Սույն այլընտրանքային զեկույցի նպատակն է ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին (ՏՍՄԻԿ) տեղեկություն տրամադրել ՀՀ Կառավարության կողմից ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի (այսուհետ՝ Դաշնագիր) 12-րդ հոդվածով սահմանված պարտավորությունների իրականացման վերաբերյալ։ Դաշնագրի հոդված 12-ի շրջանակներում սահմանվում է պետության պարտավորությունն` ապահովելու յուրաքանչյուրի` ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույնս հասանելի մակարդակից օգտվելու իրավունքը։
Զեկույցը կենտրոնացած է Հայաստանում Դաշնագրի հոդված 12.1-ով սահմանված` ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույնս հասանելի մակարդակից օգտվելու իրավունքի իրացման չափանիշների և դրանց կիրարկման խնդիրների շուրջ։
Զեկույցի շրջանակներում ներպետական համապատասխան օրենսդրության, քաղաքականության և պրակտիկային վերաբերող հարցերն ուսումնասիրվել են ՏՍՄԻԿ Ընդհանուր մեկնաբանության (ԸՄ) 14-ում ներկայացված՝ առողջության իրավունքի բաղադրիչների և չորս փոխկապակցված էլեմենտներին համապատասխանելիության տեսանկյունից՝ այն է, հասանելիությունը (availability), մատչելիությունը (accessability), էթիկական-մշակութային համապատասխանելիությունը (acceptability) և որակը (quality)։
ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը վավերացվել է ՀՀ Կառավարության կողմից 1993թ։ 2009 թ. Հայաստանը ստորագրել է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կամընտրիր արձանագրությունը, որը, սակայն, առ այսօր չի վավերացվել։