ԵՀՀ կրթություն և ուսուցում

Education and learning

Կրթություն և ուսուցում

Այսօր, երբ Հայաստանում բարելավման կարիք ունեցող ոլորտների մեջ ամենաշատը նշում են կրթության և ուսուցման բնագավառը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հետադարձ հայացք է նետում իր նախորդ տարիների աշխատանքին և փորձում հանրագումարի բերել այն ծրագրերն ու մոտեցումները, որոնք Հիմնադրամի կրթական և ուսուցողական մեթոդաբանության էությունն են։ ԵՀՀ-ի կատարած աշխատանքի մեծ մասն առնչություն ունի հենց կրթությանն ու ուսուցմանը. վերապատրաստումներ, թրեյնինգներ, մենթորություն, մտագրոհներ․այս ամենը միտված է նոր գիտելիք, հմտություններ, ունակություններ և կարողություններ տրամադրելուն շահառուներին և իրեն՝ Հիմնադրամին։ ԵՀՀ-ն զարգացրել է հատուկ հեղինակային մեթոդներ։ Դրանցից են.

  • Համակարգված մտագործունեության մեթոդաբանություն և կրեատիվ խաղեր (ՀՄՄԿԽ)[1].
  • Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոց.
  • Քննադատական մտածողության դպրոց.
  • ՀԿ-ների կարողությունների զարգացման դպրոց.
  • Տեղական ժողովրդավարության դպրոց։

ԵՀՀ-ի լայնածավալ ոչ ֆորմալ կրթական ռազմավարության մաս են նաև ամբողջ Հայաստանի տարածքը ծածկող Ինֆոտների ցանցը, որն իրագործում է մեդիագրագիտության մարզումներ և այլ նախագծեր, ինչպես նաև «Մարդամեջ» սոցիալական նորարարական պարբերական ճամբարները:

ԵՀՀ-ի կայքի «Ջեմ սեշշն» վերտառությամբ բաժնում կան բազմաթիվ հանրային դասախոսություններ և զեկույցներ։ Վերջապես, Հիմնադրամը ձեռնարկել է «ԵՀՀ համալսարան» խորագրով հրապարակումների շարք, որը պարունակում է կրթական/ուսուցողական կարևոր բաղադրիչ ունեցող հետազոտական նյութեր։

ԵՀՀ-ն հետազոտություններ է իրագործել Հայաստանում շատ չխոսվող կամ քիչ քննարկվող թեմաների շուրջ: Հետազոտվել են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը հայ գրականության մեջ, բռնության արմատները Հայաստանում, գրականության և կրթության մեջ հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները: ԵՀՀ-ն ձեռնարկում է 20-րդ դարի Հայաստանի ուսումնասիրություն՝ հատուկ շեշտադրելով խորհրդային ժամանակների ազդեցությունն այսօրվա Հայաստանի վրա: Պատմության հետազոտության և դասավանդման խնդիրները նույնպես ԵՀՀ-ի ուշադրության շրջանակում են։ Տարիների ընթացքում մշակվել են ձեռնարկներ լրատվամիջոցների կողմից հակամարտությունների լուսաբանման, քննադատական մտածողության, Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների, գենդերի, դատական բարեփոխումների զանազան կողմերի, կրոնական հանդուրժողականության և այլնի մասին։ Այդ նյութերի մեծ մասը հասանելի է Հիմնադրամի կայքում։ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ՀԿ Դեպո՝ Քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի շրջանակներում ԵՀՀ-ն ստեղծել է hkdepo.am կայքը՝ ՀԿ-ների համար ուսուցողական և կրթական ռեսուրս: Այն պարունակում է նյութեր հաղորդակցության, ֆոնդահայթայթման, շահերի պաշտպանության, ֆինանսների կառավարման, առաջնորդության և կառավարման, դրամաշնորհների տրամադրման մասին և այլն։

ԵՀՀ-ն զբաղվել է նաև Հայաստանում ֆորմալ՝ հատկապես բուհական կրթությամբ։ Նախաձեռնություններն ուղղված են եղել ակադեմիական անկախության խթանմանը, կրթության և բիզնեսի միջև համապատասխանության ստեղծմանը, ետխորհրդային համալսարանների բարեփոխումներին, ինչպես նաև օրենսդրական փոփոխություններին։ ԵՀՀ-ի անձնակազմը բազմաթիվ ձևերով մասնակցել է ֆորմալ կրթության բարեփոխումների գաղափարների գեներացմանը և քաղաքականության առաջխաղացմանը՝ ներառվելով կառավարության կողմից կազմված տարբեր խորհուրդներում և/կամ անդրադառնալով այդ խնդիրներին մեդիայում ու հանրային քննարկումներում։ ԵՀՀ-ի անձնակազմից շատերը դասախոսներ են, գիտական աստիճանների կրողներ կամ հայցողներ, ուսանել են Եվրոպայի կամ ԱՄՆ-ի համալսարաններում, ինչի շնորհիվ նրանք մասնագիտորեն են տեղյակ Հայաստանում ֆորմալ կրթության բարեփոխումների կարիքներից։

Այդ փորձառությունը կխթանվի և կբարելավվի 2021 թվականին՝ Եվրոպական միության օժանդակությամբ գործարկվող նոր ծրագրի շնորհիվ։ Նպատակն է երիտասարդների իրավունքների պաշտպանությունը և ուսանողների ու նրանց կազմակերպությունների կարողությունների ամրապնդումը, ինչպես նաև հանրային հարցերում նրանց մասնակցության խրախուսումը։ Ծրագիրը կիրականացվի ԵՀՀ-ի գործընկեր «Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնության[2] հետ. սա ուսանողների համահայաստանյան մի շարժում է՝ նվիրված բուհական կյանքում և հասարակությունում դրական փոփոխությունների իրագործմանը:

Մեթոդաբանություն

Այսքան բան անելով ֆորմալ և հատկապես ոչ ֆորմալ կրթության բնագավառներում, ԵՀՀ-ն տարիների ընթացքում հստակեցրել է իր հետաքրքրության ոլորտները կրթության և ուսուցման գործում և իր ուրույն մոտեցումները հասարակական այդ պահանջին։ ԵՀՀ-ի մոտեցման կորիզը ոչ ֆորմալ կրթությունը և ցկյանս ուսուցումն են։ Այն նախ  և առաջ թիրախավորում է հայաստանյան քաղաքացիներին համալսարանական տարիքից սկսած: ԵՀՀ-ն տարիներ ի վեր ուսումնասիրում է իր կրթական և ուսուցողական մեթոդների արդյունավետությունը, փորձելով իր շահառուների համար ապահովել լավագույն ուսուցողական միջավայրն այնպես, որ նշմարելի անցում տեղի ունենա վերացական արժեքների անքննադատ ընդունումից նրանց քննադատական վերլուծություն, սրանից՝ դեպի դիրքորոշումների փոփոխություն և ի վերջո՝ ազդեցություն վարքագծի վրա։ 

Իր կրթական և ուսուցողական մեթոդներում ԵՀՀ-ն կենտրոնանում է մտածողության և քննադատական մտածողության վրա՝ շահառուներին հնարավորություն տալով զարգացնել, ձևավորել և/կամ փոխել իրենց արժեհամակարգերը, դիրքորոշումները, հետևաբար նաև՝ վարքագծերը: ԵՀՀ-ն կենտրոնանում է գործնական ուսուցման վրա, քանի որ լավագույն ուսուցումն այն է, երբ սովորողները գիտակցաբար են հասկանում և յուրացնում ուսուցման մեթոդները: Օգտագործվում են միջազգայնորեն հաջողությամբ գործածված կրթական զանազան մեթոդներ: ԵՀՀ-ն հենվում է այսպես կոչված «դուրս-լուսավորման» (elicitive) ուսուցման մեթոդի վրա: Շահառուները ոչ այնքան տվյալներ և տեղեկատվություն են ստանում, որքան հնարավորություն՝ օգտագործելու արդեն ձեռքի տակ եղած տվյալներն ու տեղեկատվությունը, ընդգրկելու իրենց ունեցած գիտելիքն աշխարհի մասին՝ մտքի կազմակերպման ձևերի մեջ, ուսանելով այդ ձևերը: Հասկանալու, ի՞նչ ունեն և գիտեն, և էֆեկտիվ օգտագործման դնելու այդ ունեցածը: Օգտագործվում է ուսուցման «ֆրակտալ» մեթոդը, ըստ որի յուրաքանչյուր լավ պրոֆեսիոնալ պետք է դառնա կրթող՝ փոխանցելով իր հմտությունները, և այդ ընթացքում է՛լ ավելի մասնագիտանա իր գործունեության ոլորտում նաև ինքը: Չէ որ լավագույն պրակտիկ ուսումնառությունն այն է, երբ մասնագետն իր լավ արվող գործը դարձնում է կրթվելու աղբյուր այն մարդկանց համար, որոնք նման աշխատանք պիտի կատարեն։

ԵՀՀ-ի պատրաստած «Ջեմ սեշշնների» շարքի մի քանի դասախոսություն և զեկույց նվիրված են ուսուցման մեթոդաբանական կողմին և ներկայացնում են.

  • կրթության պատմության վերաբերյալ կարևոր տեսանկյուններ.
  • ուսուցման հոգեբանությունը.
  • արդյունավետ ուսուցման խոչընդոտները.
  • ֆորմալ կրթական համակարգերի ճգնաժամն աշխարհում և Հայաստանում.
  • այսօր Հայաստանի քաղաքացիների համար ուսուցման ոլորտների/թեմաների առաջնահերթությունները՝ շեշտելով արժեքներ և սոցիալական հմտություններ ձևավորելու անհրաժեշտությունը։

Ըստ ԵՀՀ-ի, կան առաջնահերթություններ, որոնք Հայաստանի ֆորմալ կրթությունն այսօր չի հասցեագրում։ Դրանց թվում են.

  • քննադատական մտածողություն.
  • կոնֆլիկտների տրանսֆորմացիայի հմտություններ (այլ ոչ թե միայն կոնֆլիկտների լուծում, դիվանագիտության և պատերազմի պատմություն կամ հակամարտային բանակցություն).
  • տեքստեր կարդալու ու հասկանալու, արտահայտված գաղափարները հասկանալու, վերաձևակերպելու, մեկնաբանելու կարողություն.
  • տեքստերի մասին տեքստեր գրելու կարողություն.
  • վերաձևակերպման (պարաֆրազի) կարողություն.
  • խմբագրելու կարողութուն.
  • հաղորդակցության միջոցով արժեքավոր (ոչ կարծրատիպային) գաղափարներ արտահայտելու կարողություն.
  • իրերին այլ տեսանկյունից նայելու և, հետևաբար, նորամուծություն հայտնաբերելու կարողություն.
  • կարողություն հասկանալու, թե ինչ են օրենքը և օրինական համակարգերը.
  • թիմերում և համայնքներում համագործակցելու կարողություն.
  • փաստերի և ոչ թե երազանքների հիման վրա պլանավորելու կարողություն.
  • փաստարկված հետազոտություն իրականացնելու կարողություն.
  • գաղափարախոսությունների և պաշտոնական համակարգերի միջոցով տարածվող կեղծ գիտելիքների՝ մի կողմից, և  անհատական վարքագծային ռացիոնալության միջև՝ մյուս կողմից, եղած անջրպետը բարեհաջող կերպով վերացնելու կարողություն.
  • Պրոյեկտային մոտեցում:

Ի հակադրություն սրա՝ ըստ ԵՀՀ-ի դիտարկումների, այնպիսի կարողությունները, ինչպիսիք են վերացական ստեղծարարությունը և ծրագրային գաղափարներ ստեղծելը հայաստանյան հասարակության համար կարծես խնդիր չեն:

ԵՀՀ-ն հանդիպում է մարդկանց, որոնք, ունենալով բուհական կրթություն, հաճախ չեն կարողանում հասկանալ՝ ի՛նչ է գիտությունը, և ինչո՛վ է գիտական մոտեցումը տարբերվում ոչ գիտական մոտեցումից կամ պարզապես կարծիքներից։ Այդպիսի մարդիկ հետ են սովորել անհատական քրտնաջան աշխատանքն արժևորելուց, անկարող են ստեղծարարություն դրսևորել, չեն հասկանում, ինչու՛ չի կարելի կտրել-պատճենել (cut and paste), արտագրել կամ այլոց գաղափարները և աշխատանքները գողանալ (գրագողությամբ զբաղվել)։ Նրանք հաճախ շատ հեռու են գնացել եռանդուն աշխատանքի անհրաժեշտությունը գիտակցելուց և այդպիսի աշխատանք կատարելու ունակությունից, և եթե նույնիսկ անկեղծորեն ցանկանան կրթվել, հատուկ ջանքեր պիտի գործադրեն իրականում ուսանելու կարողությունը վերագտնելու համար։ Սա ստիպում է ԵՀՀ-ին եզրահանգել, որ սոցիալական և ֆորմալ կրթական համակարգերն են, որ պաշտոնական ուսուցման ընթացքում բացասական են ազդում երիտասարդների առաջնային և բազային ստեղծարար կարողությունների վրա, քանի որ դրանք ակնհայտորեն առկա են ի սկզբանե:

ԵՀՀ-ն, ընձեռելով կրթական և ուսուցողական հնարավորություններ, ինքը գտնվում է անընդմեջ ուսման ռեժիմում։ Հիմնադրամի՝ ցկյանս կրթության ցիկլի մեթոդաբանությունը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.

  • ակնառու պրոֆեսիոնալներին օգնել հասկանալ, թե ինչու՛ են նրանք անում այն, ինչ անում են այնպես, ինչպես անում են, այսինքն՝ զատորոշել իրենց աշխատանքի մեթոդները.
  • դարձնել այդ մեթոդները հստակ և հետևաբար՝ դասավանդելի.
  • օգնել պրոֆեսիոնալին դառնալ իր բնագավառի ուսուցիչ (վերապատրաստող, մենթոր և այլն), դարձնել նրան լավ ուսուցանող. դասավանդման միջոցով պրոֆեսիոնալն ավելի լավ է հասկանում իր իսկ աշխատանքի ձևերը, բարելավում դրանք, իր գործունեության մեթոդները վերագնահատում է, վերասահմանում, վերաձևակերպում դրանք և հաջորդ փուլում արդեն այդ նորացված մեթոդներն է փոխանցում ուսանողներին և շահառուներին, ինքն էլ զուգահեռաբար բարձրանալով վարպետության նոր մակարդակի:

ԵՀՀ-ի ցկյանս կրթության մոտեցման մեկ այլ կարևոր հատկանիշ էլ շահառուներին չլքելու սկզբունքն է։ Անգամ եթե ծրագրերի սահմանափակումները թույլ չեն տալիս շարունակել միևնույն խմբի հետ երկար աշխատել, ԵՀՀ-ն.

ա) հավաքագրում է դասավանդողների և սովորողների կարծիքները յուրաքանչյուր միջոցառումից հետո.

բ) վերլուծում է այդ կարծիքները.

գ) մասնակիցներին հնարավորություն է տալիս ԵՀՀ-ի հետ կապ պահպանելու՝ առցանց, սոցիալական ցանցերի միջոցով և/կամ այլ ծրագրերում մասնակցելու հնարավորություն ընձեռելու միջոցով.

դ) մասնակիցներին հնարավորություն է տալիս դասավանդող դառնալու այն բնագավառում, որում իրենք առնչվել են ԵՀՀ-ին.

ե) ուսուցման տարբեր ծրագրերի և իրավիճակների շահառուների հետ ստեղծում է ցանց,  որը նրանց հնարավորություն է տալիս ԵՀՀ-ի շրջանակից դուրս միմյանց հետ աշխատել, սեփական փորձառությամբ բարելավել միմյանց ջանքերը.

զ) ստեղծում է փոքրիկ խմբեր՝ կազմված ակնառու պրոֆեսիոնալներից, որոնք օգնում են մեծացնել հիմնադրամի կրթական և ուսուցողական ռեսուրսները՝ որպես առաջնորդներ և կրթողներ մասնակցելով ԵՀՀ-ի զանազան միջոցառումներին.

է) պայմաններ ստեղծում, որպեսզի շահառուները և գործընկեր մասնագետները մասնակցեն նաև այլ հաստատությունների և կազմակերպությունների ծրագրերում՝ ներառյալ քաղաքականության մշակում և ընդգրկում միջազգային ցանցերում։

Այսպիսով, ԵՀՀ-ն փորձում է իր շահառուներին բազում հնարավորություններ ընձեռել՝ հասնելու կայուն ներգործության կարողությունների և ԵՀՀ-ում ստացած իրենց ուսուցողական փորձառության հետագա զարգացման։

ԵՀՀ-ի ուսուցողական ծրագրերից շատերը ստեղծված են որպես մարզումների և ծրագրերի պրակտիկ իրագործման համակցություն: ԵՀՀ-ն հաճախ աջակցում է, որպեսզի շահառուներն իրականացնեն մարզման ժամանակ տեղի ունեցած մտագրոհների արդյունքում ծագած ծրագրային գաղափարներից որևէ մեկը։ Շահառուները հնարավորություն են ստանում կիրառել ստացած տեսական գիտելիքները գործնական աշխատանքում, ձեռք են բերում հմտություններ ծրագրի հիմնական թեմայից բացի՝ նաև ծրագրային կառավարման ասպարեզում. ադմինիստրատիվ հմտություններ, թիմային աշխատանք, առաջնորդություն, անակնկալ արդյունքն ակնկալվողից բացի նկատելու և օգտագործելու ունակություն, ճկունություն, ռիսկերի կառավարում, հեռատեսություն և այլն։

ԵՀՀ-ն զբաղվում է նաև տեղական և միջազգային ուսանողների և պրակտիկանտների ցանցի զարգացմամբ։ Վերջիններս մի քանի շաբաթով կամ ամսով տեղավորվում են Հիմնադրամի, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների գրասենյակներում։ Այսպես աշխատելով՝ Հիմնադրամը ոչ միայն ուսնակներին է գործնական ուսուցման հնարավորություն տալիս, այլև ընդունող կազմակերպություններին։ ԵՀՀ-ն ուսումնասիրել է պրակտիկայի անցկացման դեպքերի հաջողությունների կամ անհաջողությունների պատճառները և եզրահանգել, որ պրակտիկան ոչ այնքան լրացուցիչ անվճար աշխատուժ ձեռք բերելու, որքան սովորելու միջավայրում ներգրավվելու հնարավորություն է (կամ առնվազն երկուսն էլ հավասարաչափ)։ ԵՀՀ-ն հստակեցնում է իր անձնակազմին և գործընկեր կազմակերպություններին, որ հյուր ուսնակների համար իրական սովորելու միջավայր ստեղծելը նշանակում է ծախսել ռեսուրս (ժամանակ և պլանավորում)։ Հյուրընկալները պիտի արհեստականորեն հատուկ պլանավորեն, ժամանակ տրամադրեն և ջանքեր գործադրեն՝ աշխատելու իրենց միջազգային ուսանողների և ուսնակների հետ, այլապես վերջիններս չեն ստանա այն, ինչի համար եկել են: Ընդունող կազմակերպությունները պետք է իրենք էլ կրթողներ դառնան և ոչ թե հյուրընկալվող այցելուներից ակնկալեն, որ, առանց զգալի ներածական և սովորեցնելու ջանքերի, վերջիններս անմիջապես կսկսեն արդյունավետորեն օգնել իրենց։

Այս ամբողջ աշխատանքում ԵՀՀ-ի նպատակն է Հայաստանի հասարակությանը և միջազգային համայնքին ապահովել սովորած և սովորող անձանցով ու թիմերով, որոնք իրենց հետաքրքրությունների և մասնագիտացման բնագավառներում ունեն առաջնորդի հմտություններ։

Յուրաքանչյուր միջոցառում ավելին է, քան պարզապես միջոցառում․ իսկ առաջնորդները կրթողներ և կրթվողներ են

ԵՀՀ-ի ամեն միջոցառում ունի կոնկրետ նպատակ, սակայն միևնույն ժամանակ ԵՀՀ-ի առանձին գործողություններն ունեն նաև խորհրդանշական նշանակություն՝ լինել ավելին, քան պարզապես ծրագիր կամ դրա մաս․ ԵՀՀ-ն այնպես է գործում, որ իր գործողություններն օրինակելի լինեն այլոց համար։ Սա առաջին հերթին վերաբերում է Հիմնադրամի կառավարման մեջ ՀՄՄՍԽ-ը և քննադատական մտածողությունը գործածելու ոճին։ ՀԿ Դեպո ծրագրում ԵՀՀ-ն կառավարումն ու ադմինիստրատիվ աշխատանքը վերաձևակերպեց որպես ստեղծարար ու հաճելի և ոչ թե ձանձարալի ու միապաղաղ գործունեություն։ Հիմնադրամը, կենտրոնանալով իր կողմից գործածվող նորարար կառավարման վրա, փորձում է բարելավել սեփական աշխատանքը և մարզումների և օրինակների միջոցով փոխանցել այդ նորարարությունները բոլոր նրանց, ովքեր կարող են օգուտ քաղել դրանցից՝ զննելով, հասկանալով, սովորելով, միգուցե և մասնակիորեն կրկնօրինակելով, հարմարեցնելով դրանք իրենց սեփական պայմաններին, ինչպես նաև այդուհետ ստեղծարարությամբ դրանք զարգացնելով։ Եթե ԵՀՀ-ն որևէ գործունեություն է ծավալում, ապա այն ոչ միայն նրա համար է, որ շահառուները մասնակցեն և կրավորական կերպով օգուտ քաղեն, այլև որ ակտիվ կերպով հասկանան, թե ինչպե՛ս է այն իրականացվում, ինչու՛ հենց այդ ձևով, և ինչպե՛ս կարելի է անել նույն կամ նման բան՝ միևնույն կամ ավելի լավ արդյունքով։ Այսպիսով, շահառուներին առաջնորդ դարձնելը, ըստ ԵՀՀ-ի մոտեցման, սերտորեն կապված է շահառուներին և հաճախորդներին կրթող դարձնելու և փոխադարձաբար նրանցից սովորելու հետ։ Այս ռազմավարության առաջին քայլը ինքնախորհրդածության / ռեֆլեքսիայի մշակույթի արմատավորումն է։ Դրանից բացի, ԵՀՀ-ն շահառուներին է տրամադրում իր ներքին աշխատանքի համար ստեղծված օգտակար ալգորիթմները և բիզնես գործընթանցերը, ինչպիսիք են միջոցառումների կազմակերպման ալգորիթմը, ֆասիլիտացիայի հմտություններն ու կիրառուկները, թիմերի անդամների իշխանավորման ձևերը, դրամաշնորհների տրամադրման գործընթացը, կոնսորցիումների հետ աշխատանքը, տվյալների բազայի հատուկ ծրագիրը, ինստիտուցիոնալ հիշողությունը պահպանելու միջոցները, խմբագրական և հրատարակչական գործիքը և այլն։ Առաջնայնություն տրվում է այն ասպարեզներին, որոնց վերաբերյալ, ըստ ԵՀՀ-ի դիտարկումների, հասարակությունը չի ձևավորել ազդեցությունն ուժգնացնող արդյունավետ և հստակ ձևակերպված մեթոդներ։ Սովորաբար կազմակերպությունները, հատկապես Հայաստանում, չեն կենտրոնանում այդ խնդիրների վրա, մինչդեռ դրանք որոշիչ դեր են խաղում ծրագրերի արդյունավետության հարցում։ Այս գործիքներն այնուհետև դառնում են այլ կազմակերպություններին առաջարկվող ուսուցողական ռեսուրսներ։

ԵՀՀ-ի ռեսուրսները սահմանափակ են: Հասկանալով, որ միայնակ և նույնիսկ գործընկերների հետ միասին այն չի կարողանա բավարարել հասարակության կրթման և ուսուցման կարիքը, քանի դեռ պետությունն անվերջ ճգնաժամ է ապրում տասնամյակներ շարունակ, կրթական մոտեցումներն աշխարհով մեկ ճգնաժամի մեջ են, և, թեև հասարակության բոլոր անդամներն են գիտակցում կրթության բարեփոխման կարիքը՝ քչերն են ԵՀՀ-ի համախոհ և լավ պատկերացնում, թե դա իրականում ինչ է նշանակում, - ԵՀՀ-ն սահմանել է իր կրթական գործունեության երկու ռեալիստական նպատակ. ա. կոնկրետ օգուտ բերել նախ և առաջ իր շահառուներին և բ. մոդելավորել կրթական այնպիսի գործողություններ, որոնք ներունակ են ռեպլիկացվելու ավելի մեծ մասշտաբով: Եթե և երբ այլ կազմակերպություններ կամ պետությունը ցանկանան գնալ նույն ճանապարհով, նրանք կկարողանան օգտագործել ԵՀՀ-ի առաջարկած մոդելները: