Ծրագրի նպատակն է բարձրացնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների իրացման արդյունավետությունն ու բողոքների միջազգային ընթացակարգերի կիրառման միջոցով նպաստել մարդու իրավունքների ոտնահարումների առավել արդյունավետ հետաքննությանն ու պաշտպանությանը։
Մարդու իրավունքների բողոքների ներկայացման միջազգային ընթացակարգերը հնարավորություն են տալիս պայմանագրի իրականացումը վերահսկող մարմնին իրավունքի խախտման վերաբերյալ բողոք ներկայացնել մասնակից պետության դեմ։ ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների կայացրած որոշումներն ու եզրափակիչ դիտարկումները ոչ միայն կարևոր են անհատի իրավունքների պաշտպանության և միջազգային իրավունքի զարգացման, այլ նաև ջատագովության գործում։ Դրանք կարող են օգնել զարգացնել արդեն իսկ գոյություն ունեցող ստանդարտները, ստեղծել նախադեպեր, մանրամասն նկարագրել և արձանագրել «երկրի համատեքստը» և իրավական պաշտպանության միջոցների առանձնահատկությունները: Այս ընթացակարգերը հազվադեպ են օգտագործվում Հայաստանում։
«ՄԱԿ-ի բողոքների ներկայացման ընթացակարգերի խթանումը Հայաստանում» ծրագիրը հիմնականում կենտրոնանում է ՔՀԿ-ների ու փաստաբանների՝ ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին ներկայացվող գործերի նախապատրաստմանն ու հատուկ ընթացակարգերի օգտագործմանն ուղղված կարողությունների զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում պլանավորվում է`
- ուսումնասիրություն իրականացնել Հայաստանին հասանելի ընթացակարգերի, ներկայացված ընդունելի և անընդունելի դեպքերի վերաբերյալ, ներկայացնել առաջարկություններ, թե ինչպես լավագույնս օգտվել բողոքների ընթացակարգերից,
- մշակել և անցկացնել քաղաքացիական հասարակության, ակտիվիստների և իրավաբանների համար դասընթացների հստակ մոդել։
Ծրագիրը նպատակ ունի խթանել իրազեկությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների պայմանագրերով նախատեսված անհատական բողոքների ընթացակարգերի վերաբերյալ:
Քաղաքացիներին, քաղաքացիների խմբերին և հասարակական կազմակերպություններին տրված են ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների հետ աշխատանքի լայն հնարավորություններ: Բողոքի անհատական ընթացակարգերից զատ, հատուկ ընթացակարգերի օգտագործումը ևս կարող է դրականորեն ազդեցություն ունենալ պետության ներսում մարդու իրավունքների քաղաքականության վրա: Այդ իսկ պատճառով, ծրագիրն իրականացման ընթացքում մշտապես անդրադարձ կարվի ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին՝ մասնագիտացված փորձագետների և աշխատանքային խմբերի գործունեությունը, որոնք հիմնվում են Մարդու իրավունքների Խորհրդի կողմից՝ առանձին պետություններում իրավիճակի կամ առաձին խնդիրների շուրջ մարդու իրավունքների վիճակի դիտարկման, մարդու իրավունքների խրախուսման և պաշտպանության նպատակով։