Արմենիա 3.0. հասկանալ 20-րդ դարի Հայաստանը (անգլերեն)

cover

«ԵՀՀ համալսարան» շարքից այսօր ձեզ ենք ներկայացնում ԵՀՀ տնօրեն և արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանի հեղինակած «Արմենիա 3.0. հասկանալ 20-րդ դարի Հայաստանը» գիրքը (անգլերեն):

Գիրքը հիմնված է ինը վիդեո դասախոսությունների վրա, որոնք թողարկվել են 2016-ի դեկտեմբեր - 2017-ի մարտ ժամանակահատվածում։ Գրքի նպատակն է ցույց տալ, թե ինչ հետք է թողել Հայաստանի 20-րդ դարի պատմությունն արդի հասարակության վրա։ Գրքում քննարկվում են Խորհրդային Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ հակասական զարգացումները և ի արդյունք դրանց առաջացած սոցիալական խնդիրները. քաղաքաշինական, արդյունաբերական և մշակութային զարգացումներ, բոլշևիկյան և ստալինյան ժամանակների բռնություններ, որոնք անջնջելի հետք են թողել հետագա իրադարձությունների վրա։

Հեղինակը բացահայտում է Գուլագի և հանցավոր ենթամշակույթի, «ինքնացեղասպանության» և բռնության, արժեհամակարգի անկման մանրամասներ և դրանց արդյունքում արմատացած կեղծ գիտակցության մի շարք արտահայտումներ։ Կոռուպցիայի տարբեր ձևերի արմատները սոցիալական այս տրավմաների մեջ են թաքնված։ Այս համատեքստում հաջող ռեֆորմների գլխավոր խոչընդոտը տարաբնույթ կեղծ գիտակցության տարբեր արտահայտումներով վարակված հասարակության ատոմիզացիան է։ Մտքի կոռուպցիան հանգեցնում է ռացիոնալ ընտրություն կատարելու և հաջող դրական կոլեկտիվ գործողություն իրականացնելու անկարողությանը: Քննարկման վերջում առաջարկվում է մի մեթոդ, որին եթե հետևել, այն կօգնի հասնել փոփոխությունների, իսկ զարգացումն էլ՝ ավելի արդյունավետ կդառնա։

Գիրքը նախատեսված է արևմուտքի հայկական սփյուռքի համար, բոլոր նրանց, ովքեր ուսումնասիրում են և ուզում են հասկանալ Հայաստանը և հետխորհրդային մյուս հանրապետությունները, ինչպես նաև, առհասարակ, անգլալեզու ընթերցողի համար: Գիրքը նաև օգտակար կլինի Հայաստանի քաղաքացիներին և բնակիչներին, մասնավորապես երիտասարդերին, որոնք ցանկանում են հասկանալ արմատներն այն խնդիրների, որոնց հետ մեր երկիրն այսօր առերեսվում է։

Տեքստը ստեղծվել է 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից առաջ, և Հայաստանն այսօր ունի այս հարցերին ընմբռնումով մոտեցող ռեֆորմիստ նոր կառավարություն։ Հետագա զարգացումները, սակայն, ցույց են տալիս, որ հասարակական ախտերը դեռ կարող են վերադառնալ կամ լիովին բուժված չեն։ Հետևաբար, այս քննարկումը կարևոր է առավել քան երբևէ: Գրքում բարձրացված հարցերն անկախության 30 տարվա ընթացքում հազվադեպ են հնչել և արտացոլվել հանրային դիսկուրսում։ Փոխարենը անցյալի սրբագրված տարբերակն է նոր սերունդներին ներկայացվել դասագրքերի, մեդիաների, գիտության և հասարակական դիսկուրսի կողմից, նպաստելով կեղծ գիտակցության հետագա արմատավորմանը: Հեղինակը հույս ունի, որ գրքում բարձրացված հիմնախնդիրների շուրջ քննարկումը կօգնի նաև սփյուռքին և Հայաստանի բնակիչներին ավելի լավ հասկանալ միմյանց և այն իրավիճակը, որում հայտնվել են: Ամբողջական պատկերացում ունենալու դեպքում նրանք կկարողանան գործել ավելի համերաշխ և արդյունավետ։

Լուսանկարը՝ Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանի