Գևորգ Տեր-Գաբրիելյանը հանրաքվեի, դատական համակարգի և շահերի բախման մասին
«Մարդ չպիտի ինքն իրեն պարգևավճար դուրս գրի ճիշտ նույն կերպ, ինչպես որ սահմանադրական դատարանի կազմը չպիտի ինքն իր ճակատագրի վերաբերյալ հարց քննարկի։ Մենք շահերի բախման հասարակություն ենք, ծայրե ի ծայր վարակված շահերի բախումով։ Տարիներ առաջ մենք ստեղծել ենք մի դասագիրք և դրա առնչությամբ մի հետազոտություն* արեցինք։ Պարզվեց, որ դեռ հին իշխանության ժամանակ, դա մի յոթ տարի առաջ էր երևի, գերատեսչությունների աշխատակիցների մեծ մասը, իսկ մենք հարցազրույցներ անցկացրեցինք յոթ-ութ գերատեսչության-նախարարության հետ, տեղյակ չեն, թե ինչ է նշանակում «շահերի բախում»։ Նրանք կարծում են, որ շահերի բախում է, երբ իմ և ձեր միջև է շահերը բախվում։ Շահերի բախումը այն է, երբ մարդու ներսում է շահերը բախվում․ ինքը պիտի արդար որոշում ընդունի, բայց այդ արդար որոշումը վերաբերվում է իր սուբյեկտիվ շահին կամ իր մտերիմին», - 1in.am-ի եթերում ասում է ԵՀՀ գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը։
«Մեր հասարակությունը արագ տեմպերով շարժվում է դեպի մոդերն հասարակություն, իսկ դա ի՞նչ է նշանակում․ որ հանրաքվեները դառնալու են ամենօրյա փաստ։ Ինչքան հնարավոր է շատ որոշումները ընդունվելու են հանրաքվեով, հույս ունեմ։ Երբեմն նրանք հաջող են լինելու, երբեմն անհաջող են լինելու։ Նույնիսկ եթե այս հանրաքվեում «այո»-ն չհաղթանակեց հանկարծ․ միևնույն է, որպես պատմական փաստ ժողովրդի կամքի արտահայտման, եթե այն արդար ընթացավ, սա հսկայական դեր է ունենալու Հայաստանի ապագա զարգացման վրա», - կարծում է Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ինչպես նաև անդրադառնում է մի շարք այլ հարցերի։
* Հետազոտությունը հասանելի է այստեղ։