«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագիր
«Քաղաքացիական հասարակության անելիքները ներկա պայմաններում»
կազմակերպագործունեական խաղ
Հոկտեմբերի 20-24, 2021
Արթուրս Աղվերան Ռեզորթ
(հատված հաշվետվությունից)
«Պետությունը թվային աշխարհում» խմբի խաղատեխնիկի ընդլայնված հաշվետվություն
- Եթե-ապա
Խումբը պիտի գտներ այն ակնառու և հեշտ փոփոխականը, որի հարաբերությունը պետության և թվային աշխարհի հետ դրսևորում է իրադրության գլխավոր հատկանիշները: Քանի որ թվային աշխարհը հիմնված է անխափան աշխատող կոդի վրա, որի էությունն է՝ եթե-ապա, եթե Ա, ապա Բ, իսկ եթե ոչ-Ա՝ ապա ոչ-Բ, և պետությունը նույնպես հիմնված է կոդ(եր)ի վրա (որոնք, ավաղ, այդքան անխափան չեն աշխատում, քանի որ հանդիպում են մարդկանց ազատությանը), այդպիսի փոփոխական ընտրվեց կոդը: Իհարկե, թվային աշխարհում էլ եթե-ապա-ները միշտ չէ, որ անխափան աշխատում են, և «բագ»-երը մեծ դեր ունեն՝ տեխնիկականից մինչև իմաստային, մեծից մինչև փոքր, մինչև ծայրահեղ «բագ»-ը՝ թվային աշխարհի անջատումը՝ էլեկտրականության խափանման պատճառով, կամ քաղաքական (կամայական) որոշման, կամ մեկ այլ կատաստրոֆի:
Այդպիսով, պետության և թվային կոդերի հանդիպ (ադր) ման տարատեսակները դարձան հիմքը խմբի զեկույցի: Պետք էր ավելացնել նաև, ամենաընդհանուր իմաստով, հասարակության կոդը, քանի որ հասարակությունն ունի առանձին կոդ, որը բարդ հարաբերությունների մեջ է պետության կոդի հետ: Պետությունը միանգամից ձևակերպվեց որպես երկակի երևույթ. ա) իր սահմանների մեջ պարփակված մի տարածք, որը կառավարվում է միասնական (մի, հատուկ տեսակի) կոդերով, և բ) կառավարման համակարգ՝ ամենալայն իմաստով, որոնք այդ կոդերի համապատասխան են գործում. իշխանության օրգաններից նախարարական համակարգով, ՊՈԱԿ-ներով, ՏԻՄ-երով, ընտրատեղամասերով մինչև, առնվազն, պետական դպրոցների ուսուցիչները ևեթե ոչ երեխաներն ու նրանց ծնողները): Գուցե վերջիններս «միջանկյալ» խմբեր են, որոնք կառավարման համակարգի մեջ են թեկուզ իրենց կախվածությամբ, նաև ասենք՝ սոցիալական նպաստներ ստացողները, և նույնիսկ պետության հետ կապ չունեցող քաղաքացիություն ունեցողը իշխանության, ուրեմն և՝ պետության մասնակից է ընտրության իր իրավունքով և, եթե հարկ է մուծում, դրանով: Հասարակության և քաղաքացիական հասարակության ձևակերպման տարբերությունը տրվեց մեկ այլ խմբի կողմից. հասարակությունն իշխանություն, ուրեմն և՝ պետություն ձևավորողն է, իսկ քաղաքացիական հասարակությունը՝ դրա այն մասը, որի անդամները, իշխանությանը մասնակցելով, սակայն պետություն (պետական ապարատ, կառավարման համակարգ) անձամբ ձևավորելու, նրա մեջ ընդգրկվելու հավակնություն իդեալում չպիտի դրսևորեն:
«Քաղաքացիական հասարակության անելիքները ներկա պայմաններում» կազմակերպագործունեական խաղի ամբողջական հաշվետվությունը հասանելի է այստեղ։