույցը կենտրոնացած է Հայաստանում եզդիական համայնքի երեխաների իրավունքների վրա: 35,000-ից ավելի բնակչություն ունեցող եզդիները էթնիկ-կրոնական փոքրամասնություն հանդիսացող ամենամեծ խումբն են Հայաստանում, որտեղ բնակչության 98%-ից ավելին իրեն համարում է հայ: Ըստ վերջին՝ 2011թ. անցկացված մարդահամարի տվյալների, ազգային փոքրամասնություններին պատկանող 19 տարին չլրացած 16,480 անձանցից 12,214-ը ներկայացնում էին եզդիական համայնքը:
Սա Հայաստանում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների երեխաների իրավունքների վրա կենտրոնացող առաջին այլընտրանքային զեկույցն է: Չնայած երեխաները կրում են այն բոլոր դժվարությունները և իրավունքների այն բոլոր խախտումները, որոնց բախվում են երեխաները Հայաստանում առհասարակ, դրա հետ մեկտեղ նրանք ունենում են նաև հատուկ բնույթի խնդիրներ, որոնք մինչ այժմ մեծամասամբ դուրս են մնացել երկրում երեխաների իրավունքներին ուղղված՝ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և տեղական ՀԿ-ների զեկույցներից: Սույն այլընտրանքային զեկույցը կենտրոնացած է բացառապես նման խնդիրների վրա և չի ներառում այն խնդիրները, որոնք վերաբերելի են Հայաստանի բոլոր երեխաներին՝ անկախ նրանց կրոնական և/կամ էթնիկ պատկանելությունից (օր՝. մանկական աղքատությունը):
Սույն զեկույցը հիմնված է երեխաների իրավունքներին՝ ընդհանրապես և փոքրամասնությունների երեխաների իրավունքներին՝ մասնավորապես առնչվող օրենսդրության և կարգավորիչ դաշտի վերլուծության, մամուլի համապատասխան լուսաբանումների մշտադիտարկման և Հայաստանի՝ եզդի բնակչության առավել մեծ քանակն ունեցող Արմավիրի մարզում թիրախային խմբերի հետ անցկացված 6 հանդիպումների արդյունքների վրա:
Հայաստանում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների երեխաների իրավունքների զանազան խախտումները փոխկապակցված են և այդպիսով՝ վերաբերելի են միաժամանակ նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի (ԵԻԿ)-ի հոդվածներին: Օրինակ, աղջիկների՝ դպրոցից դուրս մնալը առերևույթ կրթությանը վերաբերող խնդիր է և վելաբերելի է 28-րդ հոդվածին: Սակայն, այս խնդրի արմատներն ընկած են վաղ ամուսնությունների վնասակար երևույթի մեջ, որն արդեն մի քանի այլ հոդվածների խնդիր է: Նմանապես և 14-րդ հոդվածին վերաբերելի մի շարք խնդիրներ առնչվում են 12-րդ և 13-րդ հոդվածներին ևս: Հետևաբար, վերոգրյալը հաշվի առնելով, սույն զեկույցը կենտրոնանում է կարևորագույն չորս, այն է՝ 4-րդ, 14-րդ, 19-րդ և 28-րդ հոդվածների վրա, որոնց համադրումն արտահայտում է փոխկապակցված խնդիրների, մարտահրավերների և բացերի մի ամբողջ համալիր, որոնք նպաստում են Հայաստանի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների երեխաների դուրս մղմանն ու իրավունքների խախտմանը:
Չորս հոդվածների շրջանակներում իրավիճակի նկարագրությունից զատ զեկույցում ներկայացվում են առաջարկություններ ՀՀ Կառավարությանը, ինչպես նաև առաջարկվում են հարցեր՝ Երեխայի իրավունքների կոմիտեի կողմից ՀՀ Կառավարությանն ուղղվելու համար: