Երևանում բացվեց «Հետևանքը՝ արտեֆակտ» ցուցահանդեսը
2020 թ․փետրվարի 8-ին Հայաստանի նկարիչների միության սրահում բացվեց «Հետևանքը՝ արտեֆակտ» ցուցահանդեսը: Նույն օրը Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ համանուն ֆիլմի փակ ցուցադրությունը:
Ֆիլմի ցուցադրությունը և ցուցահանդեսի բացմանը ներկա էին կառավարության, քաղաքացիական հասարակության, գիտության և այլ ոլորտների ներկայացուցիչները։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաները։
«Հետևանքը՝ արտեֆակտ» նախագիծը 2019 թ. ընթացքում իրականացրել են լուսանկարիչ Արեգ Բալայանը և արվեստագետ Էդիկ Պողոսյանը: Ֆիլմը և ցուցահանդեսը փորձ է՝ քննելու հակամարտությունն այլընտրանքային տեսանկյունից՝ ի ցույց դնելով ոչ թե քաղաքական, տնտեսական կամ սոցիալական հետևանքները, այլ շփման գծին մերձ տարածքում առկա հետքերը: Նախագծի հեղինակները փնտրել և ընտրել են հակամարտության հետ կապված նյութական վկայություններ և վերափոխել դրանք արվեստի գործերի:
Նախագծին անդրադառնալով, արվեստաբան, արվեստի քննադատ Ելենա Այդինյանը գրում է. «Աղետալի իրադարձությունների՝ արվեստի գործերի վերածվելը, դրանց մասին արվեստի գործերում խոսելը, դրանք արվեստի գործերի միջոցով վերապրելը և առհասարակ աղետի ու արվեստի փոխհարաբերությունը խնդրահարույց են: Եթե նման արվեստի գործն ազդեցիկ է, ապա դա ենթադրում է, որ գործն ընկալողը հնարավորինս համակվում է գործում մարմին առած ողբերգությամբ: Որքան հաջողված է այդ մարմնացման փորձը, այդքան խորն է դրա ազդեցությունը»:
Համադրող և լուսանկարչության պատմաբան Վիգեն Գալստյանը նշում է․ «Արեգ Բալայանի ու Էդիկ Պողոսյանի ջանքերով իրականացվող «Հետևանքը՝ արտեֆակտ» համագործակցային ծրագիրը միտված է ուսումնասիրելու և ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի «սառած» ռազմական հակամարտության հետևանքները: Իրենց «հնագիտական» մոտեցմամբ՝ արվեստագետները նպատակ ունեն հաղթահարելու նախապաշարմունքներն ու խոչընդոտները, որոնք բաժանում են շփման գծի երկու կողմերում ապրող ժողովուրդներին: Պատերազմի օրոք խարխլված շենքերից հավաքված մետաղական բեկորների համադրությունը հակամարտության գոտում բնակվողների լուսանկարների հետ կառուցված է պատմական հետքերի ու ներկա իրականության բարդ փոխառնչությունների շուրջ: Այստեղ աղետը հառնում է իբրև բնականոն և ընդունելի երևույթ՝ ազդելով կյանքի, աշխարհի ու ապագայի մասին մարդկանց առօրյա ընկալումների վրա»:
«Մեր գործունեությունը հասցեագրում է մի հակասություն, որը մեր հասարակությունները ժառանգել են չլուծված հակամարտության պատճառով, այն է՝ խաղաղարարության և հայրենասիրության միջև եղած թվացյալ հակասությունը։ Սույն նախագիծը փայլուն է ցույց տալիս, որ դա շինծու և մտացածին հակասություն է:», - իր բացման խոսքում ասաց ԵՀՀ գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ավելացրեց, որ «այս և նման նախագծերը մեր հարաբերություններին հաղորդում են հումանիզմի այն լիցքը, որն անհրաժեշտ է քաղաքակիրթ հարաբերությունները վերականգնելու համար»*։
«Հետևանքը՝ արտեֆակտ»-ին անդրադարձան մի շարք միջազգային և հայաստանյան լրատվամիջոցներ, այդ թվում՝ Սիվիլնեթը, Արմենիա ԹՎ-ն, Հետքը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս.թ. փետրվարի 28-ը։
Ֆիլմը և ցուցահանդեսն 2019թ․ նոյեմբերին արդեն ներկայացվել են հանրությանը Ստեփանակերտում և Թբիլիսիում։
«Հետևանքը՝ արտեֆակտ» ալբոմը հասանելի է այստեղ։
«Հետևանքը՝ արտեֆակտ» ֆոտոպատմությունների շարքն դարձել է LensCulture Exposure Award 2020 մրցույթի ֆինալիստներից մեկը։
*Գևորգ Տեր-Գաբրիելյանի ելույթն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
«Հետևանքը՝ արտեֆակտ» նախագիծը իրականացվում է «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» (PeaCE) ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։