Լուսանկարը՝ Հարություն Ավագյանի ընտանեկան արխիվից
Հունիսի 14-ը Խորհրդային ժամանակների բռնադատվածների հիշատակի օրն է
Այդ առիթով Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է ստեղծագործական-խորհրդանշական մրցույթ:
Մրցույթի նպատակն է մասսայականացնել հայոց և Հայաստանի պատմության այդ շրջանի վերաբերյալ գիտելիքը, հիշեցնել հանրությանն այդ մասին, զրույցներ ծավալել մեր ոչ վաղ անցյալի պատմության այդ շրջանի շուրջ և դասեր քաղել:
Մրցույթին կարող են դիմել անհատներ կամ կազմակերպություններ: Նյութերը պիտի ներկայացվեն հեղինակների (հեղինակային կոլեկտիվների) կողմից:
Նյութերը կարող են լինել չհրապարակված կամ նախապես հրապարակված:
Ընդունվող նյութերի տեսակները.
- Գեղարվեստական տեքստ (պատմվածք, չափածո)
- Հրապարակախոսական հոդված, հրապարակագրություն (ցանկացած ժանրի, ներառյալ գրախոսություն, վերլուծություն և այլն)
- Վավերագրական պատմություն
- Գիտական հոդված
- Հատված գրքից կամ այլ հրապարակումից
- Անձնական պատմություն
- Տեսանյութ
- Լուսանկար(ներ) (բացատրական տեքստով)
- Վավերագրական ֆիլմ
- Գեղարվեստական ֆիլմ
- Այլ (այստեղ չնշված ժանրով կամ կրիչներով), ինչպես, օրինակ, երգ կամ այլ երաժշտական ստեղծագործություն, գեղանկար, քանդակի լուսանկար, ճարտարապետական նախագիծ (մոդել) և այլն:
Բոլոր նյութերը պիտի հնարավոր լինի ներբեռնել համացանցից կամ տեղադրել համացանցում, այսինքն տպագիր նյութերը կամ կարծր կրիչներով նյութերը չեն ընդունվում:
Բոլոր նյութերը պիտի ունենան ազատ հրապարակման իրավունք:
Բոլոր տեքստային նյութերը կամ նյութի տեքստային մասերը պիտի լինեն հայերեն կամ հայերեն թարգմանությամբ: Որպես բացառություն, կընդունվեն նաև նյութեր ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն (սակայն Հայաստանին և հայությանը վերաբերվող), մանրամասն հայերեն բացատրությամբ:
Մրցանակներ
Մրցույթի շրջանակներում նախատեսվում է երեք դրամային խորհրդանշական մրցանակ.
- առաջին տեղ՝ 150.000 դրամ,
- երկրորդ տեղ՝ 100.000 դրամ,
- երրորդ տեղ՝ 50.000 դրամ:
Կլինեն խրախուսական մրցանակներ՝ գրքեր: Բոլոր մրցանակակիրները կստանան ԵՀՀ հավաստագրեր:
Դիմելու կարգը
Մրցույթին դիմելու համար ուղարկեք նյութը որպես կցորդ կամ նյութի հղումը, հետևյալ իմակի հասցեով. [email protected] վերնագրի տուփիկի մեջ գրելով՝ «մրցույթ_հունիսի 14, 2020»:
Իմակի նամակում գրեք, ինչու է նյութը համապատասխանում առիթին, ինչպես նաև կարճ տեղեկատվություն հեղինակ(ներ)ի՝ ձեր մասին, նաև՝ հետադարձ կապի միջոց՝ իմակի հասցե, հեռախոս, եթե ցանկանաք՝ հավելյալ կապի միջոցներ: Նամակում պիտի նշվի, նաև նյութի հեղինակային իրավունքի մասին մանրամասները: ԵՀՀ-ի համար գերադասելի է, որ նյութը լինի ազատ տարածելի, սակայն մասնակի տարածելի կամ այլ դեպքեր նույնպես հնարավոր են:
Մրցույթին կարող են դիմել ցանկացած երկրի քաղաքացիություն ունեցող անձինք։ Մրցույթի վերջնաժամկետն է՝ հուլիսի 10, 2020, ժամը 18:00:
Թեմային վերաբերվող և այն բացահայտող բոլոր ստացված նյութերը կհրապարակվեն ԵՀՀ կայքում մրցույթի հայտարարման առաջին օրից և դրա ավարտից մի քանի ամիսների ընթացքում։ Հնարավոր կլինի դրանք տարածել, ինչն էլ լայն քննարկումների հնարավորություն կտա։
Ստացված նյութերը կգնահատվեն անկախ հանձնաժողովի կողմից հետևյալ չափանիշների հիման վրա.
- Նյութի համապատասխանությունը թեմային
- Նյութի նշանակալիությունը թեման (նրա որևէ խնդիրը, մասը) լուսաբանելու առումով
- Նյութի՝ պատմական ժամանակաշրջանը բնութագրելու և բացատրելու ուժը
- Նյութի բովանդակության անսպասելիությունը ժամանակաշրջանի համատեքստում
- Նյութից մակաբերվող դասը՝ ժամանակաշրջանի վերաբերյալ
- Նյութից մակաբերվող դասը՝ այսօրվա կյանքի համար
- Նյութի որակը (գեղարվեստական կամ մասնագիտական)
Մրցույթը կամփոփվի 2020 թ. հուլիսի վերջում, հաղթողներրը կազդարարվեն մինչև օգոստոսի 15-ը։ Մրցանակները կհանձնվեն հանդիսավոր արարողության ժամանակ, (գուցե համացանցով):
Նյութերի համար տեխնիկական չափանիշներ չկան, սակայն եթե հղումը համացանցային չէ, տեքստի դեպքում օգտագործեք սիլֆայեն (Sylfaen) տառատեսակը և համարակալեք էջերը, լուսանկարների դեպքում՝ կարող եք ուղարկել նկարների ոչ օրիգինալ (նվազեցված որակով) տարբերակները, անհրաժեշտության դեպքում կխնդրենք բնօրինակները: Տեսանյութերը գերադասելի է ուղարկել համացանցային հղմամբ:
Հարցերի և խորհուրդների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով (+37477) 06․04.89 կամ գրել նամակ Նանե Պասկևիչյանին՝ [email protected] հասցեին։