«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում իրականացվում է «Ցանցային համագործակցություն հանրային քաղաքականությունների բարելավման նպատակով» դրամաշնորհային ծրագիրը ՔՀԿ–ների՝ տվյալներով հիմնավորված հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներին աջակցելու նպատակով։
Հայաստանում քաղաքական վերջին փոփոխությունները և դրանց հաջորդած՝ թափանցիկության բարձրացման մասին կառավարության հայտարարությունները նոր հնարավորություններ են ստեղծել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ քաղաքականությունների մշակման գործընթացին ավելի արդյունավետ մասնակցություն ունենալու համար։
Այդ նպատակով անհրաժեշտ է ուժեղացնել ՔՀԿ–ների՝ տվյալներ ուսումնասիրելու, փաստերով հիմնավորված առաջարկություններ մշակելու, դրանք տարբեր շահագրգիռ կողմերին արդյունավետորեն հաղորդելու կարողությունները, ինչպես նաև բարելավել միջոլորտային համագործակցությունը քաղաքականությունների բարեփոխումների մշակման գործընթացներում։
ԴԱՏԱ ծրագիրը մրցութային կարգով ֆինանսավորել է ցանցային դրամաշնորհային ծրագրեր հինգ ոլորտներում։ Դրանց նպատակն է որոշակի ոլորտներում գործող քաղաքականությունների բարելավում կամ նոր քաղաքականությունների ձևավորումը։
Տվյալահեն քաղաքականությունների բարելավման յուրաքանչյուր փուլը պահանջում է ոլորտի կազմակերպությունների գործառույթային որոշակի մասնակցություն, ուստի ԴԱՏԱ դրամաշնորհային ծրագրերը իրականացվում են հետևյալ ՔՀԿ–ների կոնսորցիումային ցանցերով․
- «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրը իրականացնում է «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ն՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «Նոր հորիզոններ» ՀԿ-ի, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ-ի հետ համատեղ։ Ծրագիրը նախատեսում է. Բնապահպանության լուրջ խնդիրներ ունեցող մի շարք մարզերում, փորձագետների, համայնքների բնակիչների, մասնավոր, ՔՀԿ և ՏԻՄ մարմինների մասնակցությամբ, ստեղծվող գործիքակազմով քարտեզագրել, հետո գնահատել խնդիրների սոցիալ տնտեսական ազդեցությունը համայնքների վրա, քննարկել խնդիրների լուծման, մեղմացման, հանրայնացման գործողություններ և, դրանք ներառել ՏԻՄ ռազմավարություններում, որպես սոցիալ-էկոլոգիական ուժեղացված բաղադրի:
- «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագիրը իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական ՀԿ-ի հետ միասին: Ծրագրի շրջանակներում կոնսորցիումն ուսումնասիրելու է պետական գնումների համակարգի դժվարությունները, հատկապես «մեկ անձից գնումներ կատարելու» ընթացակարգը, տեխնիկական առաջադրանքները, դրանց հետ կապված կոռուպցիոն ռիսկերը և, բարելավելու է ՔՀԿ-ների կարողությունները` նույն բնագավառը հասկանալու, վերահսկելու նպատակով։ Կոնսորցիումը պատրաստելու է ոլորտի բացերի նվազեցմանն ուղղված առաջարկություններ և աշխատելու է դրանց հանրայնացման ուղղությամբ։
- «Հոգեկան առողջության իրավունքահեն քաղաքականությունը՝ որպես ուղենիշ» ծրագիրն իր ականացնում են ‹‹Հանրային քաղաքականության ինստիտուտ›› ՀԿ-ն, «Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն» ՀԿ-ն, «Առողջապահության քաղաքականության և նորարարութան կենտրոն» ՀԿ-ն և «Ջերմիկ անկյուն» հիմնադրամը համատեղ։ Կոնսորցիումը ստեղծելու է ոլորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցանց, նրանց օգնությամբ ուսումնասիրելու է հոգեկան առողջության ոլորտի շահառուների պաշտպանվածությունը, իրավունքների տեսակետից, պատրաստելու է առաջարկություններ դրանց բարելավման ուղղությամբ։
- «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագիրը («ՊրոՓաբլիկ») իրականացնում են «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, Գորիսի մամուլի ակումբի և «Ծիածան» Առաջնորդների Կրթական Կենտրոնի հետ։ Ծրագիրը նախատեսում է Սյունիքի մարզի խնդիրների քարտեզագրում` ըստ մարդու անվտանգության միջազգայնորեն ընդունված գործոնների և ցուցանիշների, և, մի շարք թիրախ համայնքների և ոլորտային պատասխանատուների հետ համատեղ, պատրաստել և ՏԻՄ ռազմավարություններ ներմուծել անվտանգ ապրելու իրավունքի իրացմանն ուղղված ռազմավարական գործողությունների պլան։
- «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացը աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագիրը իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ «Պրիզմա» հետազոտական ընկերության, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-, «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։ Կոնսորցիումը` պետական, գործարար, ՔՀԿ ոլորտների և քաղաքացիների հետ լայնամասշտաբ քննարկումների և հետազոտությունների միջոցով, քննելու է աշխատանքային պայմանագրերի կնքման խոչընդոտներն ու առավելությունները, դրանց հանրայնացման միջոցով, պատրաստելու է առաջարկություններ`գործատու-աշխատող աշխատանքային հարաբերությունների իրավակարգավորումները բարելավելու ուղղությամբ։
Որպեսզի ՔՀԿ–ների առաջարկած քաղաքականությունները լինեն հիմնավորված և վստահելի, դրանք պիտի առնվազն ընդգրկեն հետևյալ գործառույթային արժեշղթան.
- Հիմնախնդրի բացահայտում կամ քննարկում համայնքային կազմակերպությունների, շահառու խմբերի մասնակցությամբ,
- Հիմնախնդրի հետազոտությունխ տվյալների հավաքագրում կամ վերլուծություն հետազոտական կազմակերպությունների աջակցությամբ,
- Տվյալներով հիմնավորված առաջարկությունների մշակում վերլուծական (think tank) կազմակերպությունների հետ համագործակցությամբ,
- Խնդիրների, առաջարկությունների հանրայնացման, հաղորդակցության գործողություններ՝մեդիա ոլորտի կազմակերպությունների աջակցությամբ,
- Պետական կառավարման մարմինների հետ թիրախավորված աշխատանք, առաջարկությունների՝ ընդհուպ մինչև օրենսդրական օրակարգ ներմուծելուն ուղղված աշխատանքներ։
***
ԴԱՏԱ ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։
Սույն նախաձեռնությունն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և ներկայացված բովանդակությունը միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: