Վայքի կրթական և մշակութային հաստատությունների զարգացման հեռանկարները

Մշակութային և կրթական հաստատությունները համայնքներում գործում են գոյատևման ռեժիմով, իսկ ռազմավարական պլանավորման ողջ էությունը հիմնված է եղածի պահպանման վրա։ Դրա հետ մեկտեղ ֆինանսական, մարդկային և մեթոդաբանական ռեսուրսների սակավության պատճառով այդ հաստատությունները գտնվում են լուրջ ճգնաժամի մեջ և որևէ էական ներդրում չեն ունենում համայնքների զարգացման գործում։

Այն հանգամանքը, որ մշակույթի և կրթության ոլորտի աշխատակիցները ստիպված են իրենց գործունեությունը ծավալել վատ ֆիզիկական պայմաններում, ստանալով ցածր աշխատավարձ և չունենալով կայուն կապ աշխարհի հետ ուղղակիորեն նշանակում է, որ այդ մարդիկ չեն կարող ունենալ իրենց մասնագիտական ոլորտում զարգացման որևէ հեռանկար, եթե այն անմիջական կապ չունենա իրենց անձնական զարգացան հետ։ Ուստի, ցանկացած զարգացման ծրագրի պլանավորման կենտրոնում պետք է հայտնվի անհատը՝ դառնալով ներդրման հիմնական թիրախ։

Ահա այս դիտանկյունից էին քննարկվում համայնքային կրթական և մշակութային հաստատությունների զարգացման հեռանկարները ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում փետրվարի 20-ին Վայք ԻնֆոՏան կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում, որին ակտիվորեն մասնակցեցին Վայքի տարբեր բնակավայրերից հրավիրված շուրջ քառասուն շահառուներ։

Միջոցառման ընթացքում նախ քննարկվեցին համայնքում և առհասարակ մարզում առկա խնդիրները ու թեև հիմնական թիրախում մշակույթն ու կրթությունն էին, խնդիրների քարտեզագրման շրջանակն ընդլայնվեց ներառելով փողոցային շների, համայնքային տրանսպորտի և այլ հարցեր ևս։

Երկար և բուռն քննարկումներից հետո մասնակիցներն ընտրեցին իրենց առավել հուզող չորս խնդիրները և, բաժանվելով աշխատանքային խմբերի, մշակեցին դրանց լուծման հնարավոր տարբերակները։

Արդյունքում՝ օրվա ավարտին ներկայացվեց չորս նախագիծ, որոնցից յուրաքանչյուրը միանգամայն լուծելի է, մարդակենտրոն և հետևողական աշխատանքի պարագայում կարող է էապես բարելավել համայնքում մշակութային և կրթական ծառայությունների որակը և դրանց հասանելիությունը բնակիչների համար։

Նախագծերից առաջինը նվիրված էր սոցիալապես անապահով երեխաների համար մանկապարտեզների հասանելիության խնդրին, ինչպես նաև նախակրթարանների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։ Աշխատանքային խմբի կողմից մշակվեց մի մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի համադրելով համայնքում և համայնքից դուրս առկա ռեսուրսները արդյունավետ և թափանցիկ կերպով հասցեագրել համայնքի նախակրթարանների խնդիրները։

Երկրորդ նախագիծ՝ Վայքի մշակութային հաստատությունների՝ որպես աշխարհի հետ հաղորդակցության միջոցի օգտագործումն է։ Ծրագրի նպատակն է ստեղծել տեղեկատվական կենտրոն, որի միջոցով աշխարհում առկա մշակութային, կրթական և տեխնոլոգիական նորությունները հասանելի և կիրառելի կդառնան համայնքի բնակիչների համար։

Երրորդ ծրագրի թիրախում դպրոցներում սննդի որակի վերահսկման խնդիրն էր։ Այս նախագիծի մշակողներն առաջարկում են զարգացնել ծնողական կոմիտեների կարողությունները վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով, ինչպես նաև՝ աշակերտների ներգրավվածությամբ, դպրոցի սննդի և հիգիենայի կազմակերպումը դարձնել կրթական գործընթացի բաղադրիչ։

Չորրորդ նախագիծը՝ հասցեագրելով կրթական և մշակութային օջախների հասանելիության հարցը, առաջարկել էր կարգավորել համայնքային տրանսպորտը համադրելով հանրային և մասնավոր տրանսպորտային ենթակառուցվածքները։ Արդյունքում ծագեց համայնքային տրանսպորտի և աշխարհում մեծ տարածում գտած ցանցային տրանսպորտի հիբրիդ ստեղծելու գաղափարը։   

Ծրագրերի ներկայացումը բազմաթիվ հավելյալ գաղափարներ առաջացրեց և ակտիվ քննարկումների առիթ դարձավ։ Մասնակիցներից շատերը հայտնեցին նման ծրագրերին մասնակցելու իրենց պատրաստակամության մասին։  Մասնակիցներից ոմանք նույնիսկ սկսեցին իրար հետ քննարկել ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ հետագա անելիքները։

ԵՀՀ և Վայք ԻնֆոՏունը պատրաստվում են աջակցել այս ծրագրերի իրագործման բնակիչների ջանքերին՝ տրամադրելով անհրաժեշտ մասնագիտական և հաղորդակցական ռեսուրսները։

Ավելին