ՄԱԿ-ի Պայմանագրային մարմինների և Հատուկ ընթացակարգերի աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է քաղաքացիական հասարակության դերակատարների ակտիվությունից։ Տիրապետելով Պայմանագրային մարմինների և Հատուկ ընթացակարգերի հետ աշխատանքի համար անհրաժեշտ գիտելիքների, գործիքների և հմտությունների, ոչ պետական դերակատարները կարող են ընդլայնել սեփական ազդեցությունը իրենց երկրում կամ այլուր տեղի ունեցող գործընթացների վրա, բարձրաձայնել իրավունքի պաշտպանության առավել սուր և զգայուն խնդիրները։
Այս ձեռնարկը ներկայացնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների հետ ոչ պետական դերակատարների ներգրավման հնարավորություններն ու եղանակները, Պայմանագրային մարմինների և Հատուկ ընթացակարգերի աշխատանքների տրամաբանությունն ու պրակտիկաները, քննարկվում է նման ներգրավման շրջանակներում ծավալված տեղական և միջազգային փորձը, ինչպես նաև ռազմավարական դատավարությունների իրականացման հնարավորությունները։
Ձեռնարկի պատրաստումը մաս է կազմում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող՝ «ՄԱԿ-ի բողոքների ներկայացման ընթացակարգերի խթանումը Հայաստանում» ծրագրի, որի նպատակն է բարձրացնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների իրացման արդյունավետությունն ու բողոքների միջազգային ընթացակարգերի կիրառման միջոցով նպաստել մարդու իրավունքների ոտնահարումների առավել արդյունավետ հետաքննությանն ու այդ իրավունքների պաշտպանությանը։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։