Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) տեսլականն է նպաստել նրան, որ Հարավային Կովկասը կայանա որպես խաղաղ, հակամարտություններից զերծ և համագործակցող տարածաշրջան, և աչքի ընկնի քաղաքացիների ներգրավման բարձր մակարդակով, սոցիալապես պատասխանատու ձեռներեցութամբ ու կայուն, պատասխանատու և արդյունավետ հասարակությամբ:
ԵՀՀ առաքելությունն է հզորացնել մարդկանց` սոցիալական արդարության և տնտեսության ասպարեզներում էական փոփոխությունների հասնելու նպատակով, և իրականացնել կոնկրետ ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց բարելավել իրենց համայնքը և կյանքը:
ԵՀՀ–ն անկախ տեղական հիմնադրամ է դարձել 2007 թվականին։ Այն Եվրասիա հիմնադրամի «ժառանգ» կազմակերպությունն է: Հայաստանյան ԵՀՀ–ն ծրագրային, կազմակերպական և ֆինանսական առումներով անկախ տեղական հիմնադրամ է, որը ցանցային կապերով կապված է Եվրասիա հիմնադրամի ցանցի հետ և ռազմավարական համագործակցության մեջ է Եվրասիայի մյուս գրասենյակների, հատկապես Վրաստանի և Ադրբեջանի Եվրասիա համագործակցություն հիմնադրամների հետ. ԵՀՀ-ն իրականացնում է տարածաշրջանային և խաղարարարական ծրագրեր՝ որպես իր մանդատի կենտրոնական բաղադրիչ։
ԵՀՀ–ն իրականացնում է բազում լայնածավալ ծրագրեր հետևյալ հիմնական ուղղություններով
- Մարդու իրավունքներ և արդարադատական համակարգի ռեֆորմ
- Արդյունավետ կառավարում
- Խաղաղարարություն և հակամարտությունների տրանսֆորմացիա
- Քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացում և երիտասարդների ակտիվացում
- Քաղաքականությունների մշակում և ջատագովություն
ԵՀՀ-ն իր գործունեության շուրջ քսան տարիների ընթացքում կուտակել է ծրագրերի արդյունավետ իրականացման, դրամաշնորհային ծրագրերի կառավարման և Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ համագործակցության զգալի փորձ։
Մենք ձևավորել ենք ծառայությունների յուրահատուկ փաթեթ, որը թույլ է տալիս կազմակերպությունը բնորոշել որպես «մտագործող» («think and do tank») կառույց, որը մշակում և իրականացնում է ռազմավարություններ, միավորում է ցանցեր և կոնսորցիումներ, աշխատում է քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման, քաղաքականության հետազոտությունների և շահերի պաշտպանության, այլընտրանքային բովանդակություն ստեղծելու և խաղաղարարական գործընթացների կազմակերպման ուղիներով։
ԵՀՀ–ն մատուցում է բազմապիսի ծառայություններ.
- Քաղաքականության բարձրորակ վերլուծությունների պատրաստում և տարածում երեք լեզվով` հայերեն, անգլերեն և ռուսերեն,
- Հետազոտություններ և հարցումներ թե´ Հայաստանում, թե´ Կովկասում,
- Շահերի պաշտպանություն (policy advocacy), քննարկումների կազմակերպում և շահագրգիռ կողմերին արդյունքների իրազեկում, քարոզարշավների իրականացում,
- Ռազմավարական խորհրդատվություն և հանրային քննարկումներ,
- Հանրային կարևոր խնդիրներին վերաբերող հեռուստատեսային և առցանց քննարկումների, թոք շոուների, սոցիալական հոլովակների նկարահանում և հեռարձակում,
- Վավերագրական ֆիլմերի և մուլտերի արտադրություն և հեռարձակում,
- Առցանց հարթակների ստեղծում տեղեկատվության փոխանակման, ցանցային գործունեության և առցանց ուսումնառության համար,
- Գրքերի և այլ տպագիր ու էլեկտրոնային տեքստերի հրատարակում և տարածում,
- Հակամարտող կողմերի միջև երկխոսության կազմակերպում,
- Դրամաշնորհների տրամադրում մրցույթների միջոցով,
- Դասընթացներ երիտասարդների և համայնքների համար ծրագրերի կառավարման և ֆոնդահայթայթման վերաբերյալ,
- Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացում,
- Սոցիալական նորարարության ճամբարների կազմակերպում,
- Մտագործունեական կամ «Կրեատիվ խաղերի» կազմակերպում։ (տես անգլերեն տարբերակն այստեղ)