penarmconf

Անդրադառնալով ՓԵՆ Հայաստանի «Գրամոքում» ծրագրի շրջանակներում անցկացված համաժողովին

Հոկտեմբերի 21-ից 23-ը Հայաստանի ՓԵՆ կենտրոնը «Գրամոքում» նախագծի շրջանակներում համագործակցելու նպատակով հրավիրել էր գրադարանավարների։

Գրականության, գրադարանների և տեքստերի միջոցով վերջին տարիներին հանրային անկումային տրամադրությունները մեղմելու նպատակով ՓԵՆ կենտրոնը դեռ իր 2022 թվականի տարեկան ժողովին հատուկ անդրադարձել էր գրադարաններին եւ գրադարանավարներին՝ կարևորելով նրանց վերապատրաստման և գրադարանային ֆոնդերի թիրախային համալրման ծրագրի կարևորությունը։

ՓԵՆ կենտրոնն իրականացնում է «Գրամոքում» ծրագիրը, որի շրջանակում հոկտեմբերի 21-23-ը Աղվերանում հավաքվել էին Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի և Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցներ, «ՓԵՆ» կենտրոնի անդամները, գրականությամբ և հատկապես՝ «գրական թերապիայով» հետաքրքրվողները։ Աղվերանում կայացած հանդիպումը, մասնավորապես, նպատակ ուներ մշակել ծրագրեր, որոնց միջոցով գրադարանները կհամալրվեն մարդասիրական գրականությամբ՝ ձգտելով արվեստի և գրականության միջոցով նվազեցնել հանրության շրջանում տրավմայի խորության աստիճանը։ ՓԵՆ-ի կանոնադրությունը շեշտում է, որ «Գրականությունը սահմաններ չի ճանաչում և պետք է մնա համընդհանուր արժեք ժողովուրդների համար՝ անկախ քաղաքական կամ միջազգային վայրիվերումներից»։ Իսկ այս համատեքստում գրադարանները դիտվում են որպես ապահով և ներառական տարածքներ։

«Գրամոքումը» նպատակ ունի հանրության շրջանում մեղմելու տրավմայի դրսևորումները, հակապատերազմական, խաղաղասիրական, հարևան ժողովուրդների մարդասիրական թարգմանական գրականությունը տարածելու  և հանրությանը հասանելի դարձնելու միջոցով:

 

***

«Գրամոքում» նախագիծն իրագործվում է «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Ավելին