Arbitration_center

Հայաստանում Արբիտրաժային կենտրոնի ստեղծման համար իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների տեխնիկական առաջադրանք (փակված)

Դիմելու վերջնաժամկետ. 05 Օգոստոսի 2020թ․
Պայմանագրի տեսակը. Ծառայությունների մատուցման
Պահանջվող լեզուները. Հայերեն, անգլերեն, ռուսերեն
Հանձնարարության ակնկալվող ժամանակահատվածը. 2,5 ամիս

  1. Ծրագրի մասին

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հելսինկյան ասոցիացիա և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է «Համագործակցություն հանուն արդարադատության ոլորտում բարեփոխումների» ծրագիրը։ Ծրագիրը մեկնարկել է 2019 թ. սեպտեմբերին։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում դատաիրավական բարեփոխումներին՝ ուժեղացնելով քաղաքացիական հասարակության և մեդիա դաշտի կարողությունները, ինչը կհանգեցնի դատարանների արդյունավետության բարելավմանը, հանրային վերահսկողության ապահովմանը և համագործակցության հարթակների ստեղծմանը։

Ծրագրի ռազմավարական հիմնաքարերն են՝ (1) վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, պրոբացիայի և խնամակալության ինստիտուտների կարողությունների և դիրքի ամրապնդումը. (2) ՔՀԿ-ների և մեդիաների՝ բարեփոխումների ընթացքը վերահսկելու կարողությունների բարելավումը և (3) պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ու պատշաճ հաղորդակցության խթանումը։

Ծրագիրն ընդգրկում է ամբողջ Հայաստանը, նախատեսում է ակտիվ աշխատանք քաղաքականության մշակման ոլորտում, սերտ համագործակցություն պետական և տեղական մակարդակներում։

  1. Նախնական տեղեկատվություն

Կառավարության կողմից 2019 թվականի հոկտեմբերի 10-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշումը: Որոշման երրորդ հավելվածի տասնհինգերորդ կետի «Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում» նպատակի շրջանակում, ի թիվս այլնի, ներառված է արբիտրաժային կենտրոնների ստեղծման ռազմավարական ուղղությունը։

Հայտնի է, որ դատական համակարգը գերծանրաբեռնված է, իսկ վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը փաստում է, որ գործերի մեծ մասը կազմում են գումարի բռնագանձման պահանջի մասին գործեր, որտեղ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառությունը կլինի բավականին արդյունավետ: Այսպես՝ 2018թ. գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ 106 618 քաղաքացիական գործերից 75 692 (70.1%) հարուցվել են բանկերի և վարկային կազմակերպությունների, 12 902 (12.1%)՝ հեռահաղորդակցության օպերատորների կողմից ներկայացված հայցադիմումների հիման վրա: Այլ կերպ ասած, այս գործերի քննությամբ կարող են արդյունավետորեն զբաղվել նաև արբիտրաժային կենտրոնները` միաժամանակ թեթևացնելով դատարանների ծանրաբեռնվածությունը:

ՀՀ-ում ինստիտուցիոնալ արբիտրաժային կենտրոնների արդյունավետության և գրավչության առումով կան որոշակի խնդիրներ: Չնայած տեղական մակարդակով գործում են որոշ արբիտրաժային հաստատություններ, սակայն դրանք, մի կողմից, սակավաթիվ են և զբաղվում են միայն մասնագիտացված ֆինանսական կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումների քննությամբ, մյուս կողմից՝ դրանք հասարակության շրջանում չունեն բավական ճանաչում, արբիտրաժի նկատմամբ հանրային ընկալումն ու վստահությունը ցածր է։

Վերոգրյալ խնդիրների լուծման նպատակով, կառավարությունը ռազմավարությամբ սահմանել է տեղական մակարդակով արբիտրաժային նոր կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը։ Նախատեսվում է ստեղծել արբիտրաժային նոր կառույց, որի կողմից կազմակերպվող արբիտրաժային դատարանները կարող են քննել ինչպես Հայաստանում գործող ընկերությունների միջև ծագող վեճերը, այնպես էլ հետագայում ներգրավեն միջազգային առևտրային վեճեր՝ միջազգային արբիտրների մասնակցությամբ:

  1. Խնդիրներ (նպատակներ)

Առաջադրանքի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել կառավարությանը արբիտրաժային կենտրոնի ստեղծման ռազմավարական գործում։

Մասնավորապես՝

  • ավանդական և միջազգային հեղինակություն ունեցող կենտրոնների[1] միջազգային լավագույն փորձի, ներպետական իրավական դաշտի և պրակտիկայի ուսումնասիրությունների արդյունքում, մշակել անհրաժեշտ քայլերի և միջոցառումների ծրագիր և իրավական ակտերի նախագծեր՝ ուղղված արբիտրաժային կենտրոնի ստեղծմանը և գործունեության ապահովմանը,
  • մշակել արբիտրաժային ոլորտում նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, որոնք ուղղված կլինեն արբիտրաժի միջոցով վեճերի լուծման արդյունավետության բարձրացմանը, օրենսդրության մեջ և պրակտիկայում առկա խնդիրների լուծմանը, կխթանեն և պայմաններ կստեղծեն շահագրգիռ կողմերի, հատկապես՝ ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների համար վեճերը առավելապես արբիտրաժի միջոցով լուծելու նպատակով:
  1. Առաջադրանքի նկարագիր

Ստորև ներկայացվում է կատարման ենթակա (նախատեսվող) առաջադրանքի համառոտ նկարագիրը.

  • արբիտրաժային կենտրոնի մոդելի ստեղծման, գործունեության, կառուցվածքի, ֆինանսավորման աղբյուրների, գործերի քննության կարգի, արբիտրների ներգրավման, ընտրության, նշանակման և կենտրոնի ստեղծման ու գործունեության համար անհրաժեշտ այլ հարցերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն,
  • ուսումնասիրությունների հիման վրա վերոնշյալ հարցերի լուծման համար անհրաժեշտ քայլերի և գործողությունների մշակում,
  • արբիտրաժային կենտրոնի ստեղծմանը և գործունեությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում (արբիտրաժային կենտրոնի հիմնադրմանը, կառուցվածքին, կառավարմանը, գործունեության կարգին, արբիտրների ընտրությանը և նշանակմանը, շահերի բախմանը, գործերի քննության, բաշխման կանոններ, այդ թվում՝ էլեկտրոնային և պարզեցված կամ արագացված վարույթի եղանակով, կենտրոնի գործունեության և գործերի քննության համար անհրաժեշտ այլ իրավական ակտեր),
  • արբիտրաժային կենտրոնում արբիտրների ներգրավման, կենտրոնի շահառուների շրջանակը մեծացնելուն, արբիտրաժային կենտրոնի ճանաչելիության բարձրացմանն ուղղված գործողությունների շրջանակի ուրվագծում,
  • ըստ անհրաժեշտության` հանդիպումների կազմակերպում և (կամ) մասնակցություն ԵՀՀ մասնագետների, Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իրավական ակտերի նախագծերին առնչվող հարցեր.
  • առաջարկությունների և դիտողությունների հիման վրա իրավական ակտերի նախագծերի լրամշակում,
  • լրամշակման արդյունքում իրավական ակտերի նախագծի ամբողջական փաթեթի և ամփոփ զեկույցի ներկայացում:
  1. Առաջադրանքի կատարման ժամանակացույց․
Գործողություն Վերջնաժամկետ
Արբիտրաժային կենտրոնի մոդելի` ստեղծման, գործունեության, կառուցվածքի, ֆինանսավորման աղբյուրների, գործերի քննության կարգի, արբիտրների ներգրավման, ընտրության, նշանակման և կենտրոնի ստեղծման ու գործունեության համար անհրաժեշտ այլ հարցերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն, ուսումնասիրությունների հիման վրա վերոնշյալ հարցերի լուծման համար անհրաժեշտ քայլերի և գործողությունների մշակում։ 25 օգոստոս 2020 թ.
Արբիտրաժային կենտրոնի ստեղծմանը և գործունեությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում (արբիտրաժային կենտրոնի հիմնադրմանը, կառուցվածքին, կառավարմանը, գործունեության կարգին, արբիտրների ընտրությանը և նշանակմանը, շահերի բախմանը, գործերի քննության, բաշխման կանոններ, այդ թվում՝ էլեկտրոնային և պարզեցված կամ արագացված վարույթի եղանակով, կենտրոնի գործունեության և գործերի քննության համար անհրաժեշտ այլ իրավական ակտեր)։ 20 սեպտեմբեր 2020 թ.
Գործող օրենսդրությունում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտերի նախագծերի մշակում՝ ուղղված արբիտրաժի միջոցով վեճերի լուծման արդյունավետության բարձրացմանը, արբիտրաժի միջոցով վեճերի լուծման խթանմանը, ինչպես նաև արբիտրաժային կենտրոնի պատշաճ և արդյունավետ գործունեության ապահովմանը։ 1 հոկտեմբեր 2020 թ․
Արբիտրաժային կենտրոնում արբիտրների ներգրավման, կենտրոնի շահառուների շրջանակը մեծացնելուն, արբիտրաժային կենտրոնի ճանաչելիության բարձրացմանն ուղղված գործողությունների շրջանակի ուրվագծում։ 15 հոկտեմբեր 2020 թ.
Ըստ անհրաժեշտության հանդիպումների կազմակերպում և (կամ) մասնակցություն: Քննարկումները կարող են կազմակերպվել առաջադրանքի ողջ ընթացքում
Առաջարկությունների և դիտողությունների հիման վրա ներկայացված փաթեթների լրամշակում։ Յուրաքանչյուր գործողության արդյունքները ներկայացվածելուց հետո, բայց բոլոր գործողությունների մասով ոչ ուշ քան մինչև 30 հոկտեմբեր 2020 թ.
Լրամշակման արդյունքում իրավական ակտերի նախագծի ամբողջական փաթեթի և ամփոփ զեկույցի ներկայացում։ 30 հոկտեմբեր 2020 թ.

 

  6. Պահանջվող հմտություններ և փորձառություն.

  • մագիստրի կոչում կամ համարժեք իրավագիտության, հասարակական գիտությունների կամ որևէ այլ հարակից ոլորտում.
  • առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ արբիտրաժի վերաբերյալ ծրագրերում և նախագծերում, իրավական հետազոտություններում և վերլուծություններում.
  • նորմատիվ իրավական ակտերի մշակման փորձառություն.
  • միջազգային դոնոր կազմակերպությունների հետ կարճաժամկետ խորհրդատվությունների ձևով աշխատաքային փորձը կդիտվի առավելություն.
  • վերլուծական և հետազոտական գերազանց հմտություններ.
  • գերազանց հաղորդակցման հմտություններ (խոսակցական և գրավոր).
  • միջանձնային լավ հմտություններ և թիմային աշխատելու ունակություն.
  • անգլերենի գերազանց իմացություն (ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր).
  • առաջնահերթություններ սահմանելու և ժամանակն արդյունավետ կառավարելու ունակություն.

Դիմել կարող են ինչպես իրավաբանական անձինք, այնպես էլ անհատների խմբեր։

  1. Պահանջվող փաստաթղթեր.
  • Կազմակերպության մասին (եթե կա) տեղեկություն, ներգրավված անձանց ինքնակենսագրություն (CV).
  • Մոտիվացիոն նամակ.
  • Ծրագրին առնչվող նախկին աշխատանքային գործունեության մասին ապացույցներ (իրավական կարծիք, հետազոտական աշխատանք և այլն).
  • Ֆինանսական առաջարկ։

Հայտերը ուղարկել Անահիտ Խաչատրյանին՝ [email protected] էլ-հասցով, մինչև 2020 թ. օգոստոսի 5-ը, ներառյալ, նամակի վերնագրում նշելով «Arbitration centre experts»: Հարցերի դեպքում զանգահարել (+37491) 501027 հեռախոսահամարին:

 

[1] Լոնդոնի, Ստոկհոլմի, Ցյուրիխի, տարածաշրջանում` Վրաստանի կենտրոնների ուսումնասիրություն: Ռուսաստանի արբիտրաժային կենտրոն, Աստանայի և Դուբայի արբիտրաժային կենտրոնների ուսումնասիրություն:

Ավելին