*Այս նյութը ներկայացվել է Զեմֆիրա Սարգսյանի կողմից հրապարակվել է Խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակին նվիրված մրցույթի շրջանակներում։
Մայրս էր պատմում առիթից-առիթ և այնքա՜ն պատկերավոր ու հուզառատ, որ ինձ թվում է, թե այդ տեսարանը իմ ներկայությամբ է կատարվել: 1949 թ. հունիսի 14-ին, կեսգիշերն անց, գյուղի բնակիչներից մեկի բակ է մտնում մի բեռնատար մեքենա: Երկու զինված, խստադեմ, սև բաճկոնավոր տղամարդ ներս են մտնում տուն ու արթնացնելով տան բնակիչներին՝ հրահանգում.
-Ձեր ընտանիքը ընդմիշտ պետք է տեղափոխվի Ալթայի երկրամաս: Տրվում է երկու ժամ: Արագ հավաքե՛ք ձեզ անհրաժեշտ իրերը, տեղավորե՛ք բեռնատարի մեջ: Լռե՛լ, ոչ մի խոսք, արագացրե՛ք:
Լռել են, ոչ մի խոսք չեն ասել, արագացրել են, հասկացել են…: Ընտանիքի մեծերը վերջին չորս տարում թաքուն տագնապներ են ունեցել, քանի որ հայրենական պատերազմի տարիներին տան գլխավորը եղել էր գերության մեջ, հրաշքով կենդանի մնացել ու վերադարձել և հավանական պատիժը սպասվում էր: Բեռնատարի թափքում տեղավորել են անկողնային պարագաները, առաջին անհրաժեշտության կենցաղային իրերը, հագուստեղենը: Արձակել ու ազատություն են տվել շանը. թող գնա ու կերակրվի ինչպես կարող է…: Լուսադեմին, ավարտելով իրերի բեռնումը, խուլ հառաչանքներով ու խեղդող հեծկլտոցով նստել են այդ իրերի մոտ: Բեռնատարը շարժվել է ու թափ առել: Գյուղամիջի խորդուբորդ ճանապարհն անցնելիս՝ ալյուրի մաղը վայր է ընկել ու գլորվել ետ՝ դեպի գյուղ: Մինչ այդ իրեն մի կերպ զսպող կինը լալագին բղավել է.
- Երանի՜ քեզ, ա՛յ մաղ, մնում ես հայրենիքում…
Շունը մինչև գյուղի վերջին սահմանը վազել է բեռնատարի հետևից, չարագուշակ կլանչել…
Այդ ընտանիքից ոչ ոք այդպես էլ չվերադարձավ. մինչ ներման հրամանագրի կիռարումը՝ օրեր շարունակ առանց կանգառի սուրացող բեռնատար գնացքի տառապանքներով լի ճանապարհին հիվանդացել ու տեղ հասնելուց քիչ անց մահացել էին ընտանիքի գլխավորն ու մեծ աղջիկը, հուղարկավորվել այդ հեռավոր և օտար հողում՝ ընտանիքի գոյատևող անդամներին ընդմիշտ կապելով իրենց շիրիմներին: Չվերադարձան… Համագյուղացիները երկար տարիներ խորը կսկիծով հիշում էին այդ աշխատասեր, պարկեշտ ու համեստ ընտանիքին, հիշում ու կրկնում էին կնոջ վերջին հուսահատ ճիչը.
-Երանի՜ քեզ, ա՛յ մաղ, մնում ես հայրենիքում…