ՀՀ օրենսդրության վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ արբիտրաժի ոլորտում օրենսդրական դաշտը համապատասխանեցված է ՀՀ միջազգային պայմանագրերին ու հիմնականում համահունչ է այս ոլորտում միջազգային լավագույն փորձին: Հայաստանում արբիտրաժի զարգացման հետ կապված խնդիրները պայմանավորված են ոչ այնքան օրենսդրական, որքան գործնական խնդիրներով:
Թերևս առավել էական խնդիրը վերաբերում է արբիտրաժային համաձայնություն պարունակող պայմանագրերի վավերության վիճարկման հարցում ՀՀ դատարանների որդեգրած մոտեցմանը, ըստ որի գործարքն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջների քննությունը վերապահված է բացառապես դատարանին:
Հայաստանում մեծ խնդիր է արբիտրների շահերի բախման բացահայտման մեխանիզմների, չափանիշների և ուղեցույցների բացակայությունը: Թեև, օրենքի համաձայն, յուրաքանչյուր հաստատություն պետք է ունենա արբիտրների վարքագծի իր կանոնները, այդուհանդերձ, ՀՀ-ի նման փոքր շուկայում, որտեղ մեծ է հավանականությունը, որ գործը քննող արբիտրը և կողմի ներկայացուցիչը կունենան շահերի բախում, անհրաժեշտ են ավելի խիստ և օրենսդրական մակարդակի լուծումներ:
Անհրաժեշտ է աշխատանք տանել դատավորների հետ (վերապատրաստումների, կլոր սեղանների և նման այլ գործիքների կիրառմամբ), որպեսզի վերջիններս խուսափեն դիմումի քննության շրջանակում այնպիսի հարցերի ուսումնասիրությունից, որոնք դուրս են Արբիտրաժի մասին օրենքով սահմանված՝ արբիտրաժի վճռի՝ դատարանի կողմից չեղյալ ճանաչվելու հիմքերի շրջանակից:
Հաշտարարության գործընթացի կարգավորումը ՀՀ-ում իրականացվում է 2018 թ. ընդունված «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքով և նույն թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Թեև երկու իրավական ակտերն էլ պարունակում են կարևոր կարգավորումներ, այդուհանդերձ, հաշտարարության ոլորտում առկա են օրենսդրական ու իրավակիրառ պրակտիկայի մի շարք էական խնդիրներ, որոնք կարող են զգալի խոչընդոտ լինել Հայաստանում հաշտարարության ինստիտուտի զարգացման համար:
Օրենսդրությունը բավականաչափ հստակ չի կարգավորում հաշտարարության արդյունքում կնքված համաձայնության հարկադիր կատարման հետ կապված խնդիրները:
Արտոնագրված հաշտարարների ռեեստրը տեղադրված է արդարադատության նախարարության կայքում, սակայն նրանց ծանրաբեռնվածության և մասնագիտացվածության հաշվառման կարգ մինչ օրս սահմանված չէ: Չկան հստակ ընթացակարգեր, թե դատավորն ինչպես է ընտրում և նշանակում հաշտարարին:
Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությանը անհրաժեշտ է աջակցություն վերապատրաստումների կազմակերպման հարցում, այդ թվում՝ միջազգային փորձ ունեցող մասնագետների ներգրավմամբ: