Ֆիրդուս․ տեղի հիշողությունը

Այս գրքի ստեղծման գաղափարը ծագել է մի քանի տարի առաջ, երբ Երևանի սրտում՝ Ֆիրդուսի փողոցի երկայնքով, դեռևս ակտիվ առևտուր էր ծավալվում: Ի տարբերություն քաղաքի կենտրոնական այլ մասերի՝ այս թաղամասն ու շուկան, որ տեղացիներն անվանում են Ֆիրդուս, տարբերվում են նրանով, որ այստեղ պահպանվել են ինչպես ճարտարապետության, այնպես էլ կյանքի այն ձևերը, որոնք բնավ հատուկ չեն ո՛չ խորհրդային խստությանը՝ դրոշմված կենտրոնական մայրուղիների ուղղաձիգ գծերի մեջ, ո՛չ հետխորհրդային հավակնություններին, որոնք աճում էին քաղաքի կենտրոնից մինչև ծայրամաս ձգվող հսկա բարձրահարկերի տեսքով: Ֆիրդուսը եղել է և այժմ էլ մի վայր է, որտեղ խտացված են ժողովրդական ճարտարապետության վերաբերյալ պատկերացումներն ու երևանցիների առօրյան: Այս տեղի հիշողությունը հուշում է, որ Երևանում բնակվել են տարբեր մարդիկ, տարբեր՝ իրենց մասնագիտական, կրոնական և էթնիկ պատկանելությամբ: Այս տարբեր մարդկանց մշտապես միավորում էր մի բան՝ նրանց տունը, որը շատ մոտ կամ պատկից էր համանման այլ տների: 

Այս գիրքը ստեղծվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակում: Գրքի բովանդակության համար պատասխանատու է «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա» սոցիալական եւ մշակութային հասարակական կազմակերպությունը։ Բովանդակությունը կարող է չհամընկնել Եվրոպական միության և ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՀՀ–Հայաստանի, ԵՀՀ–Ադրբեջանի, «Ինթերնեյշնլ ալերթ»–ի և ՀՌԿԿ Վրաստանի տեսակետների հետ: