‹‹Հանրային քաղաքականության ինստիտուտ›› ՀԿ-ն, «Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն» ՀԿ-ն, «Առողջապահության քաղաքականության և նորարարութան կենտրոն» ՀԿ-ն, «Ջերմիկ անկյուն» Հիմնադրամը համատեղ իրականացնում են «Հոգեկան առողջության իրավունքահեն քաղաքականությունը՝ որպես ուղենիշ» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որը մեկնարկել է 2021 թ. հունիսին և տևելու է մեկ տարի: Ծրագիրն իրականացվում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ԴԱՏԱ ծրագրի գործընկերների կողմից։
Ծրագիրը շեշտադրում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց՝ անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը:
Ծրագրի նպատակն է՝ աջակցել ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտում փոքր տների և հարակից ծառայությունների համակարգի ներդրման փաստահեն քաղաքականության ձևավորմանը:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զգալի մասը դեռևս գտնվում է խնամքի և հոգեբուժական հաստատություններում՝ մեկուսանալով համայնքից և զրկվելով որոշումներ կայացնելու հնարավորությունից: Բացի այդ, ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտի քաղաքականության մշակման գործընթացը մասնակցային և հետազոտահեն չէ:
- Ծրագրի առաջին փուլում ստեղծվելու է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պաշտպանության ցանց՝ որպես շահագրգիռ կողմերի համագործակցության հարթակ: Ցանցը հնարավորություն է տալու մոբիլիզացնել ռեսուրսները՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և շահագրգիռ կողմերի ձայնը լսելի դարձնելու, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության վրա ազդեցություն գործելու, իրավունքների և շահերի պաշտպանություն իրականացնելու նպատակով:
- Ծրագրի երկրորդ փուլում մշակվելու է ուղեցույց-գործիքակազմ, որը նպաստելու է հոգեկան առողջության ոլորտում փաստահեն հետազոտություն և ջատագովություն իրականացնելուն: Ուղեցույց-գործիքակազմը կիրառվելու է ինչպես Ծրագրի գործողություններում ու հետազոտություններում, այնպես էլ՝ Ծրագրի ավարտից հետո՝ յուրաքանչյուր շահագրգիռ դերակատարի կողմից: Ուղեցույց-գործիքակազմի կիրառման կարողությունները զարգացնելու նպատակով կազմակերպվելու է եռօրյա աշխատաժողով՝ քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ կազմակերպությունների, հետազոտողների և իրավապաշտպանների համար: Աշխատաժողովի արդյունքներով ընտրված 3 մասնակիցներ, մենթորության միջոցով, կիրականացնեն կարճաժամկետ հետազոտություններ՝ ստացած գիտելիքներն ու կարողություններն ամրապնդելու և կիրառելու նպատակով:
- Ծրագրի հաջորդ փուլում կիրականացվի ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց փոքր տների և այդ մոդելի լայնամասշտաբ կիրառության հնարավորությունների վերաբերյալ հետազոտության, որի վերջնանպատակը քաղաքականության բարելավումն է:
Հետազոտության և Ծրագրի այլ արդյունքները հանրայնացվելու են տեսանյութերի հարցազրույցների, մուլտիմեդիանյութերի միջոցով: Մայրաքաղաքում և մարզերում իրականացվելիք հանդիպում-քննարկումների շնորհիվ դրանք հասանելի կդառնան շահագրգիռ կողմերին, պատասխանատու կառույցներին և հանրության լայն շերտերին:
Այսպիսով, Ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել շահագրգիռ կողմերի համագործակցության հարթակ, բարձրացնել թեմայի հանդեպ հանրային հետաքրքությունը, մշակել գործիքակազմ՝ աջակցելու ոլորտային հետազոտությունների իրականացմանը, ներկայացնել հետազոտահեն առաջարկություններ՝ ոլորտային քաղաքականությունը բարելավելու նպատակով:
Հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ՝ դիմելով ‹‹Հանրային քաղաքականության ինստիտուտ››-ի սոցիալական և հոգեկան առողջության ոլորտի ծրագրերի համակարգող Գոհար Խաչատրյանին՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով +374 60 54 18 47 հեռախոսահամարով։
***
Ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն ‹‹Հանրային քաղաքականության ինստիտուտ›› ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները: