Փետրվարին առցանց հրատարակվեց Armenia 3.0 անգլերեն գիրքը՝ ԵՀՀ տնօրենի հեղինակությամբ և թիմի մի շարք անդամների մասնակցությամբ. գիրքը քննարկում է Հայաստանի 20-րդ դարի պատմությունն ու սոցիալական պրոցեսները: Այն ստեղծվել է 2016-2017 թթ. հեռարձակված 9 դասախոսությունների նույնանուն շարքի հիման վրա և թիրախավորում է արտասահմանցուն կամ սփյուռքահային, որն ուզում է ավելի լավ ճանաչել Հայաստանը, հասկանալ այն և արդյունավետ կերպով մասնակցել բարեփոխումներին կամ կազմակերպել դրանք: «Հետևանքը՝ արտեֆակտ» տարածական և լուսանկարչական արվեստի ցուցահանդեսը և ֆիլմը՝ Արցախյան պատերազմների հետևանքների մասին, որ անցյալ տարվա վերջում ներկայացվել էին Արցախում, ներկայացվեցին Երևանում. բացմանը ներկա էին բազում հյուրեր, ներառյալ Հայաստանի միջազգային գործընկերները և Հայաստանի հանրապետության փոխվարչապետը:
Տարվա սկզբում անհայտ էր, թե ի՛նչ ազդեցություն է ունենալու համավարակն աշխարհի և Հայաստանի վրա: Տնակալման քաղաքականությունն ուժի մեջ մտավ մարտի կեսին: ԵՀՀ-ի առջև ծառացան մի շարք հարցեր. ինչպե՛ս շարունակել աշխատանքը տնակալման պայմաններում այնպես, որպեսզի գործունեության որակը չտուժի: ԵՀՀ-ն մշակեց մի շարք կանոններ աշխատանքային նոր պայմանների վերաբերյալ, յուրացրեց հեռավար աշխատելու միջոցները և մեթոդները, և իր մշակումները տրամադրեց քաղաքացիական հասարակության լայն շրջանակներին: Նոր իրադրությունը պահանջեց փոխել մարտավարություններն անմիջական շփումներից դեպի ավելի հետազոտական, տեքստուալ մոտեցումներ. ԵՀՀ-ն կազմակերպեց կամ իրագործեց մի քանի հետազոտություն, մասնավորաբար՝ համավարակի պայմաններում ապօրինի միգրանտների վիճակի վերաբերյալ, Միգրացիայի միջազգային կազմակերպության պատվերով: Հայտնաբերվեցին հավելյալ առավելություններ, օրինակ՝ որ հեռավար հանդիպումները թույլ են տալիս համացանցով միավորել մարդկանց տարբեր աշխարհագրական տեղանքներից, մի բան, որ հնարավոր չէր առկա հանդիպումների դեպքում: Մարտավարությունների արագ փոփոխությունը թույլ տվեց ԵՀՀ-ին պահպանել իր գործունեության թափը և որակը: Մինչև աշուն, հրապարակվեցին նաև ԵՀՀ գործընկերների կողմից ձեռնարկած մի շարք բարձրորակ հետազոտություններ և ուսումնասիրություններ, ինչպես, օրինակ՝ «Ֆիրդուս. տեղի հիշողությունը», «Դրվագներ Հայաստանի խորհրդային անցյալից» և այլն:
Հունիսի 14-ի՝ բռնդատվածների օրվա կապակցությամբ, ԵՀՀ-ն կազմակերպեց մրցույթ, որը թույլ տվեց մեկտեղ հավաքագրել 20-րդ դարի բռնաճնշումների վերաբերյալ ստեղծագործական մի շարք աշխատանքներ՝ տեքստեր, լուսանկարներ, տեսանյութեր և այլ նյութեր. այս հավաքածուն մեծ նշանակություն կունենա բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հասկանալ հայաստանյան 20-րդ դարը, որպեսզի ճիշտ գիտակցեն, թե ինչպե՛ս պետք է աշխատել զարգացման խնդիրների շուրջ ներկայումս: Ամռանը ԵՀՀ-ն ձեռք բերեց խորհրդակցական կարգավիճակ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (UN EcoSoc): Այս հաջողությունն անհնարին կլիներ առանց այն վստահության և աջակցության, որ ԵՀՀ-ն ստանում է Հայաստանով մտահոգ միջազգային հանրության կողմից:
Սեպտեմբերի 27-ին պայթեց 44-օրյա պատերազմը, որը կատաստրոֆիկ կերպով ազդեց տարածաշրջանի, Հայաստանի, Արցախի և հայության վրա: Պատերազմի ընթացքում ԵՀՀ-ն շարունակեց իր աշխատանքը, փոփոխություններ կատարելով ըստ կարիքի: ԵՀՀ-ն ձեռնարկեց միջազգային հանրությանը իրողությունները բացատրելու գործունեություն, մասնակցեց բարեգործական ճակատի գործունեությանը որպես կազմակերպություն, ինչպես նաև թիմի անդամները՝ անհատապես: Պատերազմից հետո, համավարակի շարունակման պայմաններում, ԵՀՀ-ն ձեռնարկեց մի շարք միջոցառումներ, ճշտելու իր ռազմավարությունները նոր իրադրության մեջ: Նախ և առաջ ԵՀՀ-ն պատասխանատվություն է զգում դեպի իր այն շահառուները, որոնք պատերազմի անմիջական թիրախում հայտնվեցին՝ արցախցիները և այլք, որոնց պատերազմը չխնայեց: Միևնույն ժամանակ, պարզ է դարձել, որ հայաստանյան պետականությունը ստացել է ուժգնագույն հարված: Բոլոր բացերը, որոնք կուտակվել էին անկախության տասնամյակների ընթացքում, նախ և առաջ կոռումպացված կառավարությունների գործունեության արդյունքում, ի հայտ եկան միանգամից, սպառնալով հանգեցնել պետության քանդման: Միևնույն ժամանակ, ամբողջությամբ դրսևորվեցին նոր՝ անփորձ և պոպուլիստական կառավարության խորքային թերությունները: Պատերազմից առաջ ներկա կառավարությունն անկարող գտնվեց այն թույլ չտալ, պատերազմի ընթացքում՝ արագ կանգնեցնել, պատերազմից հետո՝ արդյունավետ կերպով վերակազմակերպել պետականությունը: Սա է՛լ ավելի մեծ պատասխանատվություն է դնում քաղաքացիական հասարակության վրա, և ԵՀՀ-ն իր ուժերի ներածին չափով կրում է այդ պատասխանատվությունը: Կարևոր իրադարձություններից էր այն, որ Շվեդիայի զարգացման գործակալությունը՝ Սիդան, հենց պատերազմի օրերին ԵՀՀ-ի հետ պայմանագիր կնքեց քաղաքացիական հասարակությանն օգնելու վերաբերյալ: Շվեդիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի գործունեությունը Հայաստանում ցուցադրեցին, որ միջազգային հանրությունը չի պատրաստվում ետ կանգնել բարեփոխումներին աջակցելու ռազմավարությունից և պատրաստ է աջակցել Հայաստանի սուվերենության ամրապնդմանը և նոր մարտահրավերները հասցեագրելու՝ քաղաքացիական հասարակության ջանքերին: Պատերազմի արդյունքում ստեղծված իրադրության բոլոր հանգամանքներին՝ ռազմական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, անձնական, գումարվեց համատարած սոցիալական տրավման և հետտրավմատիկ սթրեսը, որը դարձավ ԵՀՀ հասցեագրման կարևորագույն թիրախներից մեկը: Բացի քաղաքացիական հասարակության նախաձեռնություններին աջակցելուց, ԵՀՀ-ն նաև ավարտի հասցրեց մի շարք մեթոդական ձևակերպումներ, այն է՝ կրթության և գենդերային հարցերին իր մոտեցումները, այդպիսով համալրելով տեսական և մեթոդական իր մոտեցումների և ռազմավարությունների շարքը, որն ընդգրկում է իր գործունեությունը մշակույթի, քաղաքային պլանավորման, 20-րդ դարի ուսումնասիրության ասպարեզներում, ինչպես նաև արժեքային հետազոտությունները՝ ժողովրդավարության և հանդուրժողականության արտահայտումները հայ գրականության մեջ:
Նյութի վերջին խմբագրումը․ 26 հունիս, 2021