*Այս նյութը ներկայացվել է Լիլիթ Տեր-Մինասյանի կողմից և հրապարակվել է Խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակին նվիրված մրցույթի շրջանակներում։
Հեղինակը ներկայացնում է իր պապիկի՝ ճարտարապետ Միքայել Մազմանյանի հուշ-պատմվածքը ճամբարի կյանքից: Միքայել Մազմանյանը ձերբակալվել է 1937 թվականի սեպտեմբերին, 1938-ի հուլիսի 20-ին Օրլով, Կոլպակով, Ստելմախովիչ կազմով ‹‹տրոյկա››-ն Մազմանյանին դատապարտել է 15 տարի ազատազրկման:
***
Արկտիկայի անսովոր օրերից մեկն էր, աղջամուղջ: Ձյունը ծուլորեն իջնում էր պահակատան կտուրին, փշալարերի վրա: Հեռվում հազիվ էր նշմարվում աշտարակը, ուր արթուն հսկում էր ճամբարի պահակը: Ամեն ինչ ձուլվել էր իրար, երկինքն ու երկիրը կարելի էր գլխի վրա շուռ տալ և նույնը կլիներ արտաքուստ, կապտագույն, սառած:
Լուսասյուները անհույզ շարունակվում էին ուղղահայաց դեպի վեր:
Ճամբարի դարպասների առջև ներսից կանգնած էր սահնակը բեռնված փայտացած դիակներով: Ցցվել էին ոտքեր ձգված մատներով, գլուխ երկու օտար ոտքերի միջև սեղմված: Սահնակը ասես անտառից նոր էր վերադարձել կարծրացած փայտերի կույտով:
Ձյունը անտարբեր նստում էր սրված քթերին, վզին, ոտքերին, որոնք դուրս էին ցցվում բրեզենտի տակից, ասես վերջին հայացք նետելու ճամբարի վրա:
Պահակը մի կողմ քաշեց բրեզենտը ու սկսեց համարել ննջեցյալներին իբրև պահեստից դուրս գրվող իրերի: Մեկը պակասում էր: Չի՞ փախել արդյոք: Նորից հաշվեցին սահնակապանի հետ միասին յուրաքանչյուրի անունը, հայրանունը և ազգանունը մի առ մի հիշատակելով, նաև ծննդյան թիվը: Կին, տղամարդ, անհույզ իրար կողքի պառկած:
Ոտքով հրեց մեկի գլուխը, որ կպչելով հարևանի ոտքին անախորժ ճթաց: Տակից դուրս եկավ 16 տարեկան մի աղջիկ:
Ձևակերպվեց հանձնման ակտը, երկուսի ստորագրություններով վավերացվեց: Դարպասները բացվեցին: Հարվածեցին ձիերին ու սահնակը ճռնչալով շարժվեց առաջ: Իննը հոգի ազատվեցին ժամկետից շուտ: Առանց ազգի, սեռի, կաշվի գույնի խտրության:
Օրեկան մեռնում էին այլևայն պատճառներից 12-15 մարդ: Նորմաների համաձայն համարվում էր ընդունելի և ճամբարի պետը հատուկ ընդգծում էր դա իր ելույթներում: Ամեն առավոտ բանտարկյալներին աշխատանքի ուղարկելուց հետո կատարվում էր այդ օպերացիան: