«Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ» հետազոտության նպատակն է ուսումնասիրել Խնամակալության և հոգաբարձության մարմինների վերաբերյալ միջազգային չափանիշներն ու օտարերկրյա լավագույն փորձը, և հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները՝ ներկայացնել առաջարկություններ Խնամակալության և հոգաբարձության մարմինների ինստիտուցիոնալ փոփոխությունների վերաբերյալ, որոնք պետք է միտված լինեն նրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են Խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորությունների և գործառույթների հետ կապված իրավական խնդիրները, Խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորությունները համայնքի ղեկավարին վերապահելու իրավական հիմքը, Խնամակալության և հոգաբարձության մարմինների վերաբերյալ միջազգային չափանիշները և սկզբունքները, միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից վերհանված խնդիրները, որոնք վերաբերում են Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեությանը, ինչպես նաև Խնամակալության և հոգաբարձության մարմինների ինստիտուցիոնալ լուծումների վերաբերյալ օտարերկրյա փորձը:
Հիմք ընդունելով կատարված հետազոտության արդյունքները, Խնամակալության և հոգաբարձության մարմինների իրավական կարգավիճակի և նրանց գործունեության հետ կապված իրավական խնդիրները՝ առաջարկվել է իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Բարեփոխումների նպատակն է բարձրացնել Հայաստանում խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության արդյունավետությունը՝ միաժամանակ հասցեագրելով նրանց իրավական կարգավիճակի, ֆինանսավորման, մասնագիտական հիմունքներով աշխատանքի հետ կապված խնդիրները և այլ հարցեր:
Կատարված առաջարկները կարող են օգտակար լինել տվյալ ոլորտում քաղաքականություն մշակող մարմնի համար ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործընթացում:
Հետազոտությունն իրականացվել է Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Իրավունքի Ուժ ՀԿ-ի և «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի հետ համատեղ։