June_14_2023

«Հունիսի 14»․ Խորհրդային ժամանակների բռնաճնշումների վերաբերյալ պատմվածքների մրցույթ. վերջնաժամկետը երկարացվել է

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է «Հունիսի 14»․ խորհրդային ժամանակների բռնաճնշումների վերաբերյալ պատմվածքների մրցույթ։

2020-2022 թ.թ. հայտարարված մրցույթները հավաքագրում էին բռնաճնշումներին ենթարկվածների անձնական և ընտանեկան հուշերն ու պատմությունները, թեման հետազոտողների գործերը։ Այս նյութերը հասանելի են ԵՀՀ կայքում։

Այս տարի, ԵՀՀ-ն հայտարարում է պատմվածքների մրցույթ: Պատմվածքները կարող են լինել հորինված, անդրադառնան պատմական այդ ժամանակաշրջանին և իրադարձություններին, կամ կարող են հիմնվել ԵՀՀ կայքում առկա նյութերի կամ այլ իրական պատմությունների, արխիվային նյութերի վրա։

Մրցույթի նպատակն է՝ ստեղծագործաբար վերլուծել, ինչու՛ են տեղի ունեցել բռնաճնշումները, հետապնդումները, հալածանքները, աքսորը, կալանավայրերում գտնվելը, ի՛նչ ազդեցություն են թողել այդ իրադարձությունները հասարակության վրա, ինչպե՛ս են դրանք ազդում նաև այսօրվա կյանքի վրա:

Մրցույթի պահանջները.

 Մրցույթին պետք է ներկայացնել.

  • Մեկ հեղինակից՝ մեկ պատմվածք (նվազագույնը՝ 5 էջ, առավելագույնը՝ 25),
  • Ներկայացված պատմվածքները պետք է տպագրված կամ հրապարակված չլինեն, գրված լինեն հայերեն (արևելահայերեն կամ արևմտահայերեն),
  • Պատմվածքները պետք է ներկայացնել Sylfaen տառատեսակով, 11 տառաչափով, 1.5 տողամիջյան տարածքով, էջերը լինեն համարակալված։ 

Դիմելու կարգը

Հայտն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի տողում (subject) նշելով՝ Անուն_Ազգանուն_Հունիսի 14 մրցույթ։ Նամակի տուփիկում նշելով կոնտակտային տվյալներ՝ հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե (հայտն ընդունելու համար կոնտակտային տվյալները պարտադիր են): Նամակի տեքստում տեղադրեք կարճ ինքնակենսագրություն, որը կարող է նաև բացատրել, ինչու եք գրել պատմվածքը և ինչու եք որոշել մասնակցել մրցույթին:

Ստացված նյութերը կգնահատվեն անկախ հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի անդամների կազմը կհրապարակվի որոշ ժամանակ անց:

Մասնագիտական հանձնաժողովը ներկայացված պատմվածքները դիտարկելիս հաշվի է առնելու պատմվածքի․

  • Լեզուն և ոճը, գրագիտությունը,
  • գեղարվեստական և ստեղծագործական մտածողությունը, 
  • թեմայի իրացումը,
  • ժանրի իրացումը,
  • նորարարությունը:
     

Մրցանակներ.

Նախատեսվում է երեք դրամային մրցանակ և երեք խրախուսական մրցանակ. 

  • Մեկ գլխավոր մրցանակ (200.000 դրամ)
  • Հանձնաժողովի երկու հատուկ մրցանակ (100.000 դրամ)
  • Երեք խրախուսական մրցանակ

Մրցույթի ամփոփումից հետո հաղթող պատմվածքները կհրապարակվեն ԵՀՀ կայքում: Հեղինակները հնարավորություն կունենան դրանք տարածել, ինչն էլ լայն քննարկումների առիթ կդառնա։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թ. մարտի 10-ն է։

Հարցերի և խորհուրդների համար կարող եք զանգահարել (+37477) 06․04.89 կամ գրել Նանե Պասկևիչյանին. [email protected]

 

*Լուսանկարը՝ Հարություն Ավագյանի ընտանեկան արխիվից:

*Տեքստի վերջին խմբագրումը՝ հունիսի 29, 2023։

Ավելին