Սույն այլընտրանքային զեկույցի նպատակն է ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին (ՏՍՄԻԿ) տեղեկություն տրամադրել ՀՀ Կառավարության կողմից ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի (այսուհետ՝ Դաշնագիր) 7-րդ հոդվածով սահմանված պարտավորությունների իրականացման վերաբերյալ։ Դաշնագրի հոդված 7-ի շրջանակներում սահմանվում է պետության պարտավորությունն` ապահովելու յուրաքանչյուրի` աշխատանքի արդարացի և բարենպաստ պայմաններից օգտվելու իրավունքը։
Զեկույցը, մասնավորապես, անդրադառնում է Հայաստանում Դաշնագրի hոդված 7.բ-ով սահմանված՝ անվտանգ և հիգիենիկ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքի իրացման խնդրին։ ՏՍՄԻԿ-ի գլխավոր մեկնաբանություն 23-ը ներկայացնում է այս իրավունքի չափորոշիչները և նշում, որ «Աշխատավայրում դժբախտ պատահարների և հիվանդությունների կանխարգելումն աշխատանքի արդար և բարենպաստ պայմանների իրավունքի հիմնարար կողմն է ...»: Այն կոչ է անում պետություններին որդեգրել համապետական քաղաքականություն՝ կանխարգելելով աշխատավայրում դժբախտ պատահարների, առողջության և կյանքի համար վտանգավոր վնասվածքներ ստանալու դեպքերը և ապահովում է ուղեցույց, թե ինչ պետք է ներառի այդ քաղաքականությունը: (Պար. 25-29.) Այն նաև հստակ ասում է, որ «Աշխատողները պետք է կարողանան վերահսկել աշխատանքային պայմանները՝ առանց հաշվեհարդարի և վախի»: (Պար․ 26.)
Զեկույցն անդրադառնում է նաև ՀՀ Սյունիքի մարզում՝ հանքարդյունաբերության ոլորտում աշխատող անձանց աշխատանքային իրավունքներին և, մասնավորապես, անվտանգ և հիգիենիկ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքի իրացման խնդիրներին։ Այն ներառում է նաև 2019 թվականի ապրիլին իրականացված դաշտային աշխատանքների արդյունքները, որոնք այս զեկույցի բովանդակության հիմք են հանդիսացել:
ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը վավերացվել է ՀՀ Կառավարության կողմից 1993թ։ 2009 թ․ Հայաստանը ստորագրել է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կամընտրիր արձանագրությունը, որը, սակայն առ այսօր չի վավերացվել։