Այս նյութը հրապարակվել է Խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակին նվիրված մրցույթի շրջանակներում։
Մարգարիտ տատն արդեն բոլորել է իր կյանքի 94 տարին: Աչքերի լույսը գրեթե խամրել է, դեմքն ու մարմինը` փոքրացել-ցամաքել, ձեռք ու ոտքից ընկել, սակայն դեռ տոկում է կյանքի եւ ճակատագրի անհասկանալի ակնթարթներում, փորձում կառչել իր կորած տարիներին, կորած զավակների հոգիներին, կորած ամուսնու պատկերին, մեկ անգամ էլ վերադառնալ դեպի երիտասարդություն ու ընտանեկան երանավետ անդորր, երբ ինքն իր ամուսնու եւ զավակների հետ Ներքին Գետաշենի իրենց հողաշեն տանը խաղաղ աշխատանքով մի կտոր հաց էր ստեղծում, տունուտեղ դնում: Անցել են սակայն անգութ հողմերի պես այդ դժոխային ժամանակները` թողնելով ավեր ու տառապանք ոչ միայն մեր երկրի շեներով մեկ, այլ նաեւ բազմաչարչար այս կնոջ հոգու մի անկյունում: Տեսնես քանի~ անգամ ու քանի~ հոգու Մարգարիտ տատը մղկտոցով պատմած կլինի իր ու սիրասուն զավակների աքսորի եղերական պատմությունը, որը մինչ հիմա, սկսած հեռավոր 1942 թվականից, դեռ չի տրվել թղթին… Պատմել է Մարգարիտ Քեֆոյանը` 1917 թվականին Ներքին Գետաշենում ծնված ու հասակ առած, բռնադատման գեհենի միջով անցած Մարգարիտը եւ ծովացրել իր արցունքները: Այդ պատմությունը լսելուց հետո ամեն բանական մարդ մեկ անգամ եւս պետք է իր հոգու խորքում մեկ անգամ էլ փորձի քննել Մոր առեղծվածային կերպարը, նրա տիեզերական հոգին, տոկուն սիրտը եւ սարսռա այն մտքից, որ մայրական վիշտը ոչ թաղվում է, ոչ` մոռացվում, ոչ` սպիանում… Այն միշտ մրմռում է բաց վերքի պես, ցավ տալիս տարիների հեռուներից, դառնում տխուր ասք ու վեպ` բանավոր, թե գրավոր:
Խորհրդային բռնաճնշումների մասին պատմող այս երեք հոդվածների հեղինակը Խոսրով Խլղաթյանն է։ Այս և մյուս հոդվածները, լույս են տեսել Գեղամա աշխարհ թերթում, 2011-2018 թվականների ընթացքում: